Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպանությունը մասնագիտություն դարձրած կինը բազում տարիներ ոչ միայն չի պատժվել, այլև կայսրից հարուստ կալվածքներ ու, նույնիսկ, աշակերտներ է ստացել

23:52, երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ.
Սպանությունը մասնագիտություն դարձրած կինը բազում տարիներ ոչ միայն չի պատժվել, այլև կայսրից հարուստ կալվածքներ ու, նույնիսկ, աշակերտներ է ստացել

Մ.թ.ա. առաջին դարում ծագումով գալլ մի կին է հանրահռչակված եղել Հռոմում: Նա տարատեսակ թույներ է պատրաստել ու վաճառել: Նրա ծառայությունից օգտվել են Կալիգուլա և Ներոն կայսրերը, ինչպես նաև Ներոնի մայրը՝ Ագրիպինա Կրտսերը: Պատմիչներն ասում են, թե նա միշտ թույնի ոչ մեծ չափաբաժին է խմել ու դրա շնորհիվ անխոցելի դարձել թունավորումների դեմ:

Կլավդիոս կայսեր ժամանակ թույներ պատրաստող այդ կնոջ՝ Լուկուստայի անունն արդեն հայտնի է եղել ամբողջ Հռոմում: Նա ծառայություններ է մատուցել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են եղել այդ ծառայույունների համար վճարել: Նա իր թույները պատրաստելիս օգտագործել է ընձախոտը, թունավոր մոլեխինդը, և շատ հավանական է, որ նրան հայտնի է եղել մկնդեղի օքսիդի պատրաստման բաղադրատոմսը, եթե նկատի առնենք, որ Կալիգուլա կայսրը կարգադրել է Հռոմ բերել այդ նյութի մեծ քանակություն իր փորձերի համար և, շատ հավանական է, որ նա այդ նյութն օգտագործել է ուղղակի թունավորելու համար:

Լուրեր են շրջանառվել, թե Լուկուստայի օգնությանն է դիմել Ագրիպինան՝ ամուսնու՝ Կրիսպոսի ունեցվածքին տիրելու համար: Կրիսպոսի մահը ժամանակակիցներին շատ կասկածելի է թվացել: Ճիշտ է, այդ կասկածները փաստական ապացույցներով չեն հիմնավորվել, բայց կայսր Կլավդիոսի սպանությունն Ագրիպինայի կողմից, ըստ էության, ապացուցվել է: Հռոմեացի պատմիչ Սվետոնիոսն այս առնչությամբ գրել է. «Կլավդիոսը մեռավ թույնից, ինչպես ընդունում են բոլորը, բայց թե ով և որտեղ նրան թույն տվեց, այդ մասին տարբեր բաներ են ասում: Ոմանք ասում են, թե այդ արել է ներքինի Գալոտոսը, որն ստուգում էր նրա խորտիկները Կապիտոլիումում քրմերի ճաշկերույթի ժամանակ, ուրիշներն ասում են, թե Ագրիպինան ինքը տանը ճաշելիս նրան թույն մատուցեց սպիտակ սնկերի մեջ: Թե ինչ պատահեց հետո, նույնպես տարբեր կերպ են պատմում: Մեծամասնությունը հաղորդում է, թե թունավորումից անմիջապես հետո նրա լեզուն բռնվել է, և նա, տանջվելով ողջ գիշեր, արշալույսին մահացել է: Ոմանք էլ հայտնում են, թե նա ուշակորույս է եղել, հետո, ստամոքսը լիքը լինելու պատճառով, ամբոջ կերածը փսխել է, որից հետո նրան նորից թույն են տվել կամ թույնը դրել են այն շիլայի մեջ, որպեսզի փսխելուց հետո շիլան իբրև թե ամրապնդեր նրան: Կամ էլ թույնը ներմուծել են լվացում կատարելիս, որպեսզի դրանով իբրև թե թեթևացնեն նրա ստամոքսը ծանրությունից»:

Իսկ մեկ այլ հռոմեացի պատմիչ՝ Տակիտոսը, գրում է, թե թույնը պատրաստել է հռչակավոր Լուկուստան, որ թույնը Կլավդիոսին մատուցել է Գալոտոսը, իսկ երբ այն չի ներգործել, ապա բժիշկ Քսենոփանտեսը, իբր թե ցանկանալով փսխում հարուցել, նրա կոկորդն է մտցրել արագ ներգործող թույնի մեջ թաթախված փետրիկ:

Ինչպես նկատեցիք, պատմիչների տեղեկություններում որոշ տարբերություններ կան, բայց նրանք համամիտ են, որ թույնը խառնված է եղել սպիտակ սնկից պատրաստաված կերակուրին, որը կայսրի սիրած կերակուրներից մեկն է եղել:

Ագրիպինան շտապել է: Առաջին ամուսնությունից ծնված նրա որդին՝ Ներոնը, որի անունից նա մտադիր է եղել կառավարել կայսրությունն ամուսնու մահից հետո, կարող էր ցանկացած պահի կորցնել գահի նկատմամբ իրավունքը: Ինչպես երևում է, իր յուրաքանչյուր ցանկության ի կատար ածումից երես առած երիտասարդ Ներոնն ինչ որ պահի չափն անցել է, և Կլավդիոսն աստիճանաբար սառել է նրա նկատմամբ ու փոշմանել է, որ որդեգրել է Ներոնին ու նրան ամուսնացրել է իր դստեր՝ Օկտավիայի հետ:

Սվետոնիոսն ասում է, թե Կլավդիոսը նոր կտակ է կազմել ի օգուտ իր հարազատ որդու՝ Բրիտանիկոսի և Ագրիպինայի հանդիմանանքներին այս խոսքով է պատասխանել. «Հռոմեական ժողովրդին իսկական Կեսար է հարկավոր»:

Հաստատ է, որ Լուկուստան, կայսրուհու հրամանով, պատրաստել է արագ ներգործող թույն, բայց Կլավդիոսն սկսել է փսխել: Վախենալով, թե կայսրը կարող է ողջ մնալ, Կլավդիոսի հույն բժիշկ Քսենոֆոնտեսը, ինչպես վերն ասվեց, թունավոր փետուր է նրա կոկորդը խոթել:

Սպանության փաստը չի թաքցվել: Ներոնը մարդկանց ներկայությամբ ցուցադրաբար հրաժարվել է սպիտակ սնկից՝ դա «աստվածային սնունդ» (մահվանից հետո Կլավդիոսն աստվածացվել է) անվանելով:

Դառնալով կայսր՝ Ներոնը չի խորշել օգտվել արհեստավարժ թունավորող կնոջ ծառայություններից: Այս անգամը զոհը եղել է Կլավդիոսի հարազատ որդին՝ Բրիտանիկոսը: Ագրիպինան նրա սպանության հետ առնվազն անուղղակի առնչություն է ունեցել: Քանի որ որդին՝ Ներոնը, այլևս չի ցանկացել նրա ցուցումներով կառավարել, Ագրիպինան փորձել է գահի օրինական հավակնորդին՝ Բրիտանիկոսին, նրան հակադրել: Իմանալով խորթ եղբոր հավակնության մասին, Ներոնը որոշել է նրան սպանել:

Ի դեպ, առաջին մահափորձը ձախողվել է: Ահա՛ թե ինչ է գրել Սվետոնիոսը.

«Բրիտանիկոսին, որին Ներոնը նախանձում էր, քանզի ավելի հաճելի ձայն ուներ, և որից վախենում էր, քանզի ժողովուրդը կարող էր նրան գերապատվություն տալ ի հիշատակ իր հոր, վճռեց կործանել թույնով: Այդ թույնը նա ստացավ ոմն Լուկուստայից՝ թույներ սարքող մի կնոջից: Բայց թույնն ավելի թույլ դուրս եկավ, քան կարծում էին, և Բրիտանիկոսի փորը միայն լուծեց: Այնժամ նա այդ կնոջը կանչել տվեց մոտը և սկսեց սեփական ձեռքերով ծեծել նրան՝ գոռալով, որ նա ոչ թե թույն է տվել, այլ դեղ: Սա արդարացել է, թե թույն քիչ է դրել՝ չցանկանալով սպանության կասկած հարուցել, բայց Ներոնը բացականչել է. «Մի՞թե ես վախենում եմ Հուլիոսի օրենքից», և կնոջն ստիպել է հենց այդտեղ՝ ննջարանում, իր աչքի առջև եփել ամենաուժեղ և արագ ներգործող թույնը: Թույնը փորձել են այծի վրա, և այծը սատկել է հինգ ժամ անց: Նորից ու նորից եռացնելով՝ այն տվել են խոճկորին, և խոճկորը տեղնուտեղը սատկել է: Այնժամ Ներոնը հրամայել է թույնը մատուցել իր հետ ճաշող Բրիտանիկոսին: Առաջին իսկ կումից սա մահացած ընկել է, իսկ Ներոնը, ստելով սեղանակիցներին, թե իբր դա ընկնավորության սովորական նոպա է, հաջորդ օրը, տեղատարափ անձրևի տակ, նրան շուտափույթ և առանց պատիվների թաղել է: Իսկ Լուկուստան արած գործի համար և՛ չի պատժվել, և՛ հարուստ կալվածքներ ու, նույնիսկ, աշակերտներ է ստացել»:

Բրիտանիկոսին թույնը մատուցելու և դրան հաջորդած դեպքերի մասին Տակիտոսը գրել է.

«Դեռևս անվնաս, բայց լիովին չպաղած խմիչքը ստրուկի ձեռքով մատուցվում է Բրիտանիկոսին. նա այն մերժում է՝ համարելով դեռևս շատ տաք: Խմիչքի վրա սառը ջուր է ավելացվում դրա մեջ լուծված թույնի հետ միասին, որը ակնթարթորեն ներթափանցում է նրա բոլոր անդամների մեջ, և միանգամից կտրվում է նրան ձայնն ու շնչառությունը: Նրա շուրջը նստածներին սարսափն է համակում, և նրանք, ովքեր ոչ մի բանի մասին չէին պայմանավորվել, խառնաշփոթ ցրվում են, մինչդեռ առավել սկզբունքայինները մեխվում են իրենց տեղում ու հայացքները սևեռում են Ներոնի վրա: Իսկ նա, չփոխելով մարմնի դիրքը՝ կիսապառկած վիճակում՝ ասես ոչինչ էլ չէր եղել, ասում է, թե դա սովորական բան է, քանի որ դեռ վաղ մանկությունից ընկնավորություն ունի... Բայց Ագրիպինայի դեմքին այնպիսի սոսկում և այնպիսի հոգեկան ցնցում հայտնվեց, չնայած այդ ամենը քողարկելու ջանքին, որ ակնհայտ էր՝ նրա, ինչպես նաև Բրիտանիկոսի քրոջ՝ Օկտավիայի համար տեղի ունեցածն անակնկալ էր...Կարճաժամկետ լռությունից հետո սեղանի շուրջ տիրող աշխուժությունը վերականգնվեց:

Հենց նույն գիշեր տեղի ունեցավ նրա թաղումը Մարսյան դաշտում, հորդառատ անձրևի տակ, որում ժողովուրդը տեսավ աստվածների զայրույթը...»:

Իսկ երբ մոտեցել է Ներոնին տապալելու ժամանակը, նա Լուկուստային կարգադրել է իր համար պատրաստել ակնթարթային ներգործության թույն: Հանձնարարությունը կատարվել է, բայց Հռոմից հապշտապ փախչելիս՝ կայսրը մոռացել է թույնը վերցնել: Մնացյալը հայտնի է. ազատարձակի օգնությամբ Ներոնը սուրը մխրճել է իր կոկորդն ու մեռել:

Զրկվելով պաշտպանությունից ու կայսեր ողորմածությունից՝ Լուկուստան աշխատել է հնարավորինս աննշմար ապրել: Բայց արդեն ուշ էր: Արհեստավարժ թունավորողի համբավը, նրա նկատմամբ ատելությունն ու նրանից հռոմեացիների վախը հանգեցրել են նրան, որ նոր կայսրը՝ Գալբան, այս կնոջ նկատմամբ մահավճիռ է կայացրել: Լուկուստային մահապատժի են ենթարկել Ներոնի սպանության տարում՝ 68 թվականին:

Նկարում՝ Լուկուստան իր պատրաստած թույնը փորձարկել է ստրուկի վրա:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2620 | 0 | 0
Facebook
COMMENT.am