Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Հոդվածներ

Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (1)

20:45, երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ.
Բախտի բերմամբ պետության ղեկավար դարձած խելացի արկածախնդրի կյանքն ու անփառունակ վախճանը (1)

Հին հույները, սկսած մ.թ.ա. 8-րդ դարից սփռվել են միջերկրածովյան և սևծովյան ավազանների ափամերձ տարածքներում ու գաղութներ են հիմնել: Այդպիսի գաղութներից մեկն էլ եղել է ներկայիս Սիցիլիա կղզու արևելյան ափին հիմնված Սիրակուզա քաղաքը, որը մի քանի դար շարունակ տիրել է կղզու մեծ մասին:

Սիրակուզան իր հզորության գագաթնակետին է հասել բռնակալ Դիոնիսոս Ավագի կառավարման տարիներին (մ.թա. 405 – 367 թթ.): Նրան հաջորդել է իր որդին՝ Դիոնիսոս Կրտսերը: Սա Սիրակուզան կառավարել է մ.թ.ա. 367-ից 357 և 354-ից 343 թվականներին:

Ինչպես տարեթվերն են վկայում՝ Դիոնիսոս Կրտսերը 3 տարի պետության ղեկին չի եղել: Թե ինչու, կիմանաք ստորև: Բավականին հետաքրքիր է:

Սիրակուզայում իշխանությունը բռնազավթելու գործում Դիոնիսոս Ավագին մեծապես օգնել է սիրակուզացի հարուստ ազնվական Հիպպարինոսը, որի վեց որդիներից մեկին՝ Դիոնին, Հիպպարինոսի մահից հետո Դիոնիսոսը, ի նշան երախտագիտության, իր խնամակալության տակ է առել, ապա, տարիներ անց (մ.թ.ա. 395 թվականին) դարձել է երիտասարդի փեսան՝ ամուսնանալով նրա քույրԱրիստոմաքեսի հետ: Վերջինս նրանից երկու տղա և երկու աղջիկ է ծնել: Արետե անունով դստերը Դիոնիսոսն ամուսնացրել է իր եղբոր՝ Թեարիդեսի հետ, իսկ վերջինիս մահից հետո, մոտավորապես 370 թվականին, այրիացած դստերն ամուսնացրել է իր հովանավորյալի՝ Դիոնի հետ: Իր մյուս դստերը՝ Սոֆրոսինային, Դիոնիսոսն ամուսնացրել է իր հարազատ որդիներից մեկի՝ Դիոնիսոս Կրտսերի հետ: Այսինքն՝ հայրն իր որդուն ու դստերն իրար հետ է ամուսնացրել: Իսկ Դիոնը, ամուսնանալով Դիոնիսոսի մյուս դստեր հետ, դարձել է իշխող ընտանիքի անդամ:

Դիոնը, ինչպես վկայում է Պլուտարքոսը, ունեցել է «տպավորիչ արտաքին», եղել է հետաքրքրասեր ու լրջմիտ անձնավորություն: Դիոնիսիոս Առաջինը նրան բարձր է գնահատել, սիրել է իր որդու պես ու ներգրավել է պետական գործերում:

Դիոնը ղեկավարել է բազում դեսպանություններ (մասնավորապես՝ Կարթագենի հետ բանակցող) . դրա շնորհիվ նա ձեռք է բերել քաղաքական մեծ փորձառություն ու բարեկամական կապեր է հաստատել Սիցիլիայի սահմաններից դուրս: Դիոնիսոսը նրան թույլ է տվել գանձարանից վերցնել ցանկացած գումար: Կա ենթադրություն, որ Թեարիդեսի մահից հետո Դիոնը ստացել է ոչ միայն նրա կնոջը, այլև սիցիլիական նավատորմի հրամանատարի պաշտոնը:

Դիոնը սիրել է փիլիսոփայությունը: Պատանեկության տարիներից նա մտերմացել է Պյութագորասի հետևորդներին, իսկ ավելի ուշ ենթարկվել է Պլատոնի ու նրա ուսմունքի ազդեցությանը: Պլատոնը գրել է, թե իրենց ծանոթության ժամանակ Դիոնը տակավին պատանի է եղել ու հետևյալն է հավելել.

«Նա ամեն ինչի ընկալունակ էր, և ինչ ես ասում էի, անմիջապես ըմբռնում էր: Նա իմ ասածները խորությամբ ու արագությամբ էր յուրացնում. երբևէ ինձ հանդիպած երիտասարդներից ոչ մեկն այդպիսի ունակություն չի ունեցել: Հաճույքներից ու պերճությունից ավելի սիրելով առաքինությունը՝ նա ցանկացել է իր ամբողջ մնացյալ կյանքն ապրել ո՛չ այնպես, ինչպես իտալիկների ու սիցիլիացիների մեծ մասը»:

Դիոնը շատ լրջորեն է ընկալել Պլատոնի՝ բարոյական արժեքների վրա հիմնված իդեալական պոլիս ստեղծելու երազանքը: Հետագայում այդ երազանքները նրա համար դարձել են գործունեության ուղեցույց:

Մ.թ.ա. 367 թվականից, երբ մահացել է Դիոնիսոս Ավագը, Դիոնի կարգավիճակը սկսել է փոխվել: Դիոնիսոսը երկու կին և երկու ճյուղի բաժանված մեծ ընտանիք է ունեցել: Նրա որդիներից ավագը և, ըստ կարգի, նրա իշխանության ժառանգորդը եղել է Դորիսի ծնած Դիոնիսոսը: Մյուս կինը՝ Դիոնի քույր Արիստոմաքեն, երկու որդի է ծնել՝ Հիպպարինոսին ու Նիսեոսին: Պաշտպանելով իր ազգականների ու աներորդիների շահերը՝ դեռ Դիոնիսոս Ավագի կենդանության ժամանակ Դիոնը հասել էր նրան, որ պետությունը բաժան-բաժան էր արվել, բայց հետո անհաջողություն էր կրել: Այդ իսկ պատճառով Դիոնիսոս Կրտսերը, իշխանության անցնելու պահից սկսած Դիոնին անվստահությամբ է վերաբերվել, և այդ անվստահությունն աստիճանաբար վերածվել է թշնամանքի:

Դիոնիսոս Կրտսերի կառավարման սկզբնական շրջանում Դիոնն աջակցել է նոր բռնապետին ու ներդրում է ունեցել նրա ամրապնդման գործում: Ըստ Պլուտարքոսի՝ Դիոնիսոս Ավագի մահից հետո հրավիրված խորհրդի նիստում նա, ի տարբերություն պալատական շողոքորթների, համարձակություն է դրսևորել. ի պատասխան Կարթագենից սպասվող վտանգի մասին խոսակցությունների՝ Դիոնը պատրաստակամություն է հայտնել կա՛մ անհապաղ Լիբիա մեկնել և առավել նպաստավոր պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել, կա՛մ իր հաշվին 50 տրիեր (նավ) հանդերձավորել պատերազմը շարունակելու համար: Դիոնը պահպանել է իր ազդեցությունը, և Դիոնիսոսը, նրա համառ պնդմամբ, Պլատոնին Սիրակուզա է հրավիրել (մ.թ.ա. 367/366 թ.): Հավանաբար, բռնապետը պատրաստ է եղել փոխել կառավարման ձևը պլատոնական փիլիսոփայության հանգույն: Այդպիսի հնարավորություն առկայության մասին Դիոնը գրել է Պլատոնին: Պահպանվել է Պլատոնի պատմածն այդ մասին.

«Մենք ուրիշ ինչպիսի՞ առավել բարենպաստ ժամանակի կարող ենք սպասել, - գրել էր նա, - քան այն ժամանակը, որը մեզ հիմա վիճակվել է ինչ-որ աստվածային թույլտվությամբ: Այնուհետև նա նշել էր Իտալիայի և Սիցիլիայի վրա իր անձնական ազդեցության, Դիոնիսոսի երիտասարդ լինելու, փիլիսոփայության ու կրթության նկատմամբ նրա ձգտման մասին: Նա ասում էր, թե շատ հեշտ է նրա ազգականներին ու մերձավորներին ուղղորդել դեպի այն գիտությանն ու կյանքին, որը ես միշտ քարոզել եմ, և որ նրանք բոլորից շատ են ունակ այդ նույն բանին հակել Դիոնիսոսին: Այնպես որ, հենց հիմա էլ կարող է ամբողջովին իրականանալ այն հույսը, որ մեծ պետությունների փիլիսոփաներն ու տիրակալները կարող են միևնույն անձինք լինել: Այն ժամանակ այդպիսին էին նրա կոչերն ու ուրիշ շատ գայթակղիչ առաջարկությունները…»:

Նկարում Դիոնը Դիոնիսոսին է ներկայացնում փիլիսոփա Պլատոնին:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
778 | 0 | 0
Facebook