Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Հոդվածներ

«…եթե մահմեդական երկրի բնակիչներից մեկնումեկը ենթարկվում է ամենաթեթև հարստահարության, ահեղ դատաստանում դրա պատասխանատվությունը թագավորի և ոչ թե նրա պաշտոնյաների վրա է...»

20:54, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
«…եթե մահմեդական երկրի բնակիչներից մեկնումեկը ենթարկվում է ամենաթեթև հարստահարության, ահեղ դատաստանում դրա պատասխանատվությունը թագավորի և ոչ թե նրա պաշտոնյաների վրա է...»

Տևական ժամանակ սուլթանները ոչ միայն վտանգ չեն տեսել ենիչերիների կաստայի մեջ, այլև ձգտել են ամրապնդել դրա նախնական կազմակերպական կառուցվածքը, հավատարիմ պահել իր կոչման, իր «օջախի» ավանդույթներին: Քանի որ, ինչպես նախորդիվ ասվեց, ենիչերությունը, իբրև արտոնյալ, հռչակավոր և տիրապետող ուժ, շատ գրավիչ է եղել մահմեդականների համար, նրանք ձգտել են նույնիսկ կաշառքով իրենց որդիներին մտցնել ենիչերիների շարքերը: Վաղ շրջանի օսմանյան սուլթանները կաշառքով զինվորագրումը ենիչերությանը թույլ չեն տվել՝ համոզված լինելով, որ ենիչերությունը կապականվի ու այլևս պիտանի չի լինի այն օրը, երբ կանտեսվի սուլթան Օրխանի՝ ենիչերությանը տված կանոնադրությունը: Մի անգամ սուլթան Սելիմ Յավուզը տեղեկանում է, որ մի թուրք վաճառական, որը պետությանը 60 հազար ֆլորին պարտք էր տվել, պատրաստ է հրաժարվել այդ գումարից, եթե իր որդուն ենիչերիների շարքերն ընդունեն: : Սուլթանը սաստիկ բարկացել է ու իր վեզիրներին ասել.

«Երդվում եմ իմ մեծ նախնիների հոգով, որ ես կհրամայեի կտրել բոլորիդ ու այդ վաճառականի գլուխները, եթե երկյուղ չունենայի, թե ժողովրդի մեջ լուր կտարածվի, իբր ես մտադիր եմ եղել յուրացնել այդ վաճառականի փողերը: Թող այդ մարդուն վերադարձնեն նրա փողերը և այլևս չդիմեն այդպիսի նողկալի առաջարկություններով: Ձեզանից ով որ կփորձե օտարներ մտցնել իմ անբիծ զինվորների շարքը, պիտի համոզված լինի, որ կգնա մյուս աշխարհ՝ ժամանակ չունենալով նույնիսկ զղջալու համար»:

Սուլթանները, ըստ էության, ենիչերիների հարկատուներն են եղել: Ամեն մի սուլթան պարտավոր է եղել առատ «բախշիշ» բաժանել այդ «անբիծ» զինվորներին, այլապես չէր հաստատվի գահի վրա: Պատերազմի դաշտում ևս ցանկացած հաղթանակ սուլթանը պիտի գներ ենիչերությանն առատորեն վարձատրելով: Ենիչերության համար իր շահից դուրս այլ սրբություն չի եղել: Օսմանյան կայսրությունը փառքի գագաթնակետին հասցրած Սուլեյման Մեծը մեռնում է հունգարական արշավանքի ժամանակ: Ամբողջ բանակը, բնականաբար, սգում է, բայց հենց որ հայտնի է դառնում, որ Սուլեյմանի որդի Սելիմը մտադիր է վերացնել «բախշիշ» -ը, կատաղած ենիչերիները սկսել են հայհոյել ու անպատվել մեռած սուլթանի դին: Սելիմն ստիպված է եղել փող բաժանել՝ յուրաքանչյուրին 40 ոսկի: Բայց նրանք 60 ոսկի են պահանջել: Նրանք մեռած սուլթանի դիակի և նոր սուլթանի հետ գնացել են Կոստանդնուպոլիս. Սելիմին չեն թողել քաղաք մտնի և կաշառք ստանալուց հետո միայն պալատ մտնելու մի նեղ ճանապարհ են տվել: Ենիչերիները երկու օր պաշարել են պալատը և հեռացել են միայն այն ժամանակ, երբ լրիվ ստացել են իրենց պահանջած 60 ոսկին:

Օսմանյան կայսրության պատմության ամբողջ ընթացքում բազմաթիվ պալատական հեղաշրջումներ են տեղի ունեցել և այդ հեղաշրջումների մեջ առաջնակարգ դեր է ունեցել հենց ենիչերությունը: Արքունիքը միշտ ջանացել է կատարել ենիչերիների պահանջները: Իսկ նրանք ոչ միայն փող, այլև իրենց ոչ ցանկալի բարձրաստիճան պաշտոնյաների մահն են պահանջել: Նրանք հանդարտվել են միայն այն ժամանակ, երբ գլխատվել են ենիչերիներին զայրացրած պաշտոնյաները: Ենիչերիներին հանդարտեցնելու համար ոչ միայն վեզիրներն են են գլխատվել, այլև սուլթանները ստիպված են եղել գահից հրաժարվել ու իրենց պարանոցը դնել նրանց կացնի տակ:

Օսմանյան կայսրության աստիճանական անկման գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ պետական գանձարանի միջոցներով պահվող զորքի ու ոստիկանության թիվը բազմապատկվել էր: Ենիչերիների թիվն հասցվել էր 46 հազարի: Այս իրողությունը հետևանք էր այն հանգամանքի, որ պետությանը հեծելազոր մատակարարող զինվորական ավատները («թիմար», «զիամեթ») խլվել էին զինվորականներից և վերածվել էին մասնավոր սեփականության: Դրանք կա՛մ վաճառվել են, կա՛մ ընծայվել են պալատականներին՝ զանազան ներքինիների, ծաղրածուների, հաճախ նաև հարեմի կանանց: Եթե Անատոլիան նախկինում տրամադրել է 70 հազար հեծյալ, ապա հիշյալ դարի կեսերին հազիվ 3 – 4 հազար է կարողացել տրամադրել:

Ապականված վարչական համակարգի բարեկեցիկ կյանքն ապահովելու ամբողջ ծանրությունն ընկած է եղել ժողովրդի վրա: Այդ ժամանակների թուրք գրող Խոջի բեկը սութան Մուրադին գրել է. «Այն 40 կամ 50 ասպրի փոխարեն, որ առաջ ստանում էին յուրաքանչյուր տնից, այժմ յուրաքանչյուր գյուղացուց 240 ասպր գլխահարկ են գանձում: 40 ասպր անուղղակի տուրքի փոխարեն գյուղացին այժմ վճարում է 300 ասպր, իսկ յուրաքանչյուր ոչխարից առաջվա գանձվող կես ասպրի փոխարեն այժմ գանձվում է 7 կամ 8 ասպր…Կարճ ասած՝ այսպիսի կեղեքումներ և հարստահարություն չի կատարվել ո՛չ մի երկրում, ո՛չ մի պետության մեջ: Եվ սակայն, եթե մահմեդական երկրի բնակիչներից մեկնումեկը ենթարկվում է ամենաթեթև հարստահարության, ահեղ դատաստանում դրա պատասխանատվությունը թագավորի և ոչ թե նրա պաշտոնյաների վրա է, և թագավորը չի կարող արդարանալ տիեզերքի տիրոջ առջև, ասելով՝ ես իմ հպատակներին հանձնել էի այս մարդկանց: Սովից մեռնողների հեկեկանքներից փլվում են տների պատերը, իսկ կեղեքվողների արտասուքը խեղդում է կայսրությունը կորստյան ալիքների մեջ»:

Նկարում՝ մանուկների ցուցակագրում ենիչերական բանակի համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
519 | 0 | 0
Facebook