Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Հոդվածներ

Պաղեստինցիների հետ հարաբերություններում փոխզիջումային քաղաքականություն համար վարչապետին սպանել են

21:50, հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ.
Պաղեստինցիների հետ հարաբերություններում փոխզիջումային քաղաքականություն համար վարչապետին սպանել են

1995 թվականի նոյեմբերի 4-ին սպանվել է Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը: Սպանությունը տեղի է ունեցել Թել Ավիվի Իսրայելի թագավորների հրապարակում, որտեղ անցկացվել է «Խաղաղությանը՝ այո՛, բռնությանը՝ ո՛չ» կարգախոսով հանրահավաք: Հանրահավաքի ավարտից հետո Ռաբինը մոտեցել է իր մեքենային, և այդ պահին Բար Իլան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 27-ամյա ուսանող և «Հրեական մարտական կազմակերպության» անդամ Իգալ Ամիրը կյանքի է կոչել իր որոշումը:

Ըստ պաշտոնական վարկածի՝ Ամիրը ժամը 21: 50-ին թիկունքի կողմից մոտեցել է Ռաբինին և «Բերետտա» ատրճանակով երկու անգամ կրակել է նրա վրա: Արձակած երրորդ գնդակը վիրավորել է վարչապետի թիկնապահին: Ամիրին տեղում ձերբակալել են, իսկ 73-ամյա Ռաբինին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա վիրահատությունից հետո մահացել է (23: 30-ին): Ընդ որում սպանության գիշերը Իսրայելի Առողջապահության նախարար Էֆրայիմ Սնեն և հիվանդանոցի տնօրեն Հաբի Բարաբաշը հայտարարել են, թե Ռաբինի վրա դիմահար են կրակել, և որ արձակած գնդակները փշրել են նրա ողնաշարը, որի հետևանքով էլ նա մահացել է: Այս ցուցմունքները գրի են առնվել նաև բժշկական արձանագրությունում, բայց հետաքննության մարմիններն ու դատարանը դրանք չեն ընդունել: Համաձայն ոչ պաշտոնական մի վարակածի՝ Ռաբինն սպանվել է Իսրայելի հատուկ ծառայությունների դավադրության արդյունքում (Ռաբինի թիկունքին Ամիրի առաջին կրակոցից հետո, օգտվելով խառնաշփոթությունից, անհայտ մարդասպանը խլացուցիչով ատրճանակից կրակել է Ռաբինի կրծքին): Ըստ երրորդ վարկածի՝ Ամիրը ոչ մարտական փամփուշտներով է կրակել, և Ռաբինը սպանվել է ոչ թե հրապարակում, այլ իր մեքենայում՝ հիվանդանոցի ճանապարհին: Սակայն Իգալ Ամիրը խոստովանել է, որ ինքն է սպանել վարչապետին՝ պատճառաբանելով, թե Ռաբինը պաղեստինցիների հետ հարաբերություններում փոխզիջումային քաղաքականություն է վարել, որն իր համոզմամբ դավաճանություն է Իսրայելի հրեաների նկատմամբ:

1996 թվականի մարտի 27-ին դատարանն Ամիրին ցմահ բանտարկության է դատապարտել: Պատժին ավելացվել է նաև վեցամյա ազատազրկում վարչապետի թիկնապահին վիրավորելու համար: Հատկանշական է, որ դատարանը չի ցանկացել լսել հանգուցային վկային՝ «Հրեական մարտական կազմակերպության» ղեկավար Ավիշա Ռավիվին, որը համատեղության կարգով եղել է Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության գործակալը, և նա է Ամիրին հավաքագրել իր ղեկավարած կազմակերպության մեջ:

Մինչև վերջ հանգիստ լսելով դատավճիռը՝ Ամիրը հայտարարել է.

«Իսրայել պետությունը հրեշ է»:

Այժմ նա առանց ներման իրավունքի իր պատիժն է կրում Ռամլա քաղաքի «Այալոն» բանտում: 2005 թվականի հունիսին Իսրայելի ռաբինների դատարանը թույլատրել է Ամիրի ամուսնությունը նախկին մոսկվաբնակ Լարիսա Տրեմբովլերի՝ չորս երեխաների մոր հետ: Կինն ամեն կերպ, բայց ապարդյուն փորձում է վերանայել տալ Ամիրի գործը:

Այն հրապարակը, որտեղ սպանվել է Իցհակ Ռաբինը, այժմ նրա անունն է կրում: Նրա անվամբ է նաև բժշկական այն կենտրոնը, որտեղ նրան տեղափոխել են մահափորձից հետո: Նրա անվամբ են նաև Իսրայելի խոշորագույն ռազմահանգրվանը Թել Ավիվում և մի քանի տասնյակ հաստատություններ, փողոցներ և հրապարակներ ամբողջ Իսրայելում:

Նկարում՝ Յասիր Արաֆաթ, Իցհակ Ռաբին, Շիմոն Պերես:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
878 | 0 | 0
Facebook