Loading...

Articles

ԱՆԿԵՂԾ ՈՒ ՋԵՐՄ ԶՐՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ

10:59, Monday, 30 November, 2015
ԱՆԿԵՂԾ ՈՒ ՋԵՐՄ ԶՐՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ


    

Օրերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հաճելի ու սպասված հանդիպում էր: Արդեն հարազատ դարձած օջախում հյուրընկալվել էին ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ու որդին՝ երգիչ Մայքլ Քոթանջյանը:

Երեկոն բացվեց արտիստի 70 ամյակի առիթով նկարահանված տեսաֆիլմի ցուցադրությամբ, որը դերասանի կյանքի յուրօրինակ հաշվետվությունն էր: Ֆիլմում Քոթանջյանը յուրատիպ հումորով պատմում է իր անցած ուղու մասին՝ մանուկությունից մինչև կայացած հայրիկ, սկսնակ ու փորձառու դերասան, իր խաղացած դերերի, մարմնավորած կերպարների մասին:

Երեկոյի ընթացքում Քոթանջյանը ներկայացրեց հումորային մանրապատումներ, մարմնավորեց տարբեր տարիներին խաղացած կերպարները, վերհիշեց իր խաղընկերներին, որոնց հետ երկար ճանապարհ է անցել՝ Մհեր Մկրտչյան, Արմեն Խոստիկյան, Կարպ Խաչվանքյան և ուրիշներ, հետաքրքիր դրվագներ պատմեց իր մասնակցությամբ հարյուրից ավելի ֆիլմերի նկարահանումից ու ներկայացումներից՝ «Սատանայի ջրաղացը», «Կախարդուհու յոթերորդ մատանին», «Կոմսուհի դը Մոնսորո», «Տղամարդիկ» և այլն: Հանդիսատեսը ունկնդիր եղավ տարբեր «Ռաֆայել Քոթանջյանների» երկխոսություններին: Զրույցը հանդիսատեսի հետ ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր Մայքլի երաժշտական գեղեցիկ կատարումներով՝ հին ու նոր երգերով:

Հայր և որդի Քոթանջյանների խոսքերով միշտ էլ հաճելի ու սպասված է հանդիպումը հանդիսատեսի հետ: Նրանք շնորհակալություն հայտնեցին ինչպես հանդիսատեսին, այնպես էլ արդեն հարազատ վայր դարձած օջախին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահին՝ մշտապես ջերմ հյուրընկալության համար:

Երեկոն եզրափակվեց Մայքլ Քոթանջյանի «Արտիստ» երգով՝ նվիրված հայրիկին՝ մեծ դերասան Ռաֆայել Քոթանջյանին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4179 | 0 | 0
Facebook