Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Ադամը, փաստորեն, ամբողջ կյանքում հաշմանդամ է մնացել

10:19, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ.
Ադամը, փաստորեն, ամբողջ կյանքում հաշմանդամ է մնացել

Մոտավորապես 20- 30 տարեկանում աշխարհ եկած և իմաստության ատամ, ջրծաղիկ հիվանդություն չտեսած Ադամը, ահա՛, պարապ-սարապ զբոսնում է իրեն հատկացված այդ կալվածքում ու ըմբոշխնում հատուկ իր համար արարվածի բոլոր սքանչելիքները:

Եվ Աստված որոշում է արարչագործության պսակի՝ Ադամի համար բոլոր կենդանի արարածների շքերթ կազմակերպել: «Յուրաքանչյուր կենդանուն ինչ անուն որ տաս, - ասում է Աստված Ադամին, - այդ կլինի նրա անունը»: Երբեք ոչ մեկից որևէ լեզու չսովորած առաջին մարդը հենց տեղում ճանաչում է յուրաքանչյուր կենդանու առանձնահատկությունը և այդ առանձնահատկությանը համապատասխան անուն է տալիս տվյալ կենդանուն:

Եդեմական այգին ցամաքում, ծովափերից շատ հեռու է եղել: Դրախտի գետերի ջուրը, բնականաբար, քաղցրահամ է եղել: Ու թե ինչպես են ծովային ջրերին սովոր տարատեսակ ձկները Տիգրիսի ու Եփրատի հոսքին հակառակ բարձրացել, որպեսզի ներկայանան Ադամին, միայն Աստծուն է հայտնի: Աղի ջրի բացակայույունն այդ գետերում նրանց ամենևին չի խանգարել, որպեսզի կատարեն Աստծու հրամանը: Իսկ որպեսզի հսկա կետաձկները կարողանան գետերում լողալ, Աստված, երևի, դրախտի հատվածում խորացրել ու լայնացրել է դրանց հունը, այլապես դրանք չէին կարողանա կատարել տիրոջ հրամանը:

Ամենավառ երևակայություն ունենալու դեպքում նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես են ծովառյուծները, ծովափղերը, սպիտակ արջերը, պինգվինները, կենգուրուները, բադակտուցները, ավստրալական էմու ջայլամները, փղերը, ռնգեղջյուրները, գետաձիերը, աֆրիկյան կոկորդիլոսները, թութակները, հարավամերիկյան ուղտայծերը (լամա), ալիգատորները, անակոնդաները և բազմաթիվ այլ կենդանիներ ժամանել Տիգրիսի և Եփրատի հովիտ, որպեսզի Ադամն իրենց անվանակոչի: Էլ չասեմ այնպիսի եզակի ցեղատեսակի ձկների մասին, ինչպիսիք են Բայկալ լճի օմուլը, Վանա լճի տառեխը, Սևանի իշխանը, Չուդ լճի սիգը կամ տասնյակ հազարավոր տեսակի միջատները, կակղամորթները… դրա՞նք ինչպես են եդեմական գետերն հասել: Ու այդ բոլորին Ադամն է անուն տվել: Պարզապես ծիծաղելի է: Իսկ այն երկար սպիտակ որդը՝ երիզորդը, որ Ադամի աղիներում է հաստատված եղել, փաստորեն, հատուկ դուրս է եկել Ադամի հետանցքից, որպեսզի անվանակոչվի, ապա վերադարձել է իր տեղը:

Իսկ այժմ՝ Ադամի կողոսկրի մասին:

Խեղճը մեկ էլ հանկարծ սկսում է հորանջել, թեպետ ամենևին հոգնած չի եղել: Դա մարդու առաջին քունն էր: Մինչ նա խռմփացրել է (ենթադրում եմ), Աստված մոտեցել է ու ինքն իրեն խոստովանել, որ ինքը ինչպես հարկն է խորագետ չի եղել ու մտքով չի անցել, որ Ադամին նաև ընկերուհի է պետք, մինչդեռ ինքը նրան առանց ընկերուհի է արարել: Բոլոր արարածներին էգ տվել է (բացառությամբ մի քանի հերմաֆրոդիտ տեսակների), ուրեմն պետք է նրա համար էլ էգ ստեղծել: Աստված որոշել էր Ադամի ընկերուհուն նրա իսկ մարմնից ստեղծել, ու անմիջապես անցել է գործի. «Աստված հանեց նրա կողոսկրերից մէկը և այդ տեղը մաշկով ծածկեց։ 22Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ»: Կարո՞ղ եք պատկերացնել, թե Ադամը որքան է զարմացել, երբ արթնանալով զգացել է, որ իր կողոսկրը չկա ու հենց այդ պահին էլ իր առջև մի գեղեցիկ արարած է տեսել: Աստված միանգամից ասել է Ադամին, որ այս նոր արարածն իր կինն է լինելու:

Եվ Ադամը, ինչպես տեղեկացնում է Ծննդոց գրքի երկրորդ գլուխը, բացականչում է. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց» ։ 24Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին»:

Ավգուստինոս Երանելին ասում է, թե Աստված Ադամի կողոսկրն այլևս չի վերադարձնում, իսկ դա նշանակում է, որ Ադամն ամբողջ կյանքում հաշմանդամ է մնացել: Ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերն էլ ասում է, թե դա, հավանաբար, «կեղծ» կողոսկր է եղել, այլապես իսկական կողոսկրի բացակայությունը նկատելի կլիներ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3239 | 0 | 0
Facebook
COMMENT.am