Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (3)

10:55, ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ.
Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (3)

Լևոն պապը Եփեսոսի այս ժողովը «ավազակային ժողով» է անվանել: Ալեքսանդրիայի աթոռի հաղթանակն անհանդուրժելի է եղել Հռոմի ու Կոստանդնուպոլսի կղերականների համար, և նրանք ջանացել են մի նոր եկեղեցական ժողով գումարել: Նրանց առաջարկները Թեոդոս կայսրը մերժել է: Նույնիսկ Լևոն պապի թախանձանքները ազդեցություն չեն ունեցել կայսրի դիրքորոշման վրա: 19-րդ դարի անգլիացի նշանավոր պատմաբան Գիբբոնն այս իրավիճակն այսպես է գնահատել. «Աշխարհի գործերը բոլորովին այլ ընթացք կստանային, եթե այդ միջոցին չսայթաքեր Թեոդոս կայսրի ձին: Որսի ժամանակ ձին գցեց կայսրին, որը մեռավ: Այս մահացու պատահարը մեծ ազդեցություն ունեցավ Քրիստոսի բնությունը որոշելու վրա: Կայսերական գահն անցնում է Պուղքերիա կույսին, իսկ նա Փլաբիանոսի և եվտիքեսականների հակառակորդների պաշտպանն էր: Իսկույն լուծվեց նոր ժողով հրավիրելու հարցը: Լևոն պապի մի նամակով Պուղքերիայի ամուսին Մարկիանոս կայսրը հրամայեց եկեղեցական ժողով գումարել Բյութանիայի մայրաքաղաք Քաղկեդոնում, որը շինված էր Կոստանդնուպոլսի հանդիման, ասիական ափի վրա»:

Քաղկեդոնում դերերը փոխվել էին: Այս անգամ կայսերական կառավարությունն ամեն ինչ արել է Եվտիքեսի հակառակորդների հաջողությունն ապահովելու համար: Փլաբիանոսի ոսկորները մեծ հանդիսավորությամբ տեղափոխվել են Կոստանդնուպոլիս, Եվտիքեսը կարգազուրկ է արվել և հեռացվել է պաշտոնից: Ժողովի նախագահությունը հանձնվել է Հռոմի պապի երկու ներկայացուցիչներին, որոնք ստիպել են ընդունել, որ Հռոմը նախաթոռ եկեղեցի է, և պապը բոլոր եկեղեցիների գլխավորն է: Քաղկեդոնի ժողովը բավարարել է պապական Հռոմի պահանջները: Քաղկեդոնի «սուրբ» հայրերն ամենասկզբում վրեժխնդրության գործն են առաջ մղել: Կայսրի հրամանով ժողովին հրավիրված է եղել Դիոսկորոսը, որը Ալեքսանդրիայի եկեղեցու գլխավորի գահակալն է դեռ եղել: Առաջին իսկ նիստին Հռոմի պապի ներկայացուցիչները հայտարարել են, թե Լևոն պապը պահանջե, է, որ Դիոսկորոսը պետք է զրկվի ժողովի անդամությունից, քանի որ մեղավոր է և պիտի դատապարտվի: Դիոսկորոսը հեռացվել է, և նրա բացակայությամբ նրան դատել են: Մեղադրողը եղել է հենց այն Եվսեբեոս եպիսկոպոսը, որն առաջին անգամ խոսել էր Եվտիքեսի վարդապետության մասին: Դիոսկորոսին կարգալույծ են արել ու աքսորել են, իսկ նրա նախագահությամբ տեղի ունեցած եկեղեցական ժողովը բանադրել են:

Եվ, ամենագլխավորը, Քաղկեդոնի ժողովն ընդունել պապի «տումար» -ը (բանաձևը), որը նշանակում էր, որ հաղթել է «երկաբնակ» վարդապետությունը: Կայսրը ողջույնի խոսք է ասել, ապա հաստատել է պատժողական օրենքներ այս «սուրբ» և «անսխալական» պնդումն անփոփոխ պահելու մասին: Միաբնակները հայտարարվել են հերձվածողներ և ենթակա են եղել պատիժների: Ժողովը աներևակայելի ոգևորությամբ ողջունել ու խորին երախտագիտություն է հայտնել կայսրին:

Հաղթողներին, այսինքն երկաբնակներին, թվացել է, թե հավատի միությունն այլևս վերականգնված է, բայց նրանք սխալվել են, որովհետև Քաղկեդոնի ժողովը ոչ թե միավորել է քրիստոնյաներին, այլ մեծապես պառակտել է նրանց: Ժողովի վերջին նիստում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, արձանագրվել է ապագա մեծ հակամարտությունը Հռոմի և Կոստանդնուպոլսի եկեղեցիների միջև: Պապի լիազորների բացակայության ժամանակ ընդունվել էր 28-րդ կանոնը, որում ասված էր, թե քանի որ Կոստանդնուպոլիսը կայսրության մայրաքաղաքն է, ապա, իբրև եկեղեցական աթոռ, պիտի վայելի այն պատիվն ու իրավունքները, որոնք հատկացված են Հռոմի աթոռին, ուստի Կոստանդնուպոլսի պատրիարքությունը պիտի համարվի երկրորդը՝ Հռոմից հետո և իրավունք ունենա արևելյան թեմերի համար մետրոպոլիտներ ու եպիսկոպոսներ ձեռնադրել: Լևոն պապի լիոազորները բողոքել են այդ կանոնի դեմ: Ժողովը գտել էր, որ Հռոմը գերագահ աթոռ է այն պատճառով, որ կայսրության մայրաքաղաք է: Պապի ներկայացուցիչները կռահում էին, որ եթե Հռոմը որևէ պատճառով դադարի մայրաքաղաք լինելուց, ապա, որպես կրոնական աթոռ, պիտի երկրորդական տեղ գրավի՝ առաջնությունը զիջելով այն քաղաքին, որ այդ միջոցին կայսերական մայրաքաղաք կլինի: Համաշխարհային տիրապետության հավակնող Հռոմի կղերականությունը դա չէր կարող ընդունել: Նրանք բողոքել են, բայց նրանց բողոքն անտեսվել է: Կոստանդնուպոլսի կղերականության գերիշխանական տենչանքը, փաստորեն, կատարյալ գոհացում էր ստանում, Ալեքսանդրիայի աթոռը եկեղեցական հիերարխիայում զրկվում էր իրեն հատկացված երկրորդ տեղից և իջնում էր երրորդ աստիճանի, իսկ Կոստանդնուպոլսի, որ նույնն է, թե Հունաց եկեղեցին, Հռոմից բաժանվելու և իր կատարյալ անկախությունը ձեռք բերելու գործընթացում քաղկեդոնական հենց այդ 28-րդ կանոնի վրա էր հենվելու:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2557 | 0 | 0
Facebook
COMMENT.am