Loading...

Articles

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՆՐԱՆՔ ԷԻՆ

INTERFOOTBALL
Spokesperson:
INTERFOOTBALL
20:30, Thursday, 10 March, 2016
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՆՐԱՆՔ ԷԻՆ

Չեմպիոնների լիգայի խաղային երկօրյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ INTERFOOTBALL-ի
     (8-9 մարտի)

Կայացան Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին չորս պատասխան հանդիպումները. Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց ֆրանսիական «ՊՍԺ» -ին, Պորտուգալիայի չեմպիոն «Բենֆիկան» հյուրընկալվեց Ռուսաստանի չեմպիոն՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ուժերը չափեցին Մադրիդի «Ռեալը» և «Ռոման», իսկ Գերմանիայում «Գենտը» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին»: INTERFOOTBALL-ը կրկին կազմել է խաղային այս շաբաթվա խորհրդանշական հավաքականը և գնահատել դաշտում ֆուտբոլիստների գործողությունները 10 բալանոց սանդղակով.

Դարպասապահ
     Կեյլոր Նավաս- 8.5/10 («Ռեալ» Մադրիդ) - Նավասը այս անգամ ևս շատ վստահ գործեց «Ռոմայի» դեմ խաղում, անառիկ պահեց սեփական դարպասը, կատարեց 5 ֆանտաստիկ սեյվ՝ այդպիսով անցկացնելով իր 6-րդ չոր հանդիպումը ՉԼ-ի այս տարվա խաղարկությունում, գերազանցելով Էդվին Վան դեր Սարի՝ «Այաքսում» սահմանած ռեկորդը: Նավասը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի կողմից ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Պաշտպաններ
     Պեպե- 8.5/10 («Ռեալ» Մադրիդ) - Մադրիդցիների փորձառու պաշտպանն անցկացրեց փայլուն հանդիպում: Պայքարում էր յուրաքանչյուր գնդակի համար, գրեթե բոլոր դեպքերում հաղթող էր դուրս գալիս 2-րդ հարկում մղվող պայքարում: Ինչպես նաև Պեպեն ակտիվորեն միանում էր «Ռեալի» գրոհներին, կատարում ճշգրիտ փոխանցումներ:
     Ռոբին Նոչ- 7.5/10 («Վոլֆսբուրգ») - 23-ամյա գերմանացի պաշտպանը Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշել էր «Գենտի» դեմ առաջին խաղում, իսկ արդեն պատասխան խաղում նա «գայլերի» պաշտպանության առաջատարն էր: Ռոբինը սույն խաղում ոչ միայն փակում էր կենտրոնական պաշտպանի դիրքը, այլ նաև հարկ եղած դեպքում օգնում էր եզրային պաշտպաններին և հենակետային կիսապաշտպանին:
     Էլիզեու Պերեյրա- 7.5/10 («Բենֆիկա») - Էլիզեուն, ինչպես «Զենիթի» դեմ առաջին խաղում, այնպես էլ պատասխան հանդիպման ընթացքում շատ ակտիվ էր ամբողջ 90 րոպեների ընթացքում, անընդհատ միանում էր գրոհներին, կատարում սուր փոխանցումներ, միաժամանակ հասցնում էր թույլ չտալ մրցակցին վտանգավոր պահեր ստեղծել գրոհի աջ եզրում:
     Սեզար Ազպիլիկուետա - 7/10 («Չելսի») - Իսպանացի պաշտպանը, չնայած «ՊՍԺ» -ից կրած պարտությանը, իրեն լավ դրսևորեց այս խաղում, հաճախ էր միանում գրոհներին, հարվածում էր դարպասին՝ լարվածության մեջ պահելով ֆրանսիական թիմի պաշտպաններին: Իսկ բաց թողած երկու գոլերի ժամանակ էլ նա «մեղք» չուներ:

Կիսապաշտպաններ
     Կառլոս Կազեմիրո-8/10 («Ռեալ» Մադրիդ) - Երիտասարդ բրազիլացի հենակետային կիսապաշտպանը աստիճանաբար դառնում է «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, քանի որ յուրաքանչյուր խաղում ապացուցում է Զիդանին, որ Մադրիդին անհրաժեշտ է քանդող կիսապաշտպան: «Ռոմայի» դեմ խաղում ևս Կազեմիրոն աչքի ընկավ դրական կողմերով՝ թույլ չտալով մրցակցի ֆուտբոլիստներին արագ անցնել դաշտի կենտրոնը: Ինչպես նաև իր վստահ գործողություններով Մոդրիչին և Կրոսին հնարավորություն տվեց գործել մրցակցի տուգանային հրապարակին ավելի մոտ:
     Ադրիան Ռաբիո - 8/10 («ՊՍԺ») - 20-ամյա Ռաբիոն համարվում է աշխարհի ամենախոստումնալից կենտրոնական կիսապաշտպաաններից մեկը: «Ազնվականների» դեմ խաղում Ադրիանը տպավորիչ խաղ ցուցադրեց, վազեց բոլորից շատ, ինչպես նաև 1-ին խաղակեսում նրա խփաщ գոլը սկիզբ դրեց «ՊՍԺ» -ի հաղթանակին:
     Նիկոլաս Գայտան - 9/10 («Բենֆիկա») - 27-ամյա արգենտինացին լավագույնն էր խաղադաշտում: Գայտանը խաղից առաջ հայտարարել էր, որ «Զենիթի» դեմ խաղը իր կյանքի կարևորագույն խաղերից մեկն է, և ինքը նվիրվելու է խաղին 200 տոկոսով: Նիկոլասը իր խոսքը պահեց և անցկացրեց գուցե և իր կյանքի լավագույն հանդիպումը՝ դառնալով նախ գոլի, ապա նաև՝ գոլային փոխանցման հեղինակ:

Հարձակվողներ
     Կրիշտիանու Ռոնալդու - 8.5/10 («Ռեալ» Մադրիդ) - Կրիշտիանուն վերջին հանդիպումներում դարձյալ սկսել է մեծ քանակությամբ գոլեր խփել: Ռոնալդուի հարվածներից խույս տալ չհաջողվեց նաև «Ռոմային» . Ռոնալդուի՝ ողջ խաղի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը ցանկալի արդյունք տվեց 63-րդ րոպեին: Այս խաղում Ռոնալդուն խփեց իր 13-րդ գոլը այս խաղարկությունում և 90-րդը՝ ՉԼ-ի բոլոր խաղարկություններում՝ իր հավերժական մրցակից Մեսսիից առաջ անցնելով 8 գոլով (Լեոյի հաշվին կա 82 գոլ, բայց հանուն արդարության պիտի նշենք, որ Մեսսին 2 մրցաշրջան պակաս է անցկացրել Կրիշտիանուից): Այս խաղում Ռոնալդուն կատարեց նաև գոլային փոխանցում՝ այդպիսով դառնալով նաև ՉԼ-ի ընթացիկ խաղարկության այս պահի լավագույն ասիստենտը:
     Զլատան Իբրահիմովիչ - 8.5/10 («ՊՍԺ») - Իբրահիմովիչը միշտ ուշադրության կենտրոնում էր ողջ խաղի ընթացքում, անընդհատ հարվածում էր դարպասին և պայքարում խաղադաշտի յուրաքանչյուր սանտիմետրի համար: Նրա ակտիվությունը 1-ին խաղակեսում հանգեցրեց կատարած գոլային փոխանցման, որից օգտվեց Ադրիան Ռաբիոն: Իսկ 2-րդ խաղակեսում Իբրան արեց այն, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում՝ հայտնվեց ճիշտ պահին՝ ճիշտ տեղում և գոլի վերածեց Անխել դի Մարիայի փոխանցումը:
     Լուկաս Վասկես 8.5/10 («Ռեալ» Մադրիդ) - Զիդանը վերջին խաղերում շատ հաճախ է փոխարինման դուրս բերում երիտասարդ կանտերանոյին: Լուկասը, այս անգամ ևս դուրս գալով փոխարինման, փոխեց հանդիպման ընթացքը: Նախ շրջանցելով մրցակցի երկու ֆուտբոլիստի՝ կատարեց գոլային փոխանցում Ռոնալդուին, ապա չորս րոպե անց սկսեց թիմի ևս մեկ գոլային գրոհը, որը շարունակեց Կրիշտիանուն և եզրափակեց Խամեսը:

Գլխավոր մարզիչ
     Զինեդին Զիդան («Ռեալ» Մադրիդ) - Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Զիդանը, իր առաջին քայլերն է կատարում, որպես մարզիչ: Զիզուի ամենակարևոր ձեռքբերումը հանդերձարանում հիանալի մթնոլորտ ապահվելն է, ինչի արդյունքն արտացոլվում է արդեն խաղադաշտում: «Ռոմայի» դեմ խաղում Զիդանը դաշտ էր դուրս բերել արքայական ակումբի մարտական կազմը, բացակայում էր միայն վնասվածք ունեցող Կարիմ Բենզեման: Զիզուի սաներին հաջողվեց վերահսկել խաղի ընթացքը, անառիկ պահել սեփական դարպասը և նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր: Զիդանը իր միջամտությունը ունեցավ այս խաղին՝ դաշտ դուրս բերելով Լուկաս Վասկեսին, ով իր անմնացորդ նվիրման շնորհիվ կերտեց «Ռեալի» հաղթանակը:

Շաբաթվա վատագույն ֆուտբոլիստ
     Միրալեմ Պյանիչ («Ռոմա») - 25-ամյա բոսնիացի կիսապաշտպանը «Սանտյագու Բեռնաբեու» էր եկել լավ հիշողություններով («Ռեալի» մարզադաշտում 2010 թվականին՝ խաղալով «Լիոնի» կազմում, Պյանիչը գրավել էր տանտերերի դարպասը՝ հենց այդ գոլի շնորհիվ դուրս թողնելով արքայական ակումբին հետագա պայքարից): Սակայն խաղի ընթացքը ցույց տվեց, որ Պյանիչը, մեղմ ասած, պատրաստ չէր այս հանդիպմանը: Նրա խաղում գերակշռում էր խոտանը, շատ էր կորցնում գնդակը, կատարում էր մեծ մասամբ սխալ փոխանցումներ: Այս ամենը տեսավ նաև Լուչիանո Սպալետին և առաջին խաղակեսից հետո փոխարինեց նրան և դաշտ դուրս բերեց Ուիլիամ Վայնկերին:

Հեղինակ՝ Մհեր Խուդավերդյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3002 | 0 | 0
Facebook