Loading...

Articles

Լավագույն ֆուտբոլիստներ և… վատագույն մարզիչ

INTERFOOTBALL
Spokesperson:
INTERFOOTBALL
22:11, Thursday, 17 March, 2016
Լավագույն ֆուտբոլիստներ և… վատագույն մարզիչ

ՉԼ հերթական երկօրյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ INTERFOOTBALL-ի


    

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վերջին չորս հանդիպումները. կատալոնական «Բարսելոնան» ընդունել էր Լոնդոնի «Արսենալին», «Յուվենթուսը» հյուրընկալվեց Մյունխենի «Բավարիային», հոլանդական «ՊՍՎ Էինթհովենը» Մադրիդում մրցեց «Ատլետիկոյի» հետ, իսկ Ուկրանիայի մայրաքաղաքը ներկայացնող «Դինամոն» ուժերը չափեց «Մանչեսթեր Սիթիի» հետ:


    

«Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ մրցում էին «Դինամոն» և «Մանչեսթեր Սիթին», տեղի չունեցավ ոչ մի արտառոց բան, հակամարտության արդյունքը արդեն վճռված էր: Երկու թիմերն էլ խաղացին դժգույն ֆուտբոլ, արդյունքում խաղն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ երկու խաղերի արդյունքում քաղաքաբնակները հաղթեցին 3-1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին ՉԼ-ի քառորդ եզրափակչի ուղեգիր:

Երեքշաբթի օրվա մյուս խաղում, որտեղ մրցում էին «Ատլետիկո Մադրիդը» և «ՊՍՎ Էյնթհովենը» ևս գրանցվեց ոչ ոքի՝ 0-0 հաշիվը, և քանի որ նույն հաշիվն էր գրանցվել նաև Հոլանդիայում կայացած խաղում, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, ապա նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ: Ֆուտբոլային «վիճակախաղի» ժամանակ ավելի ամուր էին Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների նյարդերը: Սիմեոնեի գլխավորած թիմը արդյունքում հաղթեց 8-7 հաշվով՝ 3-րդ անգամ անընդմեջ նվաճելով ՉԼ-ի 1/4 եզրափակչի ուղեգիր:

Չորեքշաբթի օրվա խաղերը անհամեմատ ավելի գոլառատ ստացվեցին: «Բարսելոնան» սեփական հարկի տակ շանս չտվեց Լոնդոնի «Արսենալին» ՝ հաղթելով 3-1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Նեյամարը, Սուարեսը և Մեսսին՝ «Բարսելոնայից» և Մոհամմեդ Էլ Նենին՝ «Արսենալից»: Երկու խաղերի արդյունքում կատալոնացիները հաղթեցին 5-1 հաշվով և 9-րդ անգամ անընդմեջ նվաճեցին քառորդ եզրափակչի ուղեգիր:

Ինչպես և առաջին հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս ամենադիտարժանն ու դրամատիկը ստացվեց «Բավարիա» - «Յուվենթուս» հանդիպումը: Առաջին խաղակեսը թուրինցիները սկսեցին շատ ակտիվ. նախ Պոգբան բացեց խաղի հաշիվը, ապա Կուադրադոն կրկնապատկեց այն: Թվում էր, որ «Բավարիան» այլևս անզոր կլինի ինչ-որ բան փոխել, և հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի «ծեր սինյորան», բայց այդ մտքի հետ համաձայն չէր Խոսեպ Գվարդիոլան: Երկրորդ խաղակեսի միջնամասից հետո «Յուվեն» դադարեց խաղալ: Բավարիան Լևանդովսկու ջանքերով հաշվը դարձրեց 2-1, ապա աչքի ընկավ Մյուլերը՝ 2-2: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ «Բավարիան» կարողացավ վերջնականապես ծնկի բերել Ալեգրիի սաներին: Երկու րոպեի ընթացքում մյունխենցիները խփեցին երկու գոլ. նախ 108-րդ րոպեին աչքի ընկավ Տիագո Ալկանտարան, ապա խաղին վերջակետ դրեց «Յուվենթուսի» նախկին խաղացող Կինգսլի Կոմանը:


    

Այս շաբաթ ևս INTERFOOTBALL-ը կազմեց վերոնշյալ չորս հանդիպումների խորհրդանշական հավաքականը, ինչպես նաև 10 բալանոց սանդղակով գնահատեց այդ հավաքականում հայտնված ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:


    

Դարպասապահ

Յան Օբլակ - 8/10 («Ատլետիկո» Մադրիդ) - Սովորաբար հետխաղային 11 մետրանոցների ժամանակ յոթ գոլ բաց թողած դարպասապահները չեն հայտնվում որևէ խորհրդանշական հավաքականում, սակայն այս անգամ Յան Օբլակը բացառություն կազմեց: Մադրիդցիների հիմնական դարպասապահը իրեն գերազանց դրսևորեց խաղի ողջ ընթացքում՝ 120 րոպե անառիկ պահելով սեփական դարպասը: Ինչպես նաև պետք է նշել, որ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ Օբլակը գուշակեց գրեթե բոլոր հարվածների ուղղությունը, բայց որսալ դրանք չհաջողվեց:


    

Պաշտպաններ

Ժեֆրե Բրումա - 7.5/10 (ՊՍՎ) - 24-ամյա հոլանդացի պաշտպանը անցկացրեց գրեթե անսխալ հանդիպում, ընդհանուր առմամբ շատ վստահ գործեց ամբողջ խաղի ընթացքում, բացառությամբ Ֆերնանդո Տորեսի հետ դրվագում, երբ Բրումայի սխալից հետո Տորեսը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, բայց չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Ինչպես նաև Յեֆրեն հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Ալեքսանդր Դրագովիչ - 7/10 («Դինամո» Կիև) - Ավստրիայի հավաքականի պաշտպանը քաղաքաբնակների դեմ խաղում գործեց շատ հանգիստ, մեծ դժվարություններ ստեղծեց Պելեգրինիի հարձակվողների համար՝ թույլ չտալով նրանց հարվածային դիրքերում հայտնվել: Մեծ հաշվով Դրագովիչի լավ խաղը կապված էր այն փաստի հետ, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մոտ մոտիվացիայի պակաս էր նկատվում, սակայն, այնուամենայինիվ, Ալեքսանդրը ՉԼ-ի այս շաբաթվա լավագույն պաշտպաններից մեկն էր:

Խունաֆրան 7.5/10 («Ատլետիկո» Մադրիդ) - Խուանֆրանը շատ ակտիվ էր ողջ խաղի ընթացքում, կարողացավ վերահսկել իր եզրը՝ թույլ չտալով մրցակցին ստեղծել վտանգավոր պահեր: Խուանֆրանի փոխանցումների ճշգրտությունը այս խաղում կազմել էր 83 տոկոս, ինչը պաշտպանի համար բավականին լավ ցուցանիշ է: Եվ, իհարկե, չմոռանանք, որ հենց Խուանֆրանը հստակ իրացրեց ատլետներին հաղթանակ պարգևած 11 մետրանոց հարվածը:

Խավիեր Մասկերանո 7.5/10 («Բարսելոնա») - Այլևս զարմանալի չէ արգենտինացի կիսապաշտպանին կենտրոնական պաշտպանի դիրքում տեսնելը, ավելին՝ այս դիրքը արդեն Մասկերանոյի համար դառնում է հիմնական: Եվ «Արսենալի» դեմ խաղում հերթական անգամ Խավիերը ապացուցեց իր բարձր կարգը՝ համարյա զրկելով զինագործներին վտանգավոր պահեր ստեղծելու հնարավորությունից:


    

Կիսապաշտպաններ

Պոլ Պոգբա - 8.5/10 («Յուվենթուս») - Ֆրանսիացի կիսապաշտպանը վերջին շրջանում անընդհատ ենթարկվում էր սուր քննադատության անշուք խաղի համար: Արդարության համար պետք է նշել, որ քննադատողները չէին սխալվում, Պոգբան շատ թույլ հանդիպումներ էր անցկացնում մեկը մյուսի հետևից: Բայց «Բավարիայի» դեմ խաղը այդ հանդիպումների շարքին չդասվեց, Պոգբան սկսեց խաղը շատ ակտիվ և այդ ակտիվությունը գոլի վերածվեց արդեն խաղի 5-րդ րոպեին:

Մոհամեդ էլ Նենի - 7.5/10 («Արսենալ») - «Արսենալի» նորեկ եգիպտոսցի կիսապաշտպան Էլ Նենին շատ համարձակ խաղ ցուցադրեց կատալոնացիների դեմ: Չնայած «Բարսելոնայի» հսկայական խաղային առավելությանը, Մոհամեդը այն եզակիներից մեկն էր, ով փորձում էր ինչ-որ բան ստեղծել մրցակցի կիսադաշտում, արագություն, տեխնիկա, խաբսեր. սրանք Էլ Նենիի որակներից են, որոնք նա փորձեց ցուցադրել «Նոու Կամպում»: Արդյունքում հենց Էլ Նենին կարողացավ խփել «Արսենալի» հեղինակության գոլը կապտանռնագույնների դեմ երկու դիմակայություններում:

Սամի Խեդիրա - 8.5/10 («Յուվենթուս») - Գերմանացուն բաժին էր հասել «սևագործի» աշխատանքը «Բավարիայի» դեմ խաղում, ինչը գերմանացին կատարեց բավականին լավ, նույնիսկ մասնակցություն ունեցավ թուրինցիների առաջին գոլին: Սակայն 68-րդ րոպեին Ալեգրիի թեթև ձեռքով փախարինվեց, ինչից հետո գերմանական թիմը սկսեց գերիշխել դաշտի կենտրոնում, ինչի արդյունքում էլ հասավ վերջնական հաջողության:


    

Հարձակվողներ

Ալվարո Մորատա - 9, 5/10 («Յուվենթուս») - Երիտասարդ իսպանացի հարձակվողը փայլուն խաղ ցուցադրեց: Սկսեց թիմի երկրորդ գոլային գրոհը սեփական տուգանայինի մատույցներից՝ շրջանցելով մրցակցի բոլոր պաշտպաններին, կատարեց գոլային հրաշալի փոխանցում: Ինչպես նաև գրավեց մրցակցի դարպասը շատ գեղեցիկ ձևով, բայց եզրային մրցավարը անհասկանալի կերպով խաղից դուրս վիճակ տեսավ այդ դրվագում: Իսկ Ալեգրին, ինչպես և Խեդիրայի պարագայում, անհասկանալի պատճառներով փոխարինեց Մորատային:

Թոմաս Մյուլլեր - 8/10 («Բավարիա») - Մյուլլերը «Յուվենտուսի» դեմ խաղն անցկացրեց իրեն բնորոշ մակարդակի վրա. արտաքուստ հատկապես առաջին խաղակեսում կարծես ստվերում էր, սակայն կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում ընդհանրապես շատ ակտիվ հանդիպում անցկացրեց: Մյուլլերը նաև կատարեց գոլային փոխանցում Տիագո Ալկանտարայի ուղղությամբ՝ այդպիսով կերտելով Մյունխենյան թիմի հաղթանակը:

Լուիս Սուարես - 8.5/10 («Բարսելոնա «) - Ուրուգվայցի հարձակվողը խաղաց այնպիսի ֆուտբոլ, որ դժվար էր նրա խաղում որևէ թերություն գտնել: Նախ 18-րդ րոպեին մաթեմատիկական ճշգրտության գոլային փոխանցում կատարեց Նեյմարի ուղղությամբ, ապա 1-1 հաշվի ժամանակ աներևակայելի գեղեցիկ գոլ խփեց՝ առաջ մղելով կատալոնական թիմին: Ընդհանուր առմամբ, նա ամենաակտիվներից մեկն էր դաշտում, անընդհատ լարվածության մեջ էր պահում զինագործների պաշտպաններին:


    

Այս անգամ Interfootball-ը որոշեց չառանձնացնել ՉԼ-ի շաբաթվա լավագույն մարզչին և վատագույն ֆուտբոլիստին: Փոխարենը կանդրադառնանք, մեր վարկածով, այս շաբաթվա ՎԱՏԱԳՈՒՅՆ ՄԱՐԶՉԻՆ՝ Մասիմիլիանո Ալեգրիին:

Իտալացի մասնագետը հիանալի կերպով տրամադրել էր Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստներին «Ալիանզ արենայում» կայանալիք դիմակայությանը, ինչը արտացոլվեց 1-ին խաղակեսում, որից հետո «ծեր սինյորան» հաղթում էր 2-0 հաշվով: Բայց ահա 2-րդ խաղակեսում Ալեգրին սեփական ձեռքերով փչացրեց իր թիմի խաղը՝ կատարելով երեք անհասկանալի փոփոխություն: Իտալացին դաշտից դուրս բերեց խաղի երեք ամենաակտիվ ֆուտբոլիստներին՝ Մորատային, Խեդիրային և Կուադրադոյին, ինչից հետո «Յուվենթուսի» խաղը խամրեց, քանի որ դաշտում չէր ոչ դաշտի կենտրոնը լիովին վերահսկող Խեդիրան, ոչ մրցակցի պաշտպաններին անդադար լարված պահող Մորատան, ոչ էլ նրանց կապող օղակը՝ Կուադրադոն: Արդյունքում՝ ընդհանուր 4-6 հաշվով պարտություն, և քառորդ եզրափակչում է Մյունխենի «Բավարիան»:


    

Վերջում հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա վաղը՝ մարտի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում, Երևանի ժամանակով 15: 00-ին: Վիճակահանությունը լինելու է «կույր», այսինքն՝ միմյանց կարող են հանդիպել ցանկացած, ներառյալ՝ նույն երկիրը ներկայացնող թիմերը:


    

Հեղինակ՝ Մհեր ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3283 | 0 | 0
Facebook