Loading...

Articles

Որտեղ լույսը գոյություն ունի, խավարն այնտեղ տեղ չունի. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

18:00, Tuesday, 19 August, 2014

Օձուն համայնքը դեռ վաղ շրջանից սրբավայր է ունեցել: Չնայած գյուղը եղել է և կա մեկաստվածյան պաշտամունքի կրող, այնուամենայնիվ այստեղ պարբերաբար այցելում են տարբեր կրոնական կառույցների ներկայացուցիչներ հոգեորսությամբ զբաղվելու համար:
     Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվն է 2006 թվականից: Ասում է, որ այսօր օձունաբնակների հոգևոր կարիքները բավարարված են, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում են աղանդավորական կառույցներ: «Իրենք գալիս են տարբեր նպատակներով, չեն ներկայանում: Մեկ էլ տեսնում ես գյուղում մի տուն վաճառվեց, որը գնել է ինչ-որ կրոնական կառույց: Հետո այդ կրոնական կառույցը վերածվում է իբր եկեղեցու և զբաղվում է ինչով պատահի», -ասում է Տեր Վրթանեսը:
     Աղանդավորական նման կառույցները իրենց խմբերի մեջ ներգրավում են երեխաների` առանց ծնողների գիտության: Երբեմն գրություն են ուղարկում ծնողին իր երեխային ճամբար տանելու համար, վերջինս առանց կարդալու ստորագրում է այն: Հաճախ այս կառույցները ներկայանում են որպես հայ առաքելական եկեղեցուն կից կառույցներ: «Եթե գյուղացիներն իմանան, թե տվյալ կառույցը ում կողմից և որտեղ է հիմնված, ով է ղեկավարում, ապա իրենց երեխաներին չեն վստահի նրանց, բայց իրենք այդ ամենը չեն ներկայացնում», - ասում է տեր հայրը:
     Օրերս Օձուն եկած մի կառույցի մասին Տեր Վրթանեսը պատմեց. «Իրենց հետևին կանգնած լսում էի նրանց խոսակցությունը: Ասում էին տեր հայրն էլ, գյուղապետն էլ տեղյակ են, մենք նրանց գիտությամբ ենք քարոզչությամբ զբաղվում: Հարցնում եմ «ինչպե՞ս եք նման բան ասում», հերքում են՝ ասելով մենք նման բան չենք ասել, կտրականապես հրաժարվում են իրենց խոսքից»: Մեկ այլ կառույցի հետ հանդիպման մասին էլ ասաց. «Ուզում էին գյուղում ճամբար հիմնել, գնացի, ասացի ի՞նչ կառույց եք, ձայն չեն հանում, ասում եմ ո՞վ է ձեր կառույցը հիմնել, որտե՞ղ, ձայն չեն հանում. վերջում պարզվեց հիմնվել է Թուրքիայում, որը զբաղվում է Արևմտյան Հայաստանում եկեղեցու պառակտմամբ»:
     Օձունում պատմականորեն որևէ տեսակի աղանդ չի եղել և այսօր էլ չկա, սակայն վերոնշյալ կառույցները ժամանակ առ ժամանակ համայնք ստեղծելու, գյուղի հոգևոր անդորրը խաթարելու փորձեր են անում, ինչը նրանց մոտ չի ստացվում: Իրենց քարոզչությունը փողոցում կամ տներ այցելելով են անում, գյուղում կայուն համայնք չունեն, ինչի շնորհիվ էլ գյուղացիները դրանց չեն անդամակցում, չեն հարում նման կառույցներին: Գյուղի ներսում հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են հովանավոր դառնալ և օգնել հոգեորսությամբ զբաղվողներին: Նրանց մասին տեր հայրն ասում է, որ բարոյազուրկ, նյութամոլ մարդիկ են: «Ընչաքաղցությունը հարուստներ և աղքատներ չի ճանաչում: Նրանց շարքերը փորձում են լրացնել միայն հոգևոր գրագիտության պակաս ունեցող, նյութական շահ հետապնդող մարդիկ», -հավելում է քահանան:
     «Մեր տարածաշրջանում որևէ կրոնական կառույց չի կարողանում հեգևորսությամբ հաջողել, որովհետև որտեղ լույսը գոյություն ունի, խավարն այնտեղ տեղ չունի» . գոհունակությամբ ասաց տեր Վրթանեսը:
     Ամեն կիրակի Օձունի եկեղեցում պատարագ է մատուցվում, ինչը հոգևոր բարեպաշտական մթնոլորտ է ստեղծել գյուղում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4526 | 0 | 0
Facebook