Loading...

Articles

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ Է...»

16:11, Tuesday, 17 February, 2015
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ Է...»
     ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ-ի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ-ին անդամագրվելուն: Ինչպես եւ սպասելի էր, նախկին պաշտոնյան Գագիկ Ծառուկյանի գովքն արեց` ասելով. «Ես ինչու եմ գնահատում Գագիկ Ծառուկյանին: Այս մարդն ամեն ինչ ունի կյանքում, հարուստ մարդ է ինքը եւ իմանալով` ում հետ գործ ունի, այդ ամեն ինչը մի կողմ դրած՝ եկել կանգնել է ժողովրդի կողքին: Հիմա որոշում են, թե ոնց պախարակեն, ոնց հերն անիծեն Գագիկ Ծառուկյանի, որովհետեւ համարձակվել է դեմ գնալ»:
    

Իսկ ահա ԲՀԿ-ից առնետավազքի մասին Գուրգեն Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Սա կրիզիս է, որի միջից ԲՀԿ-ն ավելի ու ավելի կայտառ, հզոր դուրս կգա՝ ճնշումներից հետո: Կազատվեն կասկածողներից եւ կմնան նրանք, ովքեր իրապես կուսակցական են»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ շարքերը անդամագրվելուն, ՍԴՀԿ-ի նախկին անդամը հստակեցրեց, որ ինքը դիմում չի գրել եւ չի մտել կուսակցություն. «Միայն ֆեյսբուքում եմ գրել եւ դրանով արտահայտել եմ իմ «ոչ» -ը Սերժ Սարգսյանի ելույթին»:

Ի դեպ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Գուրգեն Եղիազարյանը հրավիրում է բանավիճելու համաշխարհային գրականության ու հայոց պատմության մասին:

Հ.Գ. Գուրգեն Եղիազարյանի` ԲՀԿ-ամետ դիրքորոշում որդեգրելը ամենեւին էլ չպետք է զարմացնի, քանի որ ինչպես խոսոտվանեց ԱԱԾ նախկին պետի տեղակալը, Գագիկ Ծառուկյանը հարուստ մարդ է: Երկրորդ` ժամանակին` 2013 թ-ի ապրիլի 26-ին aysor.am-ին տված հարցազրույցում ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանն այսպես է բնորոշել Գ. Եղիազարյանին. «Բոլորին խորհուրդ կտամ հումորով վերաբերվել պարոն Եղիազարյանի ցանկացած ասածին: Ես արդեն չեմ հիշում այս քաղաքական դաշտում մի անձնավորության, ում Եղիազարյանը հայհոյած, ամբաստանած չլինի: Սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանով, ում անվանում էր մարդասպան, վերջացնենք Րաֆֆի Հովհաննիսյանով կամ Ռոբերտ Քոչարյանով: Այդ մարդը ոչ մեկի հետ երբեք յոլա չի գնացել և չի էլ գնա, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել, վերջում հայհոյել է: Վազգեն Մանուկյանի հետ էր մտերիմ, հիմա հայհոյում է, Վանոյին հայհոյում էր, հիմա պաշտպանում է, Քոչարյանի հետ էր մտերիմ, հիմա հայհոյում է: Ի դեպ, ցանկանում եմ հիշեցնել, որ Եղիազարյանը ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն եղած ժամանակ «նաև այլմոլորակայինների հետ էր փորձել կապ հաստատել»: Վարչության պետերին հավաքել և հանձնարարել էր աշխատել մի կնոջ հետ, ով ուղղակի կապ ուներ այլմոլորակայինների հետ: Թեթև վերաբերվենք վերջինիս»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3919 | 0 | 0
Facebook