Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր գրքեր Ազգային գրադարանում

11:07, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
Նոր գրքեր Ազգային գրադարանում
    
    
    

Հայաստանի ազգային գրադարանի հերթական #գրքային_համալրումները.

Գրադարանի հարուստ հավաքածուն շարունակվում է համալրվել Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նոր հրատարակություններով։ Ընկերությունը միջեկեղեցական կազմակերպություն է, որի նպատակն է Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանությունն ու հրատարակումը և տարածումը՝ առանց մեկնությունների։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներկայիս ատենապետն է Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը։

Նոր ստացումների շարքում տարբեր տարիների հրատարակություններ են (Նոր Կտակարան և Սաղմոսներ Նոր Էջմիածին թարգմանություն «Մկրտության», Նոր Կտակարան և Սաղմոսներ Նոր Էջմիածին թարգմանություն «Պսակադրության», Մանուկների Աստվածաշունչ, Մանկական Աստվածաշունչ Կապույտի Ելևէջները, Երեխաները կարդում են Աստվածաշունչը, Աստվածաշունչ Նոր Արարատ թարգմանություն, Աստվածաշունչ Նոր Էջմիածին թարգմանություն, Աստվածաշունչ Նոր Արարատ թարգմանություն...) ։

Աստվածաշնչային առաջին ընկերությունը հիմնադրվել է 1710 թ.-ին, Գերմանիայում՝ ժողովրդին հասկանալի լեզվով և մատչելի գնով Աստվածաշունչ մատակարարելու նպատակով։ 19-րդ դարի սկզբին աստվածաշնչային ընկերություններ են ստեղծվել Անգլիայում, Ամերիկայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Բրիտանական աստվածաշնչային ընկերությունը Աստվածաշունչը տարածել է ոչ միայն Անգլիայում և բրիտանական մյուս երկրներում, այլև ամբողջ աշխարհում՝ տվյալ երկրի ժողովրդի լեզվով։ 1813 թ.-ին ստեղծված Ռուսաստանի աստվածաշնչային ընկերությունը Ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող բոլոր ժողովուրդների լեզուներով Սուրբ Գիրք և կրոնական գրականություն է տպագրել Ռուսական կայսրության տարբեր ազգերի հոգևոր առաջնորդներ անդամակցել են Ռուսական աստվածաշնչային ընկերությանը և աջակցել նրա գործունեությանը։ Հայոց կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին (1809–1830 թթ.) դարձել է այդ ընկերության փոխնախագահներից մեկը։

Մինչև 19-րդ դարի 1-ին քառորդը Ռուսական և Բրիտանական աստվածաշնչային ընկերությունները համատեղ հազարավոր օրինակ հայական (գրաբար և աշխարհաբար), ինչպես նաև հայատառ թուրքական Աստվածաշունչ և նրա առանձին մասեր են տպագրել ու զեղչ գներով, երբեմն էլ՝ անվճար, բաժանել ժողովրդին։ Աշխարհի բոլոր աստվածաշնչային ընկերությունների միջև հարաբերությունների սերտացման և նրանց ջանքերի համատեղման անհրաժեշտությունը ծնունդ է տվել աստվածաշնչային ընկերությունների շարժման։ 1946 թ.-ին ստեղծված Միացյալ աստվածաշնչային ընկերությունը, որպես մասնագիտացված կազմակերպություն, աշխարհի 200-ից ավելի աստվածաշնչային ընկերություններին և գրասենյակներին, այդ թվում՝ ՀԱԸ-ին, հնարավորություն է ընձեռում օգտվելու իր մասնագետների՝ լեզվաբանների, հրատարակիչների, թարգմանիչների, ինչպես նաև տպարանների ուղղակի կամ անուղղակի ծառայություններից։ ՀԱԸ ընդգրկված է Եվրոպա-Միջին Արևելք տարածաշրջանի կազմում, որի աշխատանքները համակարգվում են Անգլիայի Քրոլի քաղաքում գործող տարածաշրջանային կենտրոնի գրասենյակում։ ՀԱԸ մասնակցում է տարածաշրջանային տարբեր բնույթի ժողովների ու խորհրդակցությունների, ութ տարին մեկ՝ Միացյալ աստվածաշնչային ընկերության համաշխային համագումարին, որը սահմանում է ընկերության գործունեության համընդհանուր սկզբունքները և երկկողմանի հարաբերություններ զարգացնում տարբեր երկրների աստվածաշնչային ընկերությունների հետ։ ՀԱԸ ղեկավարում են Ազգային համագումարը (հրավիրվում է տարին մեկ) և հոգաբարձուների խորհուրդը՝ ընկերության գլխավոր քարտուղարի միջոցով։ Ներկայումս ՀԱԸ-ի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է յոթ հոգուց՝ չորսը՝ Հայ առաքելական, երկուսը՝ Հայ ավետարանական, մեկը՝ Հայ կաթողիկե եկեղեցուց։ Հոգաբարձուների խորհրդի առաջին ատենապետն է եղել Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Ներկայիս ատենապետն է Եզնիկ եպիսկոպոսը Պետրոսյանը, փոխնախագահներն են Ներսես արքեպիսքոպոսը Տեր-Ներսեսյանը՝ Հայ կաթողիկե եկեղեցուց, և վերապատվելի Ռընե Լևոնյանը՝ Հայ ավետարանական եկեղեցուց։


    

#Ազգայինի_նոր_համալրումները

#Նոր_գրքեր, #համալրումներ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2170 | 0 | 0
Facebook