Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հույս է ունեցել սպանությամբ կասեցնել սերբ հայրենասերների արտահանձնումը Հաագայի դատարան

22:51, ուրբաթ, 12 մարտի, 2021 թ.
Հույս է ունեցել սպանությամբ կասեցնել սերբ հայրենասերների արտահանձնումը Հաագայի դատարան

2003 թվականի մարտի 12-ին Սերբիայի կառավարության շենքի մուտքի մոտ գնդակահարվել է Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչը:

2001 թվականին նա գլխավորել է Սերբիայի այն կառավարությունը, որը, շրջանցելով Հարավսլավիայի Սահմանադրական դատարանի որոշումը, 1, 3 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության դիմաց Հաագայի միջազգային դատարանին է հանձնել երկրի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչին:

Ըստ սպանության հետաքննության տվյալների՝ Կառավարական տան մերձակա բազմահարկ շենքերից մեկում դիրքավորված դիպուկահարը հիսունամյա վարչապետի վրա երկու գնդակ է արձակել 30, 8 մմ տրամաչափի «Heckler & Koch G3» հրացանից: Գնդակներից մեկը խոցել է վարչապետի որովայնը, իսկ մյուսը՝ սիրտը: Ջինջիչը մահացել է հիվանդանոցում:

Սպանությունից առաջ վարչապետի նկատմամբ էլի մի քանի մահափորձ է եղել: Առավել նշանակալին տեղի է ունեցել սպանությունից մեկ ամիս առաջ, երբ Դեժան Միլանկովիչը բեռնատարով փորձել է խփել մայրուղով ընթացող վարչապետի մեքենային: Ջինջիչը ողջ է մնացել իր վարորդի արագ կողմնորոշման ու արագ գործելու շնորհիվ: Միլենկովիչը ձերբակալվել է, բայց մի քանի օր անց ազատ է արձակվել: Դատարանը որոշել է, թե Միլենկովիչն առևտրական է եղել և մեքենան արագ է վարել, որովհետև շտապել է փրկել իր փլուզվող բիզնեսը:

Սերբիայի կառավարությունը երկրում մեկ ամսով արտակարգ դրություն է սահմանել: Սպանության կազմակերպիչ է հայտարարվել Բելգրադի արվարձան հանդիսացող Զեմուն քաղաքի հանցագործ խմբավորումը:

Ըստ հետաքննության տվյալների՝ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ Ջինջիչի ղեկավարությամբ մղվող պայքարը «զեմունյան խմբավորմանը» ոտքի է հանել պատասխան գործողությունների: Ոստիկանությունը ձերբակալել է խմբավորման հետ առնչություն ունեցող ավելի քան հազար մարդու և մեղադրանք է առաջադրվել նրանցից 400-ին:

Ըստ երկրի դատախազության հայտարարության՝ սպանության իրականացմանը մասնակցել են Միլոշևիչի վարչակազմին մոտ կանգնած ուժային կառույցների աշխատակիցներ: Սպանության կատարումը ստանձնել է Սերբիայի «Կարմիր բերետավորներ» -ի հրամանատարի նախկին տեղակալ Զվեզդան Յովանովիչը, որը ձերբակալության պահին հայտարարել է, թե «այդ կերպ փորձել է կասեցնել սերբ հայրենասերների արտահանձնումը Հաագայի դատարանին»:

Դատավարությունը սկսվել է 2003 թվականի դեկտեմբերին և առ այսօր ամբողջովին չի ավարտվել: Ջինջիչի սպանությանը մասնակցության մեղադրանք է ներկայացված 36 մարդու, որոնց մի մասի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

2004 թվականի մայիսի 2-ին սպանության կազմակերպիչներից գլխավոր կասկածյալ Միլորադ Լուկովիչը կամավոր հանձնվել է ոստիկանությանը՝ հայտարարելով, որ ինքն անմեղ է: Առայժմ մեղադրանքի վարկածը հակասում է հիմնական վկաների ցուցմունքներին: Օրինակ՝ սպանված վարչապետի պահակախմբի ղեկավար Միլան Վերուովիչը, որը սպանության պահին եղել է Ջինջիչի կողքին, պնդել է, թե երեք կրակոց է եղել. երկու կրակոցն արձակել է Յովանովիչը, իսկ երրորդը՝ անհայտ անձնավորություն:

2005 թվականի փետրվարին Ջինջիչի նախկին աշխատակից Վլադիմիր Պոպովիչը նոր վարկած է առաջ մղել: Ըստ նրա՝ սպանությունը հետևանք է ուժայինների դավադրության, որոնք վախեցել են, թե անվտանգության ծառայությունում վերադասավորումներ կլինեն:

Առայժմ երկու անձի նկատմամբ է ծանր պատիժ սահմանված. Միլորադ Լուկովիչը և Զվեզդան Յովանովիչը դատապարտվել են 40-ական տարվա բանտարկության:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3736 | 0 | 0
Facebook
COMMENT.am