Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Եթե երկու հայի գլուխ մեկ կաթսայում չի եփվի, ապա երեք հայի գլուխ՝ առավել ևս

16:57, ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ.
Եթե երկու հայի գլուխ մեկ կաթսայում չի եփվի, ապա երեք հայի գլուխ՝ առավել ևս

Բյուզանդական կայսրությունը շուրջ երեքամյա ցնցումների ենթարկած իրադարձություններն օգտավետ են եղել միայն Դավիթ Կյուրապաղատին՝ առանց նրան ծանր կորուստներ պատճառելու: Համաձայն կայսրության հետ պայմանավորվածության՝ նա ընդարձակ տարածքներ է ստացել, որի շնորհիվ Տայքը դարձել է այնպիսի պետություն, որն իր չափերով գերազանցել է և՛ Անիի, և՛ Վրաստանի թագավորությանը: Հայոց Բագրատունիների թագավորությունն այդ ժամանակներում հարավից և արևմուտքից շրջապատված է եղել Տայոց պետությանը պատկանող տարածքներով, և այս հանգամանքը սպառնալիք է եղել հայոց պետականության անկախությանը: Այսքան ուժեղանալու շնորհիվ Դավիթ կյուրապաղատն իր ձեռքն է առել Հայաստանի և Վրաստանի ներքին ու արտաքին գործերի տնօրինումը՝ հանդիսանալով բարձրագույն դատավոր և միջնորդ: Հայոց Սմբատ թագավորն ինչ-որ հաշիվներ է ունեցել Կարսում իշխող իր հորեղբայր Մուշեղի հետ և նրանից խլել է Ճակատք գավառում գտնվող Շատիկ բերդը: Մուշեղը դիմել է կյուրապաղատի օգնությանը: Վերջինս եկել է Շիրակ, որպեսզի նրանց հաշտեցնի: Նա Սմբատին ու Մուշեղին կանչել է Բավաց ձոր գյուղ, հաշտեցրել է երկու թագավորներին՝ Շատիկն իր նախկին տիրոջը վերադարձնելով:

Աբխազները կուրացրել էին իրենց Թևտոս թագավորին: Դավիթ կյուրապաղատը՝ հարևան երկրների այս բարձր կարգադրիչը, գործակցության է հրավիրել մեր Սմբատին, և նրանք միասին աբխազական գահին են նստեցրել Վրաստանի Բագարատ թագավորի թոռ Սմբատին, որի հայրը՝ Գուրգենը, ինչ-որ պատճառով դժգոհ մնալով Դավթից, Կովկասի լեռնականներից զորք է հավաքել ու եկել է նրա դեմ: Կյուրապաղատը նորից իր թշնամու դեմ է հանել հայոց բանակին. Դավթի կոչին արձագանքելով՝ Սմբատը միացել է նրան՝ իր հետ տանելով նաև Վասպուրականի, Սյունյաց և Աղվանից գնդերը: Հակառակորդները բանակել են Կուր գետի հակառակ ափերին, բայց Գուրգենը, վախենալով Դավթից ու նրա դաշնակիցներից, մարտի մեջ չի մտել և խաղաղություն է խնդրել:

987 թվականին քաղաքական ասպարեզում նորից հայտնվել է շղթայակապ Բաղդադ տարված Վարդ Սկլերոսը: Այս հռչակավոր հայազգի ապստամբը սկսել է խնդրել ազդեցիկ մարդկանց, որ իրեն ազատեն: Նրա խնդրանքը կարողացել է կատարել Խլաթի և Նփրկերտի քուրդ ամիրա Բատը, որը ոչ միայն ազատել է Սկլերոսին, այլև նրան է տրամադրել իր զորքը: Անխոնջ ապստամբ հայն այդ զորքով մտել է Մելիտինե քաղաք և սկսել է նախապատրաստվել հերթական ապստամբական արշավանքի: Տեղեկանալով այս նախապատրաստության մասին՝ Բյուզանդիայի Վասիլ 2-րդ (Բարսեղ 2-րդ) Բուլղարասպան կայսրը հայազգի զորավար Վարդ (Վարդաս) Փոկասին հանձնարարել է կանգնեցնել Վարդ (Վարդաս) Սկլերոսին, բայց Փոկասի մոտ հավաքված գավառական ազնվականությունն ու զորախմբերի հրամանատարները նրան կայսր են հռչակել: Եվ Փոկասը բանակցություններ է սկսել Սկլերոսի հետ՝ առաջարկելով միավորվել ու միասին կռվել կայսրի դեմ (եթե հանրահայտ ասույթը պնդում է, թե «երկու հայի գլուխ մեկ կաթսայում չի եփվի», ապա երեք հայի գլուխը՝ առավել ևս): Սկլերոսը համաձայնել է, չնայած նրա որդի Ռոմանոսը կտրականապես դեմ է եղել այդ դաշնությանը և, տեսնելով, որ իր կարծիքը հաշվի չառնվեց, հեռացել է հորից ու միացել է Վասիլ կայսրին: Իսկ Փոկասը, օգտվելով այն հանգամանքից, որ Սկլերոսը, հավատալով իրեն, արձակել է բանակը, կալանավորել է նրան և ուղարկել է իր ամրոց՝ հանձնարարելով իր կնոջը, որ նա խստորեն հսկի կալանավորին: Այս ուխտադրժությունը կատաղեցրել է Սկլերոսի բանակի միջուկը կազմող արաբներին, որոնք իրենց բարկությունը թափել են շրջակա տարածքների բնակչության վրա:

Վարդ Փոկասին միացած է եղել նաև Դավիթ կյուրապաղատի տրամադրած զորքը՝ Տարոնի իշխաններ Գրիգորիսի և Բագարատի հրամանատարությամբ: Այս իշխաններն ավելի վաղ մասնակցել էին Սկլերոսի ապստամբությանը և պատրիկի կոչում են ունեցել:

Փոկասի ապստամբությունը մեկ տարի ութ ամիս է տևել: Ապստամբները նույնիսկ մոտեցել են Կոստանդնուպոլսին: Իր սովորության համաձայն՝ Վարդ Փոկասն այս անգամ էլ մենամարտի է կանչել Վասիլին, բայց մենամարտելուց առաջ սառը ջուր է խմել, որից անմիջապես հետո ընկել է ու մեռել (ասում են, թե ջուրը թունավորված է եղել): Ինչպես նման դեպքերում սովորաբար տեղի է ունեցել հնում, Փոկասի բանակը փախուստի է դիմել: Ապստամբ զորավարի գլուխը կտրել են ու տարել կայսրին, իսկ հսկա մարմինը թողել են դաշտում:

Վարդ կամ Վարդաս Փոկասի կինը, ստանալով իր ամուսնու մահվան լուրը, ազատ է արձակել Վարդ Սկլերոսին, որ նա վրեժ հանի Վասիլ կայսրից: Բայց կայսրը Սկլերոսին առաջարկել է հաշտվել՝ խոստանալով ոչ միայն չհալածել, այլև արտոնյալ պայմաններ ստեղծել նրա համար: Բանակցությունները վարել է կայսրի եղբայր Կոստանդինը, որը կարողացել է հաշտության գործը գլուխ բերել ու Սկլերոսին տարել է ներկայացնելու իր եղբորը, բայց ծերացած Սկլերոսը հանկարծակի կուրացել է: Նա կայսրին է ներկայացել երկու ծառաների օգնությամբ, որոնք նրա ձեռքը բռնած՝ մոտեցրել են կայսրին: Եվ Վասիլը, տեսնելով իր երբեմնի ահեղ հակառակորդին այդ վիճակում, ասել է.

«Ահա՛ նա, որից ես այնքան սարսափում էի, որը մեզ այնքան սարսռացնում էր, գալիս է ինձ մոտ որպես մի աղաչավոր, և նրա ձեռքը բռնած են առաջնորդում»:

Կայսրը Սկլերոսին բնակության տեղ է հատկացրել և առատ ապրուստ է տրամադրել: Բայց երկու տարի անց Սկլերոսը մահացել է:

Վարդաս Փոկասին աջակցած բոլոր իշխաններին այս կամ այլ կերպ պատժելուց հետո Վասիլ 2-րդը ձեռնամուխ է եղել Դավիթ Կյուրապաղատին պատժելու գործին՝ Տայք ուղարկելով մի ամբողջ բանակ: Բայց Դավիթը բացարձակապես չի դիմադրել ու շտապել է իր կատարյալ հնազանդությունը հայտնել կայսրին: Կայսրը նրան ներել է, բայց քանի որ ծեր էր ու անժառանգ, ուստի նրան, իբրև նախապայման, առաջարկվել է, որ իր մահից հետո նրա ամբողջ երկիրն անցնի կայսրությանը: Դավիթը համաձայնել է ու համապատասխան կտակ է գրել:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
465 | 0 | 0
Facebook