Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Մոտ 1050 տարի առաջ Հայաստանի և Վրաստանի գործերի գերագույն կարգադրիչը Տայքի կյուրապաղատն է եղել

16:13, հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ.
Մոտ 1050 տարի առաջ Հայաստանի և Վրաստանի գործերի գերագույն կարգադրիչը Տայքի կյուրապաղատն է եղել

Քաղկեդոնականությանը հարելու հետևանքով հայկական Տայք նահանգը 9-րդ դարում արդեն հիմնականում վրացիացած էր, թեև հայկական շատ հիշատակներ այդ ժամանականերում այստեղ դեռ պահպանված են եղել: 9-րդ դարի սկզբներին Տայքում հաստատվել է հայ Բագրատունիների մի ճյուղը, որը այս երկրամասը կառավարել է կյուրապաղատության կարգավիճակով: Կյուրապաղատը բյուզանդական աստիճանակարգում կարևորությամբ չորրորդն է եղել: Ունենալով ներքին ինքնավարություն՝ Տայքը Բյուզանդիայի խիստ ազդեցության տակ է եղել, հովանավորվել է վերջինիս կողմից, իսկ Վրաստանի հետ կապված է եղել կրոնամշակութային կապերով, որի հետևանքով տեղի հայ բնակչությունը յուրացրել է վրացերեն լեզուն: Եվ հայերն իրենց տայեցի արյունակիցներին վրացի են անվանել, քանի որ այն ժամանակներում ազգության գլխավոր հատկանիշը կրոնը կամ դավանանքն է համարվել:

Բյուզանդական կայսրի դեմ Վարդ Սկլերոսի ապստամբության ժամանակ Տայքի կյուրապաղատն էր Բագրատունի կյուրապաղատների վերջին շառավիղ Դավիթը: Չնայած այս Դավիթը ծագումով հայ էր, բայց նրան վրացի են համարել ոչ միայն բյուզանդացիները, այլև հայերը: Դավիթը կարողացել է փոքրիկ Տայքը դարձնել շատ ու ժեղ և հեղինակավոր պետություն, որը վճռական ազդեցություն է ունեցել ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի ներքին ու արտաքին գործընթացների վրա: Այս հեղինակությունը հիմնականում խարսխված է եղել կյուրապաղատի անձնական բարեմասնությունների վրա:

Հիշատակածս Սկլերոսի դեմ պայքարելու համար բյուզանդական կառավարությունը Տայք է ուղարկել Աթոս լեռան վրա գտնվող վրացական վանքի աբեղա Թոռնիկին: Մինչև վանք մտնելը այս Թոռնիկը զինվորական է եղել և Դավիթ կյուրապաղատի զորքում հրամանատարի պաշտոն է ունեցել: Աբեղայի անունը զուտ հայկական է, բայց բոլոր աղբյուրները և նույնիսկ մեր Ասողիկ պատմիչը, նրան վրացի են անվանել: Դա նշանակում է, որ նա էլ է վրացիացած հայ եղել: Թոռնիկը, գալով Տայք, Դավիթին է ներկայացրել կայսերական կառավարության պայմանները, որոնք կյուրապաղատի համար շատ ձեռնտու են եղել: Դավիթը պիտի կայսրությանը 12 հազար զինվոր տրամադրեր՝ փոխարենը ստանալով ութ գավառ: Կյուրապաղատը համաձայնել է, բայց պահանջել է, որ իր տրամադրած զորախմբի հրամանատարությունը ստանձնի ինքը ՝ Թոռնիկը, իսկ նրա օգնականը լինի իշխանաց իշխան Ջոջիկը:

Բայց Տայքը չէր կարող 12 հազար զինվոր հավաքագրել: Կյուրապաղատն, անշուշտ, ուներ իր սեփական բանակը, բայց նա իր սեփական ուժերով չի գործել, այլ կարողացել է իր ձեռնարկումների մեջ ներքաշել Հայաստանին ու Վրաստանին: Հայկական զորախումբ նա ստանում է Սմբատ թագավորից: Քանի որ Վարդ Սկլերոսի բանակում մեծ թվով հայ ռազմիկներ են եղել, ստացվում է, որ հայերը կռվել են և՛ կայսրի համար, և՛ կայսրի դեմ:

Տայքի օգնական զորքին վիճակված է եղել երկարատև պատերազմ մղել, և Դավիթ կյուրապաղատի բախտը բերել է: 979 թվականի ամառվա վերջում Հալիս գետի մոտ վճռական ճակատամարտ է տեղի ունեցել: Սկլերոսը Նիկեփոր Փոկասին գերազանցել է ռազմական ունակություններով, բայց վճռական իրադարձություններում անգամ պատահականությունը կարևոր դեր է խաղացել: Երկու հրամանատարները ճակատամարտի ընթացքում մենամարտել են: Փոկասին հաջողվել է ձիուց գցել Սկլերոսին, և վերջինիս հաղթական զորքը թևաթափ է եղել: Տեսնելով, որ հրամանատարի ձին առանց հեծյալի վազվզում է մարտադաշտում, զորականները կարծել են, թե Սկլերոսն սպանված է և փախուստի են դիմել: Հատկապես Դավիթ կյուրապաղատի ուղարկած բանակը ինչպես հարկն է կողոպտել է Սկլերոսի բանակը և մեծ հարստություն է վերցրել, որի ամենամեծ մասը տրվել է Տայոց աշխարհին: Բյաց Սկլերոսը չի սպանվել: Ուշքի գալով՝ նա տեսել է, որ բանակն այլևս չկա, ինքն էլ փախել է արաբների մոտ, որտեղ նրան կալանավորել են ու շղթայակապ տարել Բաղդադ:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
486 | 0 | 0
Facebook