Loading...

Articles

Եվ նորից ձայնն` անդրշիրիմյան աշխարհից

21:59, Tuesday, 17 February, 2015
Եվ նորից ձայնն` անդրշիրիմյան աշխարհից

Բայց ո՜նց է Ռոբերտ Քոչարյանը «խփում» ԲՀԿ-ի գործին…

Ախր մարդիկ ամիսներով չարչարվում են, որ իրենց համար այնպիսի իմիջ ստեղծեն, որ իբրև թե Քոչարյանի հետ ոչ մի կապ չունեն: Ու կարծես թե գալիս է մի պահ, որ ոմանք սկսում են նաև հավատալ դրան: Եվ ամեն անգամ այդ պահին նորից լսվում է ձայնը՝ անդրշիրիմյան աշխարհից… Ու միանգամից հօդս է ցնդում ամիսների չարչարանքը. Քոչարյանը հերթական անգամ հասկացնում է, որ ԲՀԿ-ն իրենն է, իր վերադարձի համար է ճանապարհ հարթում, ինքն է ԲՀԿ-ի տանիքը, Ծառուկյանն էլ՝ իր պաշտպանյալը, հետևաբար և իր կամքը կատարողը: Եվ ամեն անգամ Քոչարյանի ելույթից հետո ԲՀԿ-ն պետք է սկսի իր իմիջի կերտումը նորից՝ զրոյից:

Մանավանդ՝ վերջին անգամ իմիջի կերտումը կարծես թե ստացվում էր. Ծառուկյանը ժողովրդական մարդու, առաջնորդի համբավ ձեռք բերելուց բացի, նաև առճակատման գնաց երկրի նախագահի հետ, իշխանափոխության բացահայտ կոչ արեց, մոբիլիզացիա հայտարարեց և, փաստորեն, կարող էր դառնալ արմատական ընդդիմադիր, բայց էլի այդ Քոչարյանը…

Ախր ո՞վ էր իրեն խնդրում՝ փաստաբանի դեր ստանձնի Ծառուկյանի ու ԲՀԿ-ի համար:

Հետաքրքիր է, այդ մարդը չի՞ հասկանում, որ ամեն անգամ իր ելույթով միայն վնասում է ԲՀԿ-ի հեղինակությանը, թե՞ հասկանում և հասկանալով է այդքանն անում: Երբեմն էլ տպավորություն է ստեղծվում, որ նախկին նախագահն այսպիսի հարցազրույցներով պարզապես քաղաքական անդրշիրիմյան աշխարհից ուզում է հիշեցնել իր մասին:
     Ժողովրդական մի այսպիսի ասացվածք կա, որ մարդն իսկապես մահանում է միայն այն ժամանակ, երբ դադարում են նրան հիշել: Այսինքն, դա կարող է լինել ինչպես ֆիզիկական մահվանից հետո, այնպես էլ ֆիզիկական մահվանից առաջ: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը վախենում է մահանալ կենդանության օրոք, վախենում է, որ իր մասին ընդհանրապես կմոռանան: Եվ նորից ու նորից հիշեցնում է իր մասին:

Կարեն Վարդանյան

Source: orer.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3012 | 0 | 0
Facebook