Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատմությունը՝ արժանապատվության դարբնոց

10:42, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
Պատմությունը՝ արժանապատվության դարբնոց

Հայոց հերոսամարտերի մասին շատ է գրվել ու խոսվել, բազմիցս ընդգծվել է մեր արիներին դեպի հերոսացում ուղղորդող գլխավոր ազդակների՝ հայրենասիրության ու հավատքի մասին: Մինչդեռ, ըստ իս, մեր քաջորդիներին խիզախումների մղող գլխավոր ազդակներից մեկը եղել է պատվի ու արժանապատվության զգացումը, որի մասին քիչ է ասվում և որի պակասը մեր իրականությունում շատ ակնառու է: Մատաղ սերնդի ճիշտ դաստիարակության համակարգում պետք է առանձնահատուկ տեղ հատկացվի արժանապատվության սերմանմանը, թեպետ կասկածում եմ, թե մեր իշխանությունները, բոլոր պաշտոնյաներն ու փողատերերը կարող են շահագրգռվածություն դրսևորել այս հարցում, որովհետև ավելի քան հստակ է, որ նրանց անհրաժեշտ են ոչ թե արժանապատիվ քաղաքացիներ, այլ ստրուկի նման հնազադ ու հաճկատար ենթականեր: Բայց և այնպես, համատարած ստրկացման այս մթնոլորտում անգամ ավելորդ չէ արժանապատվության մասին խոսելը. օգտակար են և՛ մեր, և՛ օտար կյանքից վերցված ուսանելի օրինակները:

*****
    

«Յուրաքանչյուր բարձրագույն աստիճան նպատակ է ստորինի համար: Հոգին դրան կարող է հասնել միայն մաքրման միջոցով, իսկ այդ մաքրման համար նա պետք է մարզվի առաքինության մեջ: Առաքինությունները չորսն են՝ իմաստություն, արիություն, բարեմտություն, արդարություն: Բարձրագույն առաքինությունները մարդու հոգին փրկում են զգայական աշխարհից և մարդուն բարձրացնում են դեպի վեր՝ դեպի աստվածություն…»:

Պլոտինոս, Ք.ա. 3-րդ դարի հույն փիլիսոփա

*****
     «Ինձ տրված չէ առանց բարոյական զարհուրանքի դիտել մարդուն իր նվաստության մեջ: Այդ վիճակում տեսնել պիտի չուզեի թշնամուս անգամ: Լավ է դժբախտ, քան նվաստամիտ լինել: Նվաստանալով՝ ենթական խաթարում է իր մարդկային կերպարը, սպանում է իր ներքին մարդուն: Չնվաստանալու համար սպարտացի մանուկը քարի վրա իր գանգը փշրեց…

Մի՛, մի՛ նվաստանար՝ անգամ Աստծուդ առաջ»:

Գարեգին Նժդեհ

*****
     Ինձ հիացմունք է պատճառում Ալեքսանդր Մակեդոնացու հետևյալ արտահայտությունը. «Փիլիպոսին (խոսքն իր հոր մասին է) ես պարտական եմ նրա համար, որ կամ ու ապրում եմ, իսկ Արիստոտելին (սա եղել է նրա դաստիարակն ու ուսուցիչը) պարտական եմ ունեցածս արժանապատվության համար»: Ասել կուզի՝ անկիրթ մարդը ոչ միայն չի կարող արժեվորել արժանապատվությունը, այլև չի կարող արժանապատվորեն ապրել: Սա, կարծում եմ, հիանալի պատգամ է բոլոր նրանց, ովքեր խույս են տալիս կրթությունից: Եվ պատահական չէ, որ հելլենիստական կրթություն ստացած և ողբերգություններ գրած մեր արքաներից մեկը՝ Արտավազդ 2-րդը, նախընտրեց արժանապատիվ մահը, քան ծնկաչոք կյանքը. մեր գերված արքան, թագուհին ու արքայական ընտանիքի անդամները հրաժարվեցին խոնարհվել ու փառաբանել Կլեոպատրային՝ գերադասելով արժանապատիվ մահը: Նրանց տանում էին Ալեքսանդրիայի փողոցներով՝ մինչև այն տեղը, որտեղ ոսկեկուռ գահին նստած էր Եգիպտոսի փառասեր ու հանուն իշխանության պահպանման իր եղբորն ու քրոջն սպանած թագուհին: Արտավազդին և նրա ընտանիքի անդամներին խոստացել էին, որ եթե նրանք աղաչանքի աղաղակներով դիմեն Կլեոպատրային և նրան «թագուհիների թագուհի» անվանեն, ոչ միայն չեն սպանվի, այլև ազատություն կստանան: Բայց հայոց արքան ու իր մերձավորները ոչ միայն չաղաչեցին, այլև Կլեոպատրային իր սովորական անունով դիմեցին: Անտոնիոսը նրանց գլխատել տվեց: «Հայերը, -ասում է հռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսը, - պահպանեցին իրենց ոգու վեհությունը, ուստի և փառավոր անվան արժանացան» :

Արժանապատվորեն ապրելու դրսևորում է նաև այն, երբ մարդը վարվում է այնպես, որպեսզի հանդիմանության չարժանանա: Հին Սպարտայում եղել է ոմն Ագեսիլայոս, որը երբեք, որքան էլ ծանր աշխատանք իրեն հանձնարարվեր, չի վկայակոչել իր մարմնական արատը՝ կաղությունը, որպեսզի ազատվի տվյալ աշխատանքից:

Նվաճումներով Հնդկաստան հասած Ալեքսանդր Մակեդոնացին հրամայում է, որ հնդիկ համբավավոր նետաձիգը ցուցադրի իր դուպուկահարությունը՝ որոշակի հեռավորությունից նետն անցկացնելով ծառից կախված մատանու միջով: Նետաձիգը հրաժարվում է կատարել աշխարհակալի պահանջը, և Ալեքսանդրն հրամայում է անհնազանդին մահապատժի ենթարկել: Դատապարտյալին տանելով կառափնարան՝ զինվորները նրան հարցնում են, թե ինչո՞ւ չցանկացավ հնազանդվել թագավորի հրամանին: Եվ նա պատասխանում է. «Վաղուց է, ինչ չեմ ձգել աղեղս և երկյուղեցի, թե կարող եմ վրիպել և փառքս ու պատիվս գետնով տալ: Նախընտրում եմ մեռնել, քան կորցնել համբավս»: Արքային անմիջապես զեկուցում են նետաձգի ասածը, և նա արժանապատվությունը հեղինակազուրկ կյանքից գերադասող նետաձգի մահավճիռը ոչ միայն բեկանում է, այլև պարգևատրում է նրան:

Հասարակության աստիճանական այլասերման արդյունքում գրեթե իսպառ վերացած պատվի զգացումը վերարթնացնելու նպատակ էր հետապնդում Հռոմի Վեսպասիանոս կայսեր հրամանը՝ ստրկուհի համարել ստրուկի հետ կապի մեջ գտնվող կնոջը: Իսկ Հռոմի մեկ այլ կայսրը՝ Կալիգուլան, որի իշխանության տարիներին Վեսպասիանոսը Հռոմի փողոցների մաքրության պատասխանատուն էր, թերացումների համար նրան պատժելու յուրօրինակ եղանակ է ընտրում՝ խոցում է նրա արժանապատվությունը՝ զինվորներին կարգադրելով նրա սենատորական տոգայի ծոցը ցեխ լցնել:

Արժանապատվության պահպանման խնդրին առավել շեշտված խստապահանջություն է ցուցաբերել Օկտավիանոս Օգոստոս կայսրը: Նա հատկապես կարևոր է համարել, որ հռոմեացին զերծ մնա օտարերկրացու կամ ստրուկի հետ սեռական կապից: Դրա համար էլ նա ժլատորեն է օտարերկրացուն հռոմեական քաղաքացիություն շնորհել, որովհետև այս դեպքում օտարերկրացին իրավունք է ունեցել ամուսնանալ հռոմեացու հետ: Նրա կինը՝ Լիբիան (Լիվիան), նրան խնդրել էր քաղաքացիություն շնորհել մի գալլի: Կայսրը գալլին ազատել է հարկից, բայց մերժել է քաղաքացիություն տալ՝ հայտարարելով, թե իր համար ավելի դյուրին է դիմանալ գանձարանին հասցված վնասին, քան Հռոմի քաղաքացիների պատվազրկմանը:

Արժանապատիվ կենսակերպի խտացում կարելի է համարել «բարի անուն» հասկացությունը, որով բնութագրվում են այն անձինք, ովքեր անբասիր կյանքով են ապրել: Եվ պատահական չէ, որ Շեքսպիրը Յագոյի բերանով այսպես է դատում.

«Բարի անունը, ազնիվ տեր, մարդու… և կնոջ համար

Ամենից ազնիվ գոհարն է հոգու:

Ով որ քսակս գողանա՝ քիչ բան գողացած կլինի:

Մի ինչ է, ոչինչ: Իմս էր, նրանն է,

Եվ հազարների գերին է եղել:

Բայց ով ինձանից անունս շորթե՝

Մի բան կշորթե, որ բնավ նրան չի հարստացնի,

Իսկ ինձ իսկապես կաղքատացնի»:

Հուլիոս Կեսարի արժանապատիվ պահվածքը Գարեգին Նժդեհին այնպե՜ս է հիացրել, որ նա անհրաժեշտ է համարել գրիչ վերցնել և, ի խրատ սերունդների, թղթին հանձնել հետևյալը.

«Ընկավ Կեսարը՝ դաշունահար: Եվ աչքերը փակելե առաջ, փառքի վերջին շարժումով նա ծածկեց իր մերկությունը, որպեսզի դիակնացած վիճակում իսկ իրեն չպակասի վեհությունը:

Մե՛ծ, վեհափառորեն մեծ՝ ռազմադաշտերում, նա մեծ եղավ և մահվան մեջ:

Կեսար լինելու համար բավական չէ մականը, վեհություն է պետք: Ճշմարտորեն մեծերի շունչն է վեհությունը: Ողջո՛ւյն, Կեսա՛ր»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4200 | 0 | 0
Facebook