Loading...

Articles

Ձևն ու հոգին

20:19, Sunday, 26 July, 2015
Ձևն ու հոգին

(հատված)

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը` ձևը, և ներքին իմաստը` հոգին: Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է: Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում ու պաշտում, պաշտպանում են ձևը, առանց հասկանալու: Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում:

Եկեղեցի ասելով` գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը` եկեղեցի, բոլորովին այլ բան կնշանակի:

Նույնիսկ էն մոմերն էլ, որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով` պահում են միայն ձևը` անմիտ ու անխորհուրդ:

Հոգևորական ասելով` երկար շորեր են հասկանում ու երկար մորուք: Եվ եթե նա Ավետարանը փչացնի, ոչինչ, բայց եթե մորուքը խուզի, անշուշտ, մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ:

Քրիստոնեություն ասելով` Մկրտություն, Պատարագ, Պսակի ու թաղման, տնօրհներքի ու գերեզմանօրհներքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում:

Էսպես է պատահում և նոր գաղափարների հետ:

Ձև ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՜յ են մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը:


     Հովհաննես Թումանյան
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
3598 | 0 | 0
Facebook