Loading...

Articles

Գեղացի կամ գյուղացի լինելն ամոթ չի

00:39, Tuesday, 12 May, 2015
Գեղացի կամ գյուղացի լինելն ամոթ չի
    
Ես ապրում եմ գյուղում, արդեն 19 տարի: Անկեղծ ասած երբեք և ոչ մի տեղ չեմ փորձել թաքցնել այս փաստը և դրա համար երբևէ չեմ ամաչել: Սակայն քանիցս առնչվել եմ այն բանի հետ, թե ինչպիսին է քաղաքացու վերաբերմունքը գյուղացու նկատմամբ: Ասեմ, որ վատ և այն էլ շատ հաճախ: Նախօրոք ասեմ, որ բազմիցս հանդիպել եմ այնպիսի քաղաքացիների, որոնք տարբերություն չեն գտնում իրենց և գյուղացու անձի միջև, երբեք չեն վատաբանում նրան ու չեն ծաղրում: Այդպիսի մարդիկ իմ շրջապատում շատ կան, եթե դուք հիմա կարդում եք սա, հայտնեմ, որ այն, ինչ հիմա ասելու եմ Ձեզ չի վերաբերում: Ես Ձեզ տարբերում եմ, ու որպես առողջ դատողություն ունեցողների` անչափ հարգում: Այժմ սկսեմ շարադրել բուն ասելիքս՝ չչարաշահելով ձեր համբերությունը: Սկսեմ ամենագլխավորից, գեղացի և գյուղացի բառերի ինձ համար անհասկանալի տարբերությունից: Գյուղաբնակի համար սրանք նույն իմաստն են արտահայտում և, ի գիտություն ձեզ, որևէ վիրավորական բովանդակություն չեն պարունակում: Սակայն չեմ կարողանում հասկանալ ինչու՞ ամեն վատը բնութագրելու համար դուք օգտագործում եք գեղացի արտահայտությունը և մեծ բավականություն ստանում դրանից: Հաճախ են ինձ փորձել բացատրել, որ դրանք նույն իմաստը չունեն, դրա համար էլ ասում են: Հայտնագործություն: Միթե՞ դրանք նույն արմատից չեն կազմված: Ասեմ, որ եթե երկու տարբեր գյուղերի բնակիչներ հարցնելու լինեն միմյանց բնակության վայրը կասեն. «Ո՞ր գեղիցն ես», կամ կասեն. «Էսինչ մարդը էսինչ գեղացի ա» ու նա ընդհանրապես չի վիրավորվի, որովհետև դա ձեր ոսկեղենիկ լեզվով ասած նույն «Այս ինչ գյուղից է» արտահայտությունն է:
     Մի անգամ բախտ ունեցա զրուցելու մի հարգարժան քաղաքացու հետ, ում հետ ֆուրշետից էինք խոսում, ու նա զարմացած հարցրեց. «Ո՞նց, գյուղում էլ են հարսանիքին ֆուրշետ անում»: Այո իհարկե, պատկերացնու՞մ եք, զարմանալի է չէ՞: Տեսնես ո՞ր քաղաքացին է ֆուրշետի մշակույթը քաղաքից գյուղ բերել, աստված նրան հավերժական կյանք տա, օրհնվի նրա ծնվելու օրը:
     Դուք լսե՞լ եք, երբ քաղաքացին հրավիրվում է հարսանիք գյուղում: Դա նորմալ է: Աննորմալ են նրա ստացած տպավորությունները հարսանիքից: «Հարսանիքի էի, պալատկա էին կապել, ըտեղ էին անում», - ասում է ու փառ-փառ ծիծաղում: Իրազեկեմ հարգելիներս, որ գյուղացուն իր լիարժեք երջանկության համար ճոխ ու շքեղ բաներ պետք չեն:
     Ինչու՞ եք գյուղ ասելով անասնագոմ հասկանում, գյուղացի ասելով անփույթ ու հնաոճ հագնված մարդ պատկերացնում: Հա, հնաոճ ասացի հիշեցի, մի անգամ հենց մեր համալսարանում համակուրսեցուս հետ կանգնած էինք, որը, ի դեպ նշեմ, որ նույնպես գյուղից է: Մի փոքր հեռու հնաոճ շորերով մի աղջիկ տեսանք, միգուցե չհավատաք, բայց որևէ մեկնաբանություն չթողեցինք, բայց այ մեր կողքին նստած «հարգարժան», «զարգացած», «բարեկիրթ», «արտաքին շլացուցիչ տեսքով» տիկինը մի այսպիսի արտահայտություն արեց. «Ապոն գեղիցն ա՞», և փոշմանեց, ու այն էլ ոնց փոշմանեց: Բարի և կամեցող քաղաքացինե՛ր, լսեք աղաչանքս ու ասեք, ի՞նչ է մոդան, ո՞րն է քաղաքացու հագուստ համարվողը և ի՞նչ անել նորաոճ երևալու համար:
     Այս մասին դուք երևի չեք լսել, երևի չեք էլ պատկերացրել, բայց եթե անգամ գիտեիք ու մոռացել եք, ես չեմ զլանա ու համբերությամբ ձեզ մի բան կհիշեցնեմ: Այն հացը, որը դուք ուտում եք, գյուղացու մշակած ցորենից է, այն կաթնամթերքը, որն օգտագործում եք, գյուղացու պահած անասուններից է, հագուստը, որ հագնում եք, նորից ու նորից գյուղացու աշխաանքի արդյունքն է: Այստեղ թեկուզ փոքր ինչ կոպիտ, բայց տեղին մի մեջբերում անեմ, մոնղոլական առածն ասում է. «Ջրհորի գորտը ծովի մասին գաղափար չի ունենա»:
Անկեղծ ասած չեմ ուզում ձեզ նման վարվել և տեղի ու անտեղի վիրավորել ձեզ, բայց այս մեկը ևս չեմ կարող չասել: Անկախ իմ կամքից և դեպքերի բերումով շփվելով ձեզ հետ հասկացել եմ, թե դեռ որքան սովորելու ու ճանաչելու բան ունեք, հասկացել եմ` ովքեր են հոգով կովերի հետ և կովային հոգեբանությամբ մեծանում: Եվ այսքանից հետո ես՝ նվաստս, ուզում եմ ներողություն խնդրել իմ և բոլոր գյուղացիների անունից, որ մենք, գյուղից առաջին անգամ թատրոն գալով, չգիտենք մեզ ինչպես պահել, հազար ներողություն:
     Ներողություն եմ խնդրում նաև անսահման անկեղծությանս համար, բայց ինչպես ասում են՝ լավ դեղը դառն է լինում:
     Հրաժեշտ տալուց առաջ մի քանի տողով ներկայացնեմ այն ամենը, ինչ առկա է այն գյուղում, որտեղ ես ապրում եմ, գյուղի մասին ձեր պատկերացումները թարմացնելու համար:

    
Օձունում գործում է ութ արտադրամաս՝ խմորեղենի, խարտոցի, ծխախոտի, թեյերի, կաթնամթերքի, հացի, կահույքի, քարմշակման: Գործում է ավտոլվացման մեկ և ավտոսպասարկման երկու կետ, հյուրանոց, ռեստորան: Դե բնականաբար բուժամբուլատորիա, մշակույթի տուն, երկու դպրոց, երկու մանկապարտեզ, երաժշտական դպրոց, ասմունքի, կառատեի, նկարչության, երկու պարի խմբակներ: Կա հակակարկտային կայան: Գյուղի կենտրոնում կառուցվում է սուպերմարկետ: Գյուղի երկու գլխավոր փողոցներն ասֆալտապատ են և լուսավորված:
     Շնորհակալություն:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5490 | 0 | 0
Facebook