Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Նեմեսիսը՝ հին հույերի վրիժառության աստվածուհին, չի ներել Անտոնիոսի ու Կլեոպատրայի ոճիրներն ու դրանց համարժեք հատուցում է ստացել ոճրագործներից

17:20, հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Նեմեսիսը՝ հին հույերի վրիժառության աստվածուհին, չի ներել Անտոնիոսի ու Կլեոպատրայի ոճիրներն ու դրանց համարժեք հատուցում է ստացել ոճրագործներից

Պարսկաստանի դեմ իր արշավանքի ձախողման մեղքը բարդելով հայոց Արտավազդ 2-րդ թագավորի վրա՝ հռոմեացի զորավար Անտոնիոսը գերում է նրան, կնոջը և զավակներին (բացառությամբ մեկի՝ Արտաշեսի) և իբրև «հաղթանակի» ապացույցներ, տանում է Եգիպտոս և ընծայում է Կլեոպատրային: Որոշ ժամանակ անց (մ.թ.ա. 34 թվականի աշնանը), Հայաստանը գրավելու առթիվ, Անտոնիոսն Ալեքսանդրիայում շքեղ հաղթահանդես է կազմակերպում: Դիոն Կասսիոսն այդ մասին հետևյալն է գրել.

«Ալեքսանդրիայում, որտեղ նա կառքով մուտք գործեց, նրան (Արտավազդին) և մյուս կալանավորվածներին իր առջևով քայլել տվեց. Կլեոպատրային նվիրեց հայոց թագավորին՝ ընտանյոք հանդերձ՝ ոսկե շղթաներով շղթայված: Կլեոպատրան բազմության մեջտեղում նստած էր արծաթազօծ ամբիոնին դրված ոսկեզօծ գահույկին: Սակայն բարբարոսները (Արտավազդը և իր ընտանիքի անդամները), թեպետ նրանց շատ էին համոզում և ստիպում՝ ազատության խոստում տալով, չտրվեցին նրանց թախանձագին խնդրանքին, ոչ էլ գլուխ խոնարհեցին: Եվ որովհետև միայն նրա անունն էին տալիս, վեհամիտ անձերի համբավ ստացան և նույն պատճառով դաժան վերաբերմունքի արժանացան:

Այս հաղթանակից հետո Անտոնիոսն ալեքսանդրիացներին ճաշկերույթ տվեց, և, հավաքված ժողովրդով շրջապատված, նա իր կողքին նստեցնել տվեց Կլեոպատրային և իրենց երեխաներին. ապա, մի քանի խոսք ասելուց հետո, հրամայեց Կլեոպատրային «թագավորների թագուհի» անվանել, իսկ Կեսարիոն անվանակոչված Պտղոմեոսին՝ «արքաների արքա»: Նա նրանց տվեց, մի նոր բաժանումով, Եգիպտոսն ու Կիպրոսը. նա կրկնում էր, թե Կլեոպատրան եղել է առաջին Կեսարի կինը, և որ Պտղոմեոսը հիրավի նրա որդին է և ձևացնելով, թե այդպես է վարվում նախկին դիկտատորի հանդեպ սիրուց, որպեսզի գարշելի դարձնի Օկտավիանոս Կեսարին, որը ո՛չ նրա որդեգիրն էր, ո՛չ էլ նրա իսկական որդին: Ինչ վերաբերում է այն երեխաներին, որոնք Կլեոպատրան նրանից էր ունեցել, նա խոստանում է Պտղոմեոսին տալ Սիրիան և Եփրատից այս կողմ գտնվող բոլոր երկրները՝ մինչև Հելեսպոնտոս, Կլեոպատրային՝ Կիրենաիկային հարևան Լիբիան, իսկ նրանց եղբայր Ալեքսանդրին՝ Հայաստանն ու Եփրատից այն կողմ գտնվող երկրները՝ մինչև Հնդկաստան, որովհետև նա համարում էր, թե այդ երկրամասերն արդեն իր իշխանության ներքո են: Ոչ միայն Ալեքսանդրիայում նա այդ բանն ասաց, այլև գրեց Հռոմ, որպեսզի տեղեկացնի իր մտադրության մասին: Բայց նրա նամակներից ոչ մեկը հրապարակային չընթերցվեց…»:

Մ .թ. ա. 33 թվականին Անտոնիոսն Արաքսի ափին հանդիպում է ունեցել մար Արտավազդի (Մարաստանի թագավոր) հետ: Նրանք համագործակցության ծրագիր են մշակել, որի համաձայն Անտոնիոսը պիտի մարին օգներ պարթևների դեմ պատերազմում: Անտոնիոսը մար Արտավազդին է տրամադրել Հայաստանում գտնվող իր զորաբանակի մի մասը և փոխարենն ստացել է մարական հեծելազորի մի ջոկատ: Որոշվել է «հայոց թագավոր» Ալեքսանդրին ամուսնացնել մար Արտավազդի դուստր Իստապեի հետ: Մարն Անտոնիոսին է վերադարձրել ջախջախված լեգեոնների արծվակիր դրոշները:

Մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի մոտ տեղի ունեցած ծովամարտում Անտոնիոսն ու Կլեոպատրան պարտություն են կրել Օկտավիանոսից: Անտոնիոսն ինքնասպանություն է գործել, իսկ նոր դաշնակիցներ փնտրող Կլեոպատրան, մար Արտավազդին սիրաշահելու համար, հրամայել է գլխատել հայոց Արտավազդ 2-րդին և և գլուխն ուղարկել մար Արտավազդին:

Նեմեսիսը՝ հին հույերի վրիժառության աստվածուհին, չի ներել Անտոնիոսի ու Կլեոպատրայի ոճիրներն ու դրանց համարժեք հատուցում է ստացել ոճրագործներից: Անտոնիոսն Արտավազդից շատ երկար չապրեց. նա ինքնասպան եղավ: Իսկ Կլեոպատրան, հասկանալով, որ չի կարողանալու համոզել Օկտավիանոսին՝ պահպանել իր զավակների իշխանությունը և Հռոմում կայանալիք հաղթահանդեսում իրեն էլ, ինչպես հայոց թագավորին ու թագուհուն, շղթայակապ տանելու են ցնծացող ամբոխի առջևով, նույնպես ինքնասպանություն է գործում: Նրա և Անտոնիոսի որդին՝ մանկահասակ «հայոց թագավոր» Ալեքսանդրը, այդպես էլ ոտք չի դնում Հայաստան: Նա հայոց Արտավազդ թագավորի Տիգրան և Արտավազդ որդիների բախտին է արժանանում՝ Ալեքսանդրիայից Հռոմ է տարվում ու Կլեոպատրայի մյուս զավակների հետ ցուցադրվում է Օկտավիանոսի հաղթահանդեսի ժամանակ:

Նկարում՝ Նեմեսիսը. նրա ձախ ձեռքին բախտի անիվն է:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5721 | 0 | 0
Facebook
COMMENT.am