Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Հոդվածներ

Հին Հունաստանում անգրագետներ չեն եղել կամ գրեթե չեն եղել, բայց կիսագրագետներ՝ որքան ուզեք

23:38, շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
Հին Հունաստանում անգրագետներ չեն եղել կամ գրեթե չեն եղել, բայց կիսագրագետներ՝ որքան ուզեք

Պատանի հույնն իր կյանքի վեցից ութ տարին՝ մինչև 14 տարեկանը, ծախսել է նախնական կրթություն ստանալու վրա: Այդ դպրոցն անցել են բոլորը: Այնուհետև, եթե պատանի հույնը սիրել է կրթությունը, եթե ունեցել է ընդունակություն և փող, ապա դասեր է առել մասնագետներից՝ բանասերներից, մաթեմատիկոսներից, բժիշկներից: Հունաստանում անգրագետներ չեն եղել կամ գրեթե չեն եղել, բայց կիսագրագետներ՝ որքան ուզեք: Բայց ինչպես բոլոր ժամանակներում ու երկրներում, այնպես էլ հին Հունաստանում դպրոցականները տարբեր են եղել: Այդ իսկ պատճառով, գուցե, ավելի պատկերավոր ու տպավորիչ կլինի, եթե ներկայացնեմ բանաստեղծ Հերոդոսի նկարագրած տեսարանը՝ հորինված ճիշտ այն ժամանակի համար, որի մասին պատմում եմ: Դրա վերնագիրն է «Ուսուցիչը», գործողությունները տեղի են ունենում դպրոցում: Լամպրիսկոս անունով ուսուցչին է մոտենում աշակերտներից մեկի ծեր մայրը՝ որդուն հետևից քարշ տալով:

«Մայր – Լամպրիսկո՛ս, հարգելի՛ս, Մուսանե՛րը քեզ պահապան: Բարի՛ եղիր, տղայիս բո՛ւռդ հավաքիր...Նա ինձ սնանկացրել է...Կնանիք կարծես նրան բավական չեն: Նա վաղուց մոռացել է քո դպրոցի դուռը: Իսկ ահա գինետունը, որտեղ միայն հարբեցողություն է և խաղ, նա միշտ հիշում է: Նրա մոմապատ տախտակը պարապ ընկած է: Ոչ մի տառը չի ճանաչում: Ես ու հայրը խնդրում ենք նրան բանաստեղծություն կարդալ, ինչպես դպրոցում են անգիր սովորեցնում: Իսկ նա կմկմում է՝ «Ա-պո-լոնը լուսա- շող...»: «Լսի՛ր, - ասում եմ նրան, - ես դպրոց չեմ գնացել, բայց կարդա, կհասկանանք»: Իսկ նրա պետքն էլ չէ: Տանիք է բարձրանում ու այնտեղ նստում՝ ոտները կախելով: Ես նրան չեմ ափսոսում, տանիքն է ափսոս: Եթե անձրև գա, ջուրը տունն է լցվելու, ի՞նչ անեմ, երբ աղքատ եմ: Ամեն մի կղմինդրի համար վճարել է պետք: Ա՛խ, ի՜նչ հիմարն եմ ես: Նրան ավանակների հետ արածելու պետք է ուղարկել: Իսկ ես նրան գրագիտություն սովորելու ուղարկեցի, որպեսզի սև օրիս հենարան ունենամ: Լամպրիկսո՛ս, խնդրո՛ւմ եմ, լավությո՛ւն արա: Տղայիս մի լավ մշակի՛ր, որպեսզի հավերժ հիշի:

Ուսուցիչ – Վաղո՜ւց եմ պատրաստ, և լրացուցիչ խնդրանքի կարիք չկա: Հե՛յ, Էֆթիո՛ս, Փինտիո՜ս, բռնե՛ք նրան, պի՛նդ պահեք...Ո՞ւր է էն խարազանս, որով ծույլերի մեջքը դաղում եմ:

Որդին – Օ՛յ, օ՛յ, , Լամպրիքո՛ս, ի սեր բոլոր աստվածների, խարազանով պետք չէ: Ավելի լավ է մի ուրիշ բանով խփես:

Ուսուցիչ – Ո՛չ, գարշելի՛ ես դու: Եթե հանկարծ ստրկության մատնվես, ցանկացած շուկայում գրոշի արժեք կունենաս:

Որդի – Իսկ քանի՞ հարված ես ուզում ինձ տալ:

Ուսուցիչ – Այնքան, որքան մայրդ կասի:

Որդի – Օ՛յ, քանի՞, մայրի՛կ: Օ՛յ, օ՛յ, միայն թե չսպանես:

Մայր – Իսկ քո կաշին քանի՞ հարվածի կդիմանա:

Որդի – Օ՛յ, էլ չե՛մ անի: Օ՛յ, Լամպրիքոս, էլ մի՛ խփիր:

Ուսուցիչ – Սո՛ւս մնա, լսո՞ւմ ես:

Որդի – Սո՛ւս եմ, սո՛ւս եմ: Օ՛յ, օ՛յ, մի՛ սպանիր:

Մայր – Ծեծի՛ր դրան, Լամպրի՛քոս, բաց մի՛ թող:

Ուսուցիչ – Բավակա՛ն է: Նա իրե՛նը ստացավ: Ա՛յ այդպես. Եթե մեղր ես ուզում ուտել, զգուշացի՛ր խայթից»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
486 | 0 | 0
Facebook