Loading...

Articles

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՎԱՌՎԱԾ» ԵԼՈՒՅԹԸ

12:31, Tuesday, 10 March, 2015
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՎԱՌՎԱԾ» ԵԼՈՒՅԹԸ
     «Իրավունքը» գրում է. «ՕԵԿ ղեկավար, նախկին ԱԽ քարտուղար, նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանը երեկ «Իրական հայացք» հաղորդաշարում անդրադարձավ Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերություններին: ՕԵԿ ղեկավարը հայտարարեց, որ իր համար այս ամենը սպասելի էր, և այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական պայքար էր, որի միջով անցել է նաև ՕԵԿ-ը 2006-2008թթ:

Արթուր Բաղդասարյանը ամեն գնով փորձում էր ապացուցել, որ 2006թ-ին ինքն է հրաժարական տվել ԱԺ նախագահի պաշտոնից, ոչ թե իրեն ստիպել են հրաժարական տալ, այսպես ասած, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխից «թռնելու» համար:

Հիշեցնենք` Արթուր Բաղդասարյանը 2006թ-ին արտերկրում գտնվելիս օտարալեզու թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի ապագան ոչ թե ՌԴ-ի, այլ ԵՄ-ի հետ է: Ռ. Քոչարյանը չէր կարող ներել Բաղդասարյանի այդ ինքնագլխությունը, հետևաբար Բաղդասարյանը իր թիմով պետք է հրաժարվեր իշխանության բարիքներից և դառնար ընդիմություն, իսկ հետագայում էլ՝ 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանից ձայներ փախցներ և դրանք վաճառեր իշխանությանը 30 արծաթի դիմաց:

ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների մասին խոսելիս ՕԵԿ ղեկավարը չէր կարող չանդրադառնալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Նամակում, ինչպես հայտնի է, ՀԱԿ առաջնորդն առաջարկում է ստեղծել Հայոց ցեղասպանության մասին շրջաբերական նոր ուղերձ կազմելու հանձնաժողով: Արթուր Բաղդասարյանի կարծիքով, եթե Լևոն Տեր-Պետոսյանը այդքան մտահոգված էր ցեղասպանության խնդրով, կարող էր այդ նամակը գրել ավելի շուտ, ոչ թե այդ լարված օրերին: Ավելին՝ Բաղդասարյանի համար զարմանալի է, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին դիմում «մեծարգո նախագահ» կոչմամբ: ՕԵԿ ղեկավարը, սակայն, չի ցանկանում շատ խոսել ու մեկնաբանել ՀԱԿ առաջնորդի հայտարարությունները՝ նրան համարելով կարծես թե սպառված քաղաքական գործիչ. «Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատում են մարդիկ՝ Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումանյանը, Արամ Զավենի Սարգսյանը, որոնք ժամանակին քննադատում էին ինձ»: Հետաքրքիրն այն է, որ Արթուր Բաղդասարյանը այս մարդկանց անունները կարծես հնչեցնում է առաջին անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի ելույթից հետո, երբ ՀԱԿ առաջնորդը կոդավորված է հնչեցնում վերոնշյալ մարդկանց անունները: Տպավորությունն այնպիսին է, որ Արթուր Բաղդասարյանը, հավանաբար, որոշել է բացել կոդերը` միաժամանակ արտահայտելով իր վիրավորվածությունը այդ մարդկանցից:

ՀՀ առաջին նախագահի մարտի մեկի ելույթում խոսվում է նաև այն մասին որ ՀԱԿ-ն է միայն այսօր ընդիմություն Հայաստանում: Բնականաբար, այս արտահայտությունը նախկին նախագահի սրտով չէր կարող լիներ, հետեւաբար ՕԵԿ առաջնորդը խորհուրդ է տալիս Տեր-Պետրոսյանին չսեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը:

Այս «քլնգոցներից» հետո Բաղդասարյանը սկսում է հանրությանն ուղղել իր մեղադրանք պարունակող խրատները, ասել, թե իչքան է իր ուշքը գնում մեր ժողովրդի համար. գիշերները չի քնում, մտածում է մեր քաղաքացիների բարեկեցության մասին: Հարց է առաջանում, երբ 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո նախագահի նախկին թեկնածուն իր քվեները վաճառում էր իշխանությանը, չէ՞ր մտածում հեղափոխության ակնկալիքով իրեն ձայն տված քաղաքացիների մասին: Բայց սրա պատասխանն էլ ունի Բաղդասարյանը: Կոկորդիլոսի արցունքներ թափելով՝ ՕԵԿ առաջնորդը մեղքը որոշ չափով բարդում է Տեր-Պետրոսյանի վրա՝ ասելով, որ նա իրեն դրել էր երկընտրանքի առաջ. «կամ միանում ես ինձ, կամ ես քեզ քաղաքականապես կոչնչացնեմ»: Արթուր Բաղդասարյանը մեղադրանքի սլաքներն ուղղում է դեպի քանդվող ԲՀԿ-ն՝ ասելով, որ նրանք մեկ ամիս առաջ հեղափոխություն էին անում, իսկ այսօր այլ բան են ասում: Նախկին ԱԽ քարտուղարին ցանկանում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ տարիներ առաջ «Օրինաց Երկիր-ը» փայլուն ընդիմություն էր խաղում, իսկ հետո դարձավ ...:

ՕԵԿ առաջնորդը, հետևելով իր «Դիմանկար» գրքի հերոս Տեր-Պետրոսյանի օրինակին, կոդավորված քննադատում է նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ հորդորելով մեր քաղաքացիներին գալիք ընտրություններում չքվեարկել տգիտության ու բազուկների օգտին:

Կուսակցության ղեկավարը չէր կարող չխոսել իր «փորացավի» ՝ վարչապետի պաշտոնի մասին, որն այդպես էլ իրեն բաժին չհասավ: Իր այդ տվայտանքները Բաղդասարյանը արտահայտում է կառավարության գործունեությունը քննադատելով: Արթուր Բաղդասարյանի համար զարմանալին այն է, որ գործադիր մարմնում կա նախարար, որը դեմ է Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը: ՕԵԿ ղեկավարին խորհուրդ ենք տալիս այդքան «դարդլամիշ» չլինել, քանի որ ինքը, երկու տարի առաջ լինելով ԱԽ քարտուղար, կողմ արտահայտվեց Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությանը: Մինչդեռ Արթուր Բաղդասարյանը 2006թ-ին այլ բան էր հայտարարում՝ Հայաստանի ապագան ոչ թե ՌԴ-ի այլ ԵՄ-ի հետ է: Տեղին է ժողովրդական ասացվածքը՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ թթու է: Իսկ ընդհանրապես Բաղդասարյանի երեկվա սրտաճմլիկ հարցազրույցը կարելի է որակել որպես ՕԵԿ առաջնորդի «վառված» ելույթ»:


    

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4103 | 0 | 0
Facebook