Հին Աթենքի ամենաականավոր պետական գործիչներից մեկը՝ հռետոր ու զորավար Պերիկլեսը (մ.թ.ա.490 – 429 թթ.), որի կառավարման տարիներին Աթենքը հասել է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով այդ ժամանակաշրջանի ծովային հզորագույն պետությունը և կրթական ու մշակութային կենտրոնը, որի ժամանակ կառուցվել է աշխարհահռչակ Պարթենոնը, ստրատեգոս ընտրվելուց հետո, ամեն անգամ ռազմական թիկնոցն ուսերին գցելիս, ինքն իրեն ասել է. «Զգո՛ւյշ եղիր, Պերիկլե՛ս, դու ղեկավարում ես ազատ մարդկանց, առավել ևս՝ հելլեններին, և առավել ևս՝ աթենացիներին»:
Նրա ընկերներից մեկը խնդրել է զոհասեղանի առաջ իր օգտին կեղծ վկայություն տալ, և Պերիկլեսը պատասխանել է. «Իմ ընկերությունը մինչև զոհասեղանն է»:
Մահանալուց առաջ նա մի քիչ անհամեստություն է դրսևորել ու ինքն իրեն դրվատել է, որ աթենացիներից ոչ ոք իր պատճառով սգո զգեստ չի հագել: