Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (6)

22:37, երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ.
Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (6)

Դվինի Երկրորդ եկեղեցական ժողովը շրջադարձային ազդեցություն է ունեցել հայոց պատմության վրա: Հայ ժողովուրդը վերջնականապես և անդառնալիորեն հռչակել է իր ազգային ինքնորոշումը: Այդ ժամանակից ի վեր, դարեր շարունակ, նա մեկուսացել է քրիստոնեական աշխարհից: 554 թվականից հետո հայ ժողովուրդը, կարծես, իրեն բոլորովին այլ՝ մեկուսի մի ժողովուրդ է համարել: Այս էական շրջադարձի մեջ կարևոր դեր է խաղացել քաղաքական միջավայրը: Քրիստոնեական աշխարհից մեկուսացման վճիռն ընդունվել էր Պարստաստանի գերիշխանության ներքո գտնվող Հայաստանում, և այդ որոշումը, բնականաբար, պիտի համապատասխաներ Պարսկաստանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչին՝ դարավոր թշնամի Բյուզանդիայից պարսկահպատակ քրիստոնյաներին անջատելու ջանքերին: Եվ այս հանգամանքն առավել շեշտադրեց հայոց դավանական ինքնորոշումը: Միաբնակությունը, ինչպես և ամեն մի հակաբյուզանդական աշխարհայացք, խրախուսվել է այդ ժամանակների Պարսից արքա Խոսրով Անուշիրվանի կողմից: Դվինի Երկրորդ ժողովում գերիշխողն աստվածաբանական նրբությունները չեն եղել: Այս ժողովի որոշումների վրա էական ազդեցություն է ունեցել Խոսրով Անուշիրվանի հրամանը:

Երկարատև պատերազմներից հետո Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև 591 թվականին հաշտության պայմանագիր է կնքվել, որի համաձայն Հայաստանը նորից բաժանվել է այս երկու կայսրությունների միջև: Բյուզանդիային են անցել ամբողջ Տուրուբերան նահանգը և Այրարատ նահանգի մեծագույն մասը: Պարսիկների ձեռքում Այրարատ նահանգից մնում էր միայն Ոստան գավառը Դվին մայրաքաղաքով և Շարուր գավառը և մեկ էլ Վասպուրական նահանգը: Թեև քրիստոնյա պետության գերիշխանությունն է հաստատվել պարսկական Հայաստանի զգալի մասի վրա, բայց դա բյուզանդական քրիստոնեության գերիշխանություն էր, որի արդյունքում Հայաստանի այդ հատվածն էլ բախտակից է դառնում բյուզանդական Հայստանի ճակատագրին, այսինքն դառնում է քաղկեդոնական ու սկսում է ձուլվել: Բյուզանդիայի այս նոր հպատակների դրությունն ավելի ծանր է եղել, քան հներինը: Բյուզանդական Հայաստանում կրոնական հարցը գոնե սուր չի եղել, որովհետև այնտեղ բոլորը վաղուց քաղկեդոնական էին դարձել, և հայ առաջնորդներն իրենց եկեղեցիների հետ հպատակեցվել էին հույն մետրոպոլիտներին: Այլ էր վիճակը Հայաստանի նորանվաճ մասում, որը միշտ ազգային եկեղեցու պատվարն է եղել՝ հենվելով այն հանգամանքի վրա, որ ինքը պարսկահպատակ է ու զերծ է բյուզանդական բռնի հարկադրանքից: Հայաստանի պարսկական մասի բնակչությունն է դիմադրել բյուզանդական ուղղափառության արշավանքին, ահա թե ինչու, երբ Հայաստանի այդ մասն անցել է Բյուզանդիայի տիրապետության տակ, ժամանակի Մորիկ կայսրն իսկույն հրաման է արձակել, որ հայոց բոլոր եկեղեցիներում ընդունվի քաղկեդոնական դավանությունը:

Մորիկի այս կարգադության հենքն այն է եղել, որ 573 – 574 թթ. Կոստանդնուպոլսում (երբ այնտեղ է եղել հայոց Հովհաննես 2-րդ կաթողիկոսը) տեղի է ունեցել հայոց եկեղեցական ժողով, որը հույների հետ դավանական միության որոշում է կայացրել: Սակայն այս ժողովին հայ հոգևորականներից շատերը չեն մասնակցել: Եղել են եկեղեցիների միությունը մերժողներ և ամենից առաջ՝ Դվինը՝ հայոց եկեղեցական կենտրոնը: Մերժողները Դվինում (որը պարսից պետության կազմում էր մնացել) իրենց ժողովն են գումարել և Հովհաննեսի պաշտոնում ընտրել են սաստիկ հակաքաղկեդոնական Մովսես 2-րդ Եղվարդեցուն: Նա մնացել է իր պաշտոնում նույնիսկ այն ժամանակ, երբ պարսկական Հայաստանի մի մասն անցել էր Բյուզանդիային: Հունականացման առջև ծառացած այս խնդիրը մեկ հարվածով լուծելու համար Մորիկը 591 թվականի դաշնագիրն ստորագրելուց հետո իր գերիշխանության ներքո գտնվող Հայաստանում մի նոր կաթողիկոսական աթոռ է ստեղծում՝ նստավայր ընտրելով Հրազդան գետի արևելյան վտակի վրա գտնվող Ավան գյուղաքաղաքը, որը սահմանագլխի վրա, Դվինից ոչ հեռու է եղել: Կաթողիկոս է ընտրվել քաղկեդոնական Հովհաննես Բագրևանդցին՝ բյուզանդիայի քաղաքականությունն առաջ մեղելուն հավատարմորեն ծառայող մի հարմար գործիք: Ավանի կաթողիկոսարանը պայծառացնելու և Դվինի կաթողիկոսարանին հավասարեցնելու համար կայսրը մեծ գումար է հատկացրել: Գետակի ափին մի գեղեցիկ եկեղեցի է կառուցվել: Բյուզանդիան այս կերպ հույս է ունեցել հաշմել Դվինի կաթողիկոսարանը, ոչնչացնել նրա համազգային դերը և արագացնել հայերի միաձուլումը հույների հետ:

Քաղկեդոնական կաթողիկոսության հիմնումից հետո երկու կաթողիկոսությունների միջև սկսվել է անզիջում պայքար, որն ավելի վատթար է եղել, քան արտաքին թշնամու դեմ պայքարը, քանի որ այն, ըստ էության, ազգամիջյան, եղբայրասպան պայքար է եղել: Սա հայերի մեջ առաջին եկեղեցական երկպառակությունն է եղել, որը հանգեցրել է փոխադարձ թշնամության, կատաղի հալածանքների: Դվինի հոգևորականությունը քանդել է տվել քաղկեդոնական հայերի կառուցած սեղանները, նորից մկրտել է տվել այն քաղկեդոնականներին, որոնց վերադարձրել է հայոց եկեղեցու գիրկը: Դվինն ու Ավանն իրար սպառնացել են, անիծել, քահանաներին արգելել են հակառակ կողմին հաղորդություն տալ: Այս հալածանքներն ու խտրականությունը անհաշտություն են մտցրել նույնիսկ ընտանիքներում և բաժանել են ամուսնուն կնոջից: Հակառակորդ հոգևորականներն իրար «Նեռ» ու «Նեռի կարապետներ» են անվանել: Ազգային եկեղեցու հետևորդները հաճախ շատ համառ ու հետևողական են եղել իրենց պայքարում: Օրինակ՝ երբ Պարսկաստանի դեմ պատերազմն ավարտվելուց հետո բյուզանդական զորքի հետ հայոց գունդը Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ մտնում է Կոստանդնուպոլիս, այնտեղ կատարվում է Խաչվերացի տոնը, որին հայ զինվերները չեն մասնակցում: Այդժամ Մորիկ կայսրը Մուշեղին հիշեցնում է, որ 573 – 574 թվականներին Կոստանդնուպոլսում տեղի ունեցած հայոց եկեղեցական ժողովը որոշել է միանալ հունաց եկեղեցուն: Մուշեղը պատասխանել է, թե այդ ժողովը հայերի համար անընդունելի է, քանի որ նրա մասնակիցները տգետներ են եղել: Նա կայսրին առաջարկել է նոր ժողով գումարել: Կայսրը համաձայնել է և անմիջապես հրամաններ է հղել, որ Կոստանդնուպոլսում հավաքվեն հայ եկեղեցականները: Հրավեր է ուղարկվել նաև Մովսես կաթողիկոսին, բայց նա հասկանալով, որ կայսրության մայրաքաղաքը չի կարող չեզոք վայր լինել, կտրուկ մերժել է՝ հայտարարելով, որ ինքը չի անցնի Ազատ գետը, այսինքն պարսկա-բյուզանդական սահմանը: Նրա օրինակին հետևել են Պարսկաստանի մաս կազմող Հայաստանի եպիսկոպոսները: Մինչդեռ նորանվաճ մասերի եպիսկոպոսները, չեն կարողացել անտեսել կայսրի հրամանը: Կոստանդնուպոլսում հավաքված այդ երկրորդ հայկական ժողովն էլ ընդունել է հունական դավանանքը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1986 | 0 | 0
Facebook
COMMENT.am