Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

62-ամյա նախագահին առևանգել են, տարել բանակի գլխավոր շտաբի նկուղ և ծոծրակին կրակելով սպանել են

16:47, երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ.
62-ամյա նախագահին առևանգել են, տարել բանակի գլխավոր շտաբի նկուղ և ծոծրակին կրակելով սպանել են

1963 թվականի նոյեմբերի 2-ին սպանվել է Հարավային Վիետնամի առաջին նախագահ Նգո Դին Դիեմը (նախագահ է ընտրվել 1955 թվականին):
    
Համոզմունքով ազգայնական և հակակոմունիստ, դաստիարակությամբ կաթոլիկ այս անձնավորությանը իշխանության հասնելու գործում օգնել է ԱՄՆ-ը: Նա մեծ ջանք է թափել, որ կաթոլիությունը Վիետնամում խոր արմատներ գցի ու տարածվի: Նրա այդ ջանքերը հարուցել են երկրի բնակչության զանգվածային դժգոհությունն ու բողոքը: Բողոքի գործողությունները կազմակերպել են բուդդայական առաջնորդները: Այդ բողոքներին զուգահեռ երկրում ակտիվորեն գործել են Հյուսիսային Վիետնամի կողմից աջակցություն ստացող կոմունիստամետ պարտիզանները:

Հարավային Վիետնամի կոմունիստական ընդհատակն այն համոզմանն է եղել, թե Նգո Վան Դիեմի սպանության դեպքում իրադարձությունները երկրում իրենց օգտին կզարգանան: 1957 թվականի փետրվարի 22-ին, երբ նախագահը տոնավաճառ է այցելել, հարավվիետնամցի կոմունիստներից մեկը փորձել է սպանել նրան: Նա մոտեցել է նախագահին և ատրճանակից կրակել է նրա ուղղությամբ: Կրակել է մոտ տարածությունից, բայց վրիպել է: Գնդակը դիպել է կառավարության անդամներից մեկին:

Երկրորդ մահափորձը տեղի է ունեցել 1962 թվականին: Հարավային Վիետնամի ռազմաօդային ուժերի երկու սպա, համարելով, որ Նգո Դին Դիեմը չափից ավելի է ուշադրություն դարձնում իր անձնական իշխանության պահպանմանը, որի պատճառով տուժում է կոմունիստների դեմ պայքարը, օդային հարձակում են կատարում՝ ռմբահարելով նախագահական պալատը: Բայց ռմբահարումն ապարդյուն է լինում:

1963 թվականի մայիսին բողոքի գործողություններն ու պարտիզանների հարվածները երկրում այնպիսի մասշտաբների են հասնում, որ ԱՄՆ ղեկավարությունն այն եզրակացությանն է հանգում, թե Դիեմի վարչակարգն անարդյունավետ է ու դադարեցնում է նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

1981 թվականին ԱՄՆ ԿՀՎ ծրագրավորման բաժնի նախկին տնօրեն Ուիլյամ Քոլբին խոստովանել է, թե ԱՄՆ Նախագահ Ջոն Քենեդին թույլ է տվել նախապատրաստել Դիեմի պաշտոնանկության ծրագիրը: Ռազմական հեղաշրջումը ղեկավարել է ԱՄՆ դեսպանի հետ սերտորեն համագործակցող Դյենգ Վան Մինը՝ Հարավային Վիետնամի բանակի գեներալներից մեկը: Դիեմին հավատարիմ բոլոր բարձրաստիճան զինվորականները նրան սպանելուց մեկ օր առաջ մեկուսացվել կամ սպանվել են:

Նոյեմբերի 2-ին Վան Մինի դավադիրները երեկոյան ժամերգությունից վերադարձող 62-ամյա նախագահին առևանգել են, տարել բանակի գլխավոր շտաբի նկուղ և ծոծրակին կրակելով սպանել են: Նախագահի հետ միասին սպանել են նաև նրա կրտսեր եղբորը՝ գլխավոր քաղաքական խորհրդական Նգո Դին Նուին:

Հեղաշրջումը քաոս է հարուցել Հարավային Վիետնամի զինվորական ղեկավարության շարքերում, և հարավվիետնամական բանակը չի կարողացել ջախջախել պարտիզաններին:

1964 թվականի օգոստոսին ԱՄՆ-ը ռազմական գործողություններ է սկսել Հյուսիսային Վիետնամի դեմ, որը լայնամասշտաբ պատերազմի է հանգեցրել: Այն տևել է մինչև 1975 թվականը և հանգեցրել է Հարավային Վիետնամ պետության վերացմանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
909 | 0 | 0
Facebook