ՀԱՅԸ ԵՎ «ՀԱՅԸ»
Անտոնիո Մոնտալտո Կառույց 19-րդ դար Կառույցի ներքին բակ Վերականգնված հատված Այս համեմատությունը Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև որևէ միտում չունի նժարի վրա դնելու հայի տեսակը, բայց փաստը ստիպում է արձանագրել այն, ինչ կա: Շուրջ քսանութ տարի է, Անտոնիոն ապրում է Հայաստանում. Սպիտակի երկրաշարժ, Արցախ, Երևանի հնագույն շենքերից մեկի փրկության համար պայքար, Գյումրիում մի քանի ավերակված հուշարձան շենքերի երբեմնի հմայքն ու արժեքը վերականգնելու դժվարին ուղի, անընդմեջ բախումներ մեծ ու փոքր չինովնիկների հետ: Խեցեգործությունը Գյումրիում հնագույն պատմություն ունի, իսկ 2013թ-ից Սպիտակից խեցեգործության դպրոցը Գյումրի տեղափոխվեց, ազդարարեց արհեստների վերածնունդը մեր քաղաքում, որի նախանձախնդիրը նույնպես Անտոնիոն է: Գյումրին Անտոնիոյի համար առաջին հայացքից գեղեցիկ էր, բայց նաև փխրուն, հանդիպում պատմության հետ և թաքնված միստիկա, հանդիպման պահը` նուրբ, երակը` կտրված: Անտոնիոն որդեգրեց կոսմիկական մի ճշմարտություն. «բաց լինել, որպեսզի կարողանաս աշխատել մթության մեջ…»: Գյումրին աղետից հետո վայելել է Մխիթարյան միաբանության աբբահայր Ներսես Ներսեսյանի հոգևոր բարձր ներկայությունը: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, թե Անտոնիոն էլ նյութական մշակույթի փրկության հոգևոր հայրն է Գյումրիում: Հանգիստ, իմաստուն ու հարազատ մարդ, ով զարմանալիորեն հաշտ է իր դժվարին առաքելության հետ` փրկել Գյումրիի 17-19-դդ հուշարձան կառույցները հայ չինովնիկների ու «հարուստների» խաթարող ճիրաններից: |