Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (2)

08:26, հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ.
Քաղկեդոնի եկեղեցական ժողովը հայության համար իսկական աղետ է դարձել (2)

Եփեսոսի ժողովին հայոց եկեղեցին չի մասնակցել: Մեր եկեղեցին չէր մասնակցել նաև Կոստանդնուպոլսի ժողովին, բայց ընդունել էր այդ ժողովի որոշումներն ու բարեխղճորեն գործադրել էր: Բայց Նեստորի վարդապետության մերժմամբ՝ գերիշխող էր դարձել այն համոզումը, թե Քրիստոսի մեջ գերակշռողը եղել է աստվածային բնությունը և հետո նրա մարդկային բնությունը լուծվել է նրա աստվածային բնության մեջ: Մի խոսքով՝ գերիշխող կարգավիճակ ձեռք բերած այս վարդապետության համաձայն՝ Քրիստոսը մեկ ամբողջական, միասնական բնություն է ունեցել, և այս վարդապետությունը «միաբնյա» կամ «միաբնակ» անունն է ստացել: Միաբնակության գյուտի հեղինակը Կոստանդնուպոլսի վանքերից մեկի վանահայր Եվտիքեսն է եղել: Սա առանձնակի ունակություններով աչքի չի ընկել, բայց շատ փող է ունեցել: Այդ փողն այնքան շատ է եղել, որ, կաշառելով կայսրության պաշտոնյաներին, կարողացել է իր հակառակորդներին կարգալույծ անել ու աքսորել:

Կոստանդնուպոլսի պատրիարք Փլաբիանոսը 448 թվականին տեղի եկեղեցիների ժողով է գումարել, որտեղ Եվսեբիոս եպիսկոպոսը հայտարարել է, թե Եվտիքեսը հերձվածողական կարծիք ունի Քրիստոսի բնության մասին և չի ընդունում, թե Աստծո որդին մարմնանալուց հետո իր մեջ պահպանել է մարդկային բնությունը: Երկարատև բանակցություններից արդյունքում Եվտիքեսը մասնակցել է այս ժողովին և բացատրություններ է տվել: Այդ բացատրությունները որքան էլ խուսափողական ու անորոշ են եղել, այնուամենայնիվ, հոգևոր դատավորները հասկացել են, որ Եվտիքեսը Քրիստոսի մեջ միայն մի բնությունն է ընդունում, և նրան, բնականաբար, կարգալույծ են արել: Այդ ժամանակ վերջինս գործի է դրել իր հարստությունն ու կապերը: Նրա պաշտպանությամբ առաջինը հանդես է եկել Ալեքսանդրիայի եկեղեցին: Այդ ժամանակ Ալեքսանդրիայի արքեպիսկոպոսն է եղել Դիոսկորոսը: Նա ժողով է գումարել ու խոսել է Փլաբիանոսի ու նրա ժողովի դեմ: Խոսել է նաև Հռոմի եկեղեցին, որի պապն այդ ժամանակ Լևոն Առաջինն է եղել: Սրան «մեծ» են անվանել՝ ոչ թե այն պատճառով, որ մեծ աստվածաբան է եղել, այն այն պատճառով, որ պապական աթոռը կարողացել է զորացնել ու նրա ազդեցության ոլորտն ընդլայնել:

Նկատելով, որ Ալեքսանդրիայի աթոռը, Եփեսոսում հաղթելու շնորհիվ, եկեղեցական իշխանապետության մեջ շատ է բարձրացել, Լևոն պապն առաջարկել է Եվտիքեսի հարուցած խնդրի առթիվ եկեղեցական ժողով գումարել: Թեոդոս 2-րդ կայսրն ընդառաջել է Լևոն պապի կոչին և նույն Եփեսոսում 449 թվականի օգոստոսին ժողով է հրավիրվել:

Եվտիքեսի կողմնակիցն է եղել Քրյուսոփիոս անունով ներքինի սենեկապետը, որը մեծ ազդեցություն է ունեցել արքունիքում: Սրա մեծ ազդեցությունը պայմանավորված է եղել նրանով, որ կայսրուհի Եվդոկիան հովանավորել է նրան: Հակառակ հոսանքի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը եղել է Պուղքերիան՝ Թեոդոսի քույրը: Փլաբիանոսը և Եվտիքեսի մյուս հակառակորդներըՊուղքերիայի պաշտպանության ներքո են եղել: Քրյուսոփիոսը մեծ խոստումներ է տվել Դիոսկորոս Ալեքսանդրիացուն ու կայսրին համոզել է, որ նա նշանակվի Եփեսոսի ժողովի նախագահող: Եվ այս նոր ժողովը ձայների մեծամասնությամբ արդարացրել է Եվտիքեսին՝ վերադարձնելով նրա կոչումն ու պաշտոնը: Նզովվել ու եկեղեցուց վտարվել են Փլաբիանոսն ու Եվսեբեոսը:

Երբ այս ժողովի վճիռների դեմ մարդիկ սկսում են բողոքել, Դիոսկորոսի կոչով զինվորներից, վանականներից ու ամբոխի ներկայացուցիչներից մի ջոկատ է կազմվում, որը ներխուժում է այն եկեղեցի, որտեղ տեղի էր ունենում ժողովը և խարազաններով ու փայտերով անողոքաբար ծեծում է Փլաբիոսին, որը մի քանի օր անց մահանում է: Դիոսկորոսն ինքը ոտքերով կատաղորեն խփել է գետնին ընկած Փլաբիանոսին:

Ա՛յ թե ինչպես են եկեղեցու «սուրբ» հայրերը վճռել երկնքում ապրող աստծու ընտանեկան գործերը:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2448 | 0 | 0
Facebook
COMMENT.am