Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիկտատորական կառավարումը չի փրկել միապետին ու միապետությանը

20:35, կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.
Դիկտատորական կառավարումը չի փրկել միապետին ու միապետությանը

Սա Պորտուգալիայի նախավերջին թագավորն է՝ Կարլուշ Առաջինը: 1902 թվականին ճնշելով բանակում, իսկ 1906 թվականին՝ նավատորմում բռնկված ապստամբությունները՝ նա վարչապետ է նշանակել գեներալ Ժուան Ֆրանկույին՝ փաստորեն տալով նրան դիկտատորական լիազորություններ:

Ֆրանկույի համառ պնդմամբ 1907 թվականին թագավորը ցրել է երկրի պառլամենտը: Մեկ տարի անց՝ 1908 թվականի փետրվարի 1-ին, Կարլուշը սպանվել է: Սպանության օր նա ընտանիքի հետ բաց կառքով ուղևորվելիս է եղել Վիլլա Վիսոզա առողջարան: Լիսաբոնի արքայական նստավայրի մերձակա հրապարակում արքայական ընտանիքին ողջունող ամբոխի մեջ են եղել երկու զինված անարխիստներ՝ գրասենյակային ծառայող Ալֆրեդո Կոստան և դպրոցական ուսուցիչ Մանուել Բույսան: Մոտենալով կառքին՝ Կոստան ռևոլվերով դիմահար կրակել է միապետի կրծքին, իսկ Բույսան, թիկնոցի տակից հանելով հրացանը, կրակել է թագաժառանգ Լուիշ Ֆիլիպի դեմքին: Անարխիստները տեղում սպանվել են. Կոստային ամբոխը ոտնատակ տալով է սպանել, իսկ Բույսային թրատել է արքայական գվարդիայի սպան:

Կարլուշ Առաջինի և թագաժառանգի սպանությունից հետո վարչապետ Ժուան Ֆրանկուն հրաժարական է տվել: Թագավոր է հռչակվել սպանված միապետի կրտսեր որդին՝ Մանուել 2-րդը՝ Պորտուգալիայի վերջին միապետը: 1910 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ Լիսաբոնը հեղափոխությամբ է համակված եղել, Մանուելը փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ էլ անժառանգ մահացել է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2142 | 0 | 0
Facebook
COMMENT.am