Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (4)

21:35, ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ.
Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (4)

Բռնակալին տապալածին մեղադրել են բռնակալական ձգտման մեջ:

Բռնակալ Դիոնիսոսի դեմ պայքարը զորեղացրել է Սիրակուզայում ժողովրդավարական բարեփոխումների պահանջը, իսկ Դիոնը, պարզորոշ երևացել է, որ չի ցանկացել դրանք իրականացնել. նրա իդեալը եղել է Պլատոնի նկարագրած օլիգարխիական իշխանությունը, արիստոկրատական հանրապետությունը: Ընդ որում նա չի հրապարակել իր նախագիծը՝ դրանով իսկ ուժեղացնելով բռնապետության վերականգնման՝ բոլորին համակած վախը: Դիոնի ժողովրդայնության անկմանը նպաստել են նաև վարձու բանակին պահելու հետ կապված ֆինանսական դժվարությունները: Շուտով դեմոսն իր առաջնորդն է ունենում՝ նավատորմի հրամանատար Հերակլիդեսը, որին պատմաբաններից ոմանք համոզված դեմոկրատ են համարել, ոմանք էլ՝ քաղաքական ճարպիկ արկածախնդիր: Հերակլիդեսը կարողացել է ջախջախել Դիոնիսոսի նավատորմը, որից հետո վերջինս փախել է Իտալիա՝ թողնելով Օրտիգիայի պաշտպանությունը Ապոլոկրատոսին: Երբ բռնակալի դեմ պայքարն արդեն ավարտին էր մոտեցել, Սիրակուզայում ներքաղաքական պայքար է սկսվել:

Ժողովրդական ժողովում պահանջ է հնչել հօգուտ աղքատների հողբաժանման: Այդ նախաձեռնության ընդունումը, որն առաջ է քաշել, համաձայն Պլուտարքոսի, Հերակլիդեսը, էականորեն բարելավելու էր հազարավոր հողազուրկ սիրակուզացիների կյանքը: Բայց Դիոնը դեմ է արտահայտվել, և այդժամ ժողովուրդը որոշել է նոր զորահրականատարներ ընտրել ու դադարեցնել ռոճիկ վճարել վարձկաններին՝ Դիոնի հենարանին: Դիոնն իր զինվորների հետ Լեոնտինի է գնացել, որտեղ նրան ջերմորեն են ընդունել: Սիցիլիական մյուս համայնքները, որոնք առաջ Դիոնիսոսի պետության կազմում էին, աջակցել են Դիոնին և փորձել են միջնորդի դեր խաղալ նրա և Սիրակուզայի նոր իշխոնության միջև: Բայց ամեն ինչ փոխվել է Օրտիգիայի պաշտպանների ակտիվացման պատճառով: Օգտվելով Սիրակուզայում տիրող ընդհանուր անիշխանությունից՝ նրանք ներթափանցել են քաղաք և փողոցներում իսկական կոտորած են կատարել: Դրանից հետո նույնիսկ Դիոնի հակառակորդները՝ Հերակլիդեսի գլխավորությամբ, նրանից օգնություն են խնդրել: Դիոնն իր վարձկաններով օգնության է շտապել, և Դիոնիսոսի զինվորները նահանջել են Օրտիգիա: Տեսնելով դա՝ նորընտիր զորահրամանատարները հրաման են ուղարկել Դիոնին, որ կանգ առնի, բայց այդ ժամանակ նոր հարձակում է եղել: «Այս անգամ սպանեցին ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց ու երեխաներին, - գրել է Պլուտարքոսը, - թալանը քիչ է եղել, բայց դաժանագույն ավերածությունները՝ անհաշիվ»: Վճռորոշ պահին Դիոնի զինվորները ներխուժել են քաղաք և թշնամուն դուրս են մղել:

Այս իրադարձություններից հետո Դիոնը նորից ընտրվել է ստրատեգոս, բայց այս անգամ Հերակլիդեսի հրամանատարության ներքո գտնվող նավատորմը նրան չի ենթարկվել: Այս երկու զորահրամանատարները կարճ ժամանակով հաշտվել են: Հերակլիդեսը գաղտնի պայմանագիր է կնքել Դիոնիսոսի հետ և մի անգամ փորձել է գրավել Սիրակուզան, բայց ձախողվել է: Ծախսերը կրճատելու համար Ժողովրդական ժողովը որոշել է արձակել նավատորմը՝ դրանով իսկ Հերակլիդեսին զրկելով իր ազդեցության հիմնական գործոնից: Սպարտան Դիոնիսոսին օգնական զորախումբ է ուղարկել, որը ճակատամարտերից մեկում հաղթել է Դիոնին, բայց շուտով այդ ջոկատը հետ է կանչվել: Ի վերջո, մ.թ.ա. 355 թվականին, Ապոլոկրատոսը, զրկված լինելով պարենից ու արտաքին օգնությունից, հանձնվել է Օրտիգիային՝ կղզուց անարգել հեռանալու հնարավորության դիմաց:

Օրտիգիայի կապիտուլյացիայով պատերազմը կարող էր ավարտված համարվել: Դիոնիսոսի բռնապետությունը Սիցիլիայում լիովին տապալվել էր, և Դիոնը կարող էր խաղաղ կառավարել ու իրականացնել այն բարեփոխումները, որոնք ավելի վաղ մտահղացել էր: Հին հեղինակները հայտնում են, թե նա ապրել է, չնայած իր բարձր դիրքին, շատ համեստ: Ճշգրիտ տեղեկություն այն մասին, թե Դիոնն ինչ փոփոխություններ է ցանկացել կատարել Սիրակուզայի պետական կարգում, պահպանված աղբյուրներում չկա: Պլուտարքոսը գրում է, թե նա ցանկացել է ներմուծել Սպարտայի պետական կարգը, այսինքն միախառնել ժողովրդական ու թագավորական իշխանություններն այնպես, որ առաջնակարգ նշանակություն ունեցող հարցերը քննարկվեն ու լուծվեն լավագույն քաղաքացիների կողմից: Դա մոտավորապես նույնանում է պլատոնական այն նամակին, որի համաձայն Դիոնը կամ նրա որդին պիտի թագավորական իշխանություն ստանային: Ըստ երևույթին, նախատեսվել է սահմանափակել Ժողովրդական ժողովի լիազորությունները և ընդօրինակել Կորնթոսի պետական կարգը, որը օլիգարխիական կառուցվածք է ունեցել: Այս ծրագրերը դաժան քննադատության են ենթարկվել Դիոնի հակառակորդների և հատկապես Հերակլիդեսի կողմից: Դիոնին մեղադրել են բռնակալական ձգտման մեջ, նրան մեղսագրվել է, թե նա իր խորհրդականներ է դարձրել կորնթացիներին, արգելել է քանդել Օրտիգիի ամրություններն ու Դիոնիսիոս Ավագի դամբարանը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1762 | 0 | 0
Facebook