Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Հայ նախարարներն ու զինվորականները բոլորանվեր ծառայել են և՛ Պարսկաստանին, և՛ Բյուզանդիային

22:11, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
Հայ նախարարներն ու զինվորականները բոլորանվեր ծառայել են և՛ Պարսկաստանին, և՛ Բյուզանդիային

6-րդ դարի վերջում պարսկական ծառայության մեջ աչքի է ընկել Քչիկ Բագրատունու որդին՝ Սմբատ Բագրատունին կամ Սմբատ Քչկանորդին, որը Պարսկաստանի հյուսիսային սահմանների կռիվներում իր դրսևորած քաջության համար նշանակվել է Վրկան աշխարհի մարզպան: Մերձկասպյան այս երկրամասի մարզպանի պաշտոնում ևս Սմբատ Բագրատունին հաղթական պատերազմներ է մղել քուշանների, թուրքերի և այլ ազգերի դեմ և այդպիսով բարձր է պահել պարսկական զենքի պատիվն ու մեծապես նպաստել Պարսկաստանի արևելյան սահմանների ամրապնդմանը: Խոսրով շահնշահին հիացրել է հայ զորավարի քաջագործություններն ու ռազմագետի տաղանդը, և նա հայ մարզպանին «Խոսրով Շնոմ» կամ «Խոսրով Շոմ» (նշանակում է «Խոսրովի ուրախություն») տիտղոսով է մեծարել:

Այս Սմբատի հռչակը կերտողը երկու հազար զինվորից բաղկացած հայկական գունդն է եղել: Գնդի առանձին ստորաբաժանումները ղեկավարել են նախարարներ Վարազ-Շապուհ Արծրունին, Սարգիս Տայեցին, Արտավազդ, Վստամ, Հմայակ և Մանվել Ապահունիները, Վռամ Գեղթներցին, Սարգիս Դիմաքսյանը և Սարգիս Տրպատունին:

Այդ ժամանակներում Հայաստանը մատնված էր հարևան պետությունների միջև ընթացող պատերազմի արհավիրքներին, իսկ հայոց ընտիր զինվորները, ավաղ, կա՛մ Պարսկաստանի հյուսիսային ծայրագավառներում կռվելիս են եղել թուրքական տարբեր ցեղախմբերի դեմ, կա՛մ իրար դեմ կռվող բյուզանդական ու պարսկական բանակների մասն են կազմել: Մինչ Վարազ-Շապուհ Արծրունին Վրկանում կտվել է հանուն Պարսկաստանի, մեկ ուրիշ Արծրունի՝ Վասակ անունով (Սահակ իշխանի որդին), բյուզանդացիների շարքերում կռվել է պարսիկների դեմ ու մեծ վնասներ է հասցրել նրանց: Ահա թե ինչու, երբ պարսիկները գրավել են Կեսարիա քաղաքը և գերել են Վասակին, հայ խիզախ ռազմիկի նկատմամբ մեծ ոխով լցված պարսիկները նրան քաղաքի դիմաց կախել են փայտից ու սպանել: Բայց նրա քաջության համբավն այնքան մեծ է եղել, որ շատ պարսիկներ ողբացել են խիզախ հայորդու մահը:

Իսկ Վրկանի մարզպան Սմբատ Քչկանորդուն Պարսից Խոսրով թագավորն ի վերջո կանչել է մայրաքաղաք Տիզբոն ու պահել է իր մոտ, որպեսզի այլևս խաղաղ կյանքով ապրի: Ծերունի զորավարը մինչ ի մահ մնացել է Տիզբոնում, իսկ երբ մահացել է, տարել թաղել են իր հայրենի Դարյունս գյուղում (Կոգովիտ գավառ):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
459 | 0 | 0
Facebook