Loading...

Articles

Իշխան Զաքարյանի գերշահութաբեր «բիզնեսը»

21:24, Thursday, 13 June, 2013
Իշխան Զաքարյանի գերշահութաբեր «բիզնեսը»

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ պատգամավորների ուշադրությանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Փաստաթուղթն արժանացել է Հայաստանի քաղաքական վերնախավի բուռն և սուր արձագանքին: Եվ դա բնական է. Իշխան Զաքարյանը պնդում է, որ քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում անցյալ տարվա բյուջետային միջոցների չարաշահումը կազմել է մոտ 70 միլիարդ դրամ: Եվ դա այն դեպքում, երբ Հանրապետության ողջ բյուջեն 2012 թվականին եղել է մոտ մեկ տրիլիոն:
     Իշխան Զաքարյանի հրապարակած տեղեկություններն, իհարկե, նախ և առաջ պետք է դառնան իրավապահ մարմինների քննության առարկա: Եվ այն փաստը, որ մինչ օրս Վերահսկիչ պալատի անցյալ տարվա հաշվետվությունը չի արժանացել նրանց ուշադրությանը, մտորումների տեղիք է տալիս: Բայց հիմա դրա մասին չէ, որ պատրաստվում եմ խոսել: Այն, որ Հայաստանում բյուջետային միջոցների չարաշահումները միշտ էլ ահռելի չափերի են եղել, հայտնի է բոլորին: Այս առումով, Իշխան Զաքարյանի «բացահայտումներն» ամենևին էլ հերոսություն չէին, ինչպես նա է ուզում ներակայացնել: Նրա զեկույցն ընդհանրապես հակակոռուպցիոն բնույթ չունի: Ավելին` Զաքարյանն ինքն է ՀՀ-ում արմատավորված կոռուպցիոն բուրգի հենասյուներից մեկը: Եվ, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, գողն առաջինն է բացականչում` բռնեք գողին:
     Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու՞ է Վերահսկիչ պալատի նախագահը հանդես գալիս նման «բացահայտումներով»: Ցավոք, մեր իրականության մեջ այս հարցն ամենևին էլ անտրամաբանական չէ: Չէ՞ որ անցյալ տարի նույնպես Իշխան Զաքարյանն աչքի ընկավ «հակակոռուպցիոն պայքարի» իր մշակած մեխանիզմներով: Այն օրվանից մինչ օրս, ինչպես նկատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՎՊ նախագահը կարողացել է ավարտին հասցնել ՊՆ հարևանությամբ գտնվող իր ավելի քան շքեղ առանձնատան շինարարությունը և անցնել նոր դղյակի կառուցմանը: Իսկ այն կոռումպացված պաշտոնյաները, որոնց չարաշահումները տեղ էին գտել 2011 թվականի զեկույցում, շարունակում են բարեհաջող պաշտոնավարել: Երևում է` 2012 թվականի «հարկերը» տեղը տեղին մուծել են…
     Այսօր Իշխան Զաքարյանի ուշադրության կենտրոնում նոր ոլորտներ և նոր մարդիկ են հայտնվել: Վերջինս հերոսի կեցվածքով հայտարարում է, որ չարաշահումներ է հայտնաբերել, բայց… այդ ամենին քրեական պատասխանատվություն չի հետևում: - Ինչու՞, - կարող է հարցնել միամիտ ընթերցողն` առանց մտածելու անգամ, որ Զաքարյանի պես փորձառու չինովնիկները իրենց «զոհերի» համար միշտ նահանջի ճանապարհ են թողնում: Միայն թե այդ «ծառայությունը» բավական թանկ արժե: Այնպես որ, պետք չէ զարմանալ Զաքարյանի դղյակների չափսերից: Հավատացեք` նրա ախորժակը շատ ավելի մեծ է:
     Ահա և ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մերօրյա ռահվիրան ընդամենը բիզնեսով է զբաղվում: Եկամտաբեր բիզնես, որը հիմնված է շանտաժի և դրամաշորթության վրա:
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3921 | 2 | 0
Facebook