Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Հոդվածներ

Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (5)

22:52, շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ.
Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (5)

«Ժողովրդի մեջ սկսել են բացահայտ խոսել այն մասին, որ նոր բռնակալին պետք է սպանել»

Որպեսզի ազատվի քննադատություններից, Դիոնը համաձայնել է իր թշնամու ֆիզիկական ոչնչացմանը. Պլուտարքոսի վկայությամբ՝ «նա, ի վերջո, ազատություն տվեց նրանց, ովքեր վաղուց ուզում էին սպանել Հերակլիդեսին և որոնց նա նախկինում թույլ չէր տալիս կատարել այդ քայլը»:

Պլուտարքոսը գրում է, թե սիրակուզացիները հանգիստ են վերաբերվել այդ սպանությանը, քանզի հասկացել են, որ խաղաղություն ու կարգուկանուն հաստատվելու համար այդ սպանությունն անհրաժեշ էր: Մինչդեռ ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել. ամենայն հավանականությամբ, Հերակլիդես սպանությունը և՛ սիրակուզացիներին, և՛ մյուս սիցիլիացիներին ցույց է տվել, որ Դիոնն ունակ է բռնակալական կամայականության և որ նրա հանդեպ բոլոր կասկածները լուրջ հիմքեր ունեն: Դիոնն ինքը հասկացել է, թե ինչպիսի սխալ է թույլ տվել, բայց արդեն ուշ էր. նրանից վերջնականապես երես են շրջել և՛ դեմոսը, և՛ արիստոկարատական շրջանակները, իսկ վարձկաններին նա երկար չի կարողացել պահել փողի բացակայության պատճառով: Գոնե որևէ միջոց գտնելու համար արկածախնդիր ստրատեգոսը, Կորնելիոս Նեպոտի վկայությամբ, «կամայական կերպով զինվորներին է բաժանել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք հայտնի են եղել որպես իր հակառակորդներ», հետո ձեռնամուխ է եղել իր բարեկամների գույքի բաժանմանը: Ժողովրդի մեջ սկսել են բացահայտ խոսել այն մասին, որ նոր բռնակալին պետք է սպանել, զինվորները ներողամտորեն են վերաբերվել ընդդիմությանը և նույնիսկ պատրաստ են եղել միանալ ընդդիմությանը: Այս պայմաններում Դիոնի կործանումն ընդամենը ժամանակի հարց է եղել:

Դիոնի վիճակը վատացել է ընտանեկան դժբախտության պատճառով: Նրա միակ որդին՝ Հիպարինը, որը մոտ 14-16 տարեկան է եղել, ինքնասպանություն է գործել՝ գլխիվար նետվելով տանիքից: Պատճառը եղել է կա՛մ անհաջող կատակի հարուցած զայրույթը, կամ էլ Դիոնիսոսի արքունիքում սանձարձակ կյանքից հետո հոր խստականոն դաստիարակությունը: Դիոնի համար որդու մահը ծանր հարված է եղել, իսկ նրա թշնամիներն էլ օգտագործել են անչափահասի մահը, որպեսզի լուրեր տարածեն, թե իբր Դիոնը, քանի որ զրկվել է որդուց, ուզում է իր ժառանգորդ դարձնել Ապոլոկրատոսին՝ Դիոնիսոս Կրտսերի որդուն, որը նրա կնոջ ազգականնն էր:

Դիոնի դեմ դավադրությունը ղեկավարել է Կալիպոսը՝ այն աթենացին, որը Դիոնին հյուրընկալել էր նրա վտարանդիության շրջանում և որը մասնակցել էր բռնակալության դեմ պայքարին ու ապագա ստրատեգոսի հետ հանդիսավորապես մտել էր Սիրակուզա: Կալիպոսը որոշել է գործի դնել իր ազդեցությունը վարձկանների վրա՝ Դիոնին սպանելու, իշխանությանը տիրելու և քաղաքն անարխիայից փրկելու համար: Պլուտարքոսը նաև ասում է, թե նա Դիոնիսոս Կրտսերից քսան տաղանդ կաշառք է վերցրել, և այս տեղեկությունը, հնարավոր է, ճշմարիտ է: Դիոնի քույրն ու կինը իմանում են դավադրության մասին և Կալիպոսին ստիպում են սրբազան երդում տալ առ այն, որ նա իրենց ընտանիքին չի վնասի: Չնայած այդ երդմանը՝ դավադիրների մի խումբ շուտով մոտեցել է Դիոնի տանը: Մի քանի վարձկաններ անզեն մտել են տուն, բռնել են անկողնում հանգստացող Դիոնին ու փորձել են խեղդամահ անել: Դա նրանց չի հաջողվել, և այդժամ նրանք կանչել են դրսում սպասող իրենց համախոհներին, որպեսզի նրանք սուր բերեն: Բայց ոչ ոք չի համարձակվել տուն մտնել, քանի որ տանը եղել են Դիոնի ընկերներից շատերն ու պահապանները, որոնք իրենց հերթին չեն համարձակվել օգնել Դիոնին: Պլուտարքոսն ասում է, թե կարճատև քաշքշոցից հետո սիրակուզացի Լիկոնոսը պատուհանից դաշույն է տվել դավադրներից մեկին, և այդ դաշույնով նրանք, ինչպես զոհաբերվող կենդանուն են մորթում զոհասեղանի վրա, մորթել են Դիոնին, որն արդեն չի դիմադրել ու սրտատրոփ մահվան է սպասել: Դա տեղի է ունեցել մ.թ.ա. 354 թվականին:

Այդ պահին Սիրակուզայում դեռ եղել են Դիոնի կողմնակիցները: Կոռնելիոս Նեպոտի վկայությամբ՝ հենց որ հայտնի է դարձել սպանության մասին, նրա տան մոտ են վազել դավադիրների հետ հաշվեհարդար անել ցանկացող քաղաքացիներ, և անկարգությունների ժամանակ զոհվել են բոլորովին անմեղ մարդիկ, որոնց համարել են Կալիպոսի դավադիրներ: Կարճ ժամանակով բռնակալ դարձած Կալիպոսին մեկ տարի անց սպանել են զինվորները, ընդ որում Պլուտարքոսը գրում է, թե զուտ պատահականորեն նրան ծակծկել են հենց այն դաշույնով, որով սպանվել էր Դիոնը:

Երբ Դիոնին տեղեկացրել են, թե իր դեմ դավ է նյութում Կալիպոսը, որին նա իր բոլոր մոտիկ ընկերներից ամենից շատ է վստահել, Դիոնը դավադիրին չի մերկացրել՝ ասելով. «Ավելի լավ է մեռնել, քան ապրել՝ վախենալով ոչ միան թշնամիներիցդ, այլև բարեկամներիցդ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2353 | 0 | 0
Facebook