Հայաստանի Հանրապետություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարաբերությունները 1991-2000 թթ.
ԱՌԱՋԱԲԱՆ Մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է (այսուհետև` ՌԴ), սակայն ԱՄՆ-ի, Եվրոմիության և ՆԱՏՕ-ի ազդեցության աստիճանական մեծացումն աշխարհում և մեր տարածաշրջանում մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուներին "հուշում է" ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնել այս զարգացումներին, իրենց կողմնորոշումներում որոշակի շտկումներ կատարել և ավելի սերտացնել հարաբերությունները Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ լավ, կարելի է ասել` բարեկամական հարաբերությունների մեջ է և այդ ընթացքում մեր երկրին շուրջ 1,8 մլրդ ԱՄՆ դոլարի անհատույց օգնություն է ցուցաբերել: Հայաստանի հանդեպ նրա հիմնականում հավասարակշռված և բարյացակամ քաղաքականությունն էականորեն նպաստել է շրջափակման պայմաններում անգամ մեր երկրի տնտեսական աճին և արտաքին բախումներից խուսափելուն: Ուսումնասիրությունը, որ ներկայացնվում է ձեր ուշադրությանը, անդրադարձ է այս գերտերության հետ մեր երկրի հարաբերություններին մինչև 2000 թ. և փորձ` կարևորելու այդ հարաբերությունների հետագա խորացումը նաև հետայսու: Սույն ուսումնասիրությանը հրատապություն է հաղորդում այն հանգամանքը, որ մեր անմիջական հյուսիսային հարևանը և Ադրբեջանը կողմնորոշվում են դեպի ՆԱՏՕ, որի անդամն է նաև Թուրքիան: Այստեղ փորձ է արվել, հաշվի առնելով մեր փոխհարաբերությունների առաջին տասնամյակի փորձը, ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները, հիմնավորել ԱՄՆ-ի հետ մեր հետագա մերձեցման անհրաժեշտությունն ու ներկայացնել այդ մերձեցման ծանրակշիռ նախադրյալները: Արծարծվող թեմայի վերաբերյալ եղել են հետազոտություններ, հրապարակվել են հիմնահարցին վերաբերող գիտական հոդվածներ, մենագրություններ, որոնցում լուսաբանվել են առանձին խնդիրներ, սակայն հիմնահարցն ամբողջական ուսումնասիրության չի ենթարկվել: Սույն աշխատությունն առաջիններից մեկն է, որ ամբողջության մեջ ընդգրկում է ուսումնասիրության առարկա ժամանակահատվածը և շրջանառության մեջ է դնում այդ պատմական փուլին վերաբերող արխիվային նյութեր: Բացի այդ, առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել քննության առնվող ժամանակաշրջանի մամուլում տպագրված բազմաթիվ արժեքավոր նյութեր, որոնք ըստ էության ունեն սկզբնաղբյուրի նշանակություն: |