Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Միայն կույրերը, տհասներն ու տգետները կարող էին ակնկալել, թե ցարական կառավարությունը կարող է ընդառաջել ինքնավարության ստեղծման ակնկալիքներին»

12:00, երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ.
«Միայն կույրերը, տհասներն ու տգետները կարող էին ակնկալել, թե ցարական կառավարությունը կարող է ընդառաջել ինքնավարության ստեղծման ակնկալիքներին»

Երևանի գրավումից (1827 թվականի հոկտեմբերի 1) հետո ռուսական բանակի Կովկասյան հատուկ կորպուսն անմիջապես ձեռնամուխ է լինում տեղական իշխանության ժամանակավոր օրգանների ստեղծմանը: Գեներալ Պասկևիչի կարգադրությամբ 1827 թվականի հոկտեմբերի 7-ին ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի գլուխ է կարգվում գեներալ Կրասովսկին, իսկ վարչության անդամներ են նշանակվում Երևանի պարետ, փոխգնդապետ Բորոդինը և կաթողիկոս Ներսես Աշտարակեցին:

Հայ ազատագրական շարժման գործիչներն այդ ժամանակ դեռ փայփայում էին այն վաղեմի երազանքը, թե պարսկական լծի թոթափումից հետո Ռուսաստանի հովանու ներքո կվերականգնվի հայկական պետականությունը: Ցարական կառավարությանը քաջ հայտնի էր հայ ազատագրական շարժման գործիչների այդ ձգտումը, ուստի Նիկոլայ 1-ինի կարգադրությամբ Պետերբուրգում ստեղծվում է հատուկ կոմիտե, որը պետք է զբաղվեր նոր գրաված երկրամասի կացության հարցով: Եվ Ռուսաստանում գործող մի քանի հայ գործիչներ մշակում և ռուսական կառավարությանն են ներկայացնում ռուսական կայսրության կազմում Արևելյան Հայաստանի ինքնավարության մասին մի նախագիծ: Նախագիծը հնարավոր էր համարում վերականգնել «հայկական թագավորությունը», և Նիկոլայ 1-ինը պետք է իր տիտղոսներին ավելացներ նաև «հայկական թագավոր» տիտղոսը: Ըստ այս նախագծի հեղինակների՝ Նիկոլայ 1-ինի կողմից «հայկական թագավոր» տիտղոսի ընդունումը, «որպես հին Հայաստանի թագավորության վերածնունդ, ուժեղ ազդեցություն կգործի եվրոպական և ասիական Թուրքիայում բնակվող մեծաքանակ հայերի վրա: Այդ բարի լուրը կխանդավառի ողջ հայ ժողովրդին», որն ամեն կողմից կներհոսի դեպի նորաստեղծ հայկական պետության սահմաններ, և դրանով իսկ մեծ հարված կհասցվի ինչպես Թուրքիային, այնպես էլ Պարսկաստանին:

Նախագիծն այսքանով չէր սահմանափակվում: Նախագծի հեղինակները ռուսական կառավարությանն առաջարկում էին թույլ տալ, որ կամավոր հիմունքներերով ստեղծվի հայկական զորք, որը պիտի փոխարիներ ռուսական զորքին և սահմանապահ ծառայություն կատարեր:

Բայց միայն կույրերը, տհասներն ու տգետները կարող էին ակնկալել, թե ցարական կառավարությունը կարող է ընդառաջել նման ինքնավարության ստեղծման ակնկալիքներին: Եթե մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին գեներալ Պասկևիչը հայերին շողոքորթելու, նրանց ընդառաջելու քաղաքականություն էր վարում, ապա հետագայում նա անթաքույց ատելություն է դրսևորում հայերի նկատմամբ: Քանի որ նրան էր հանձնարարված Արևելյան Հայաստանում նոր իշխանության կազմակերպման գործը, ուստի նա իսկույն ևեթ ձեռնամուխ է լինում Ռուսաստանի գաղությանին քաղաքականության կենսագործմանը: Եվ նրա առաջին քայլերից մեկն է լինում հայ գործիչներին ասպարեզից հեռացնելը: Այդ գործիչներից ամենակարկառունը Ներսես Աշտարակեցին էր: Պասկևիչի սադրանքով նա հեռացվում է Հայաստանից և աքսորվում է Բեսարաբիա: Աշտարակեցուն մեղադրում են այն բանում, որ նա, իր ազդեցությանը ենթարկելով Երևանի ժամանակավոր վարչության պետ Կրասովսկուն, հայերի նկատմամբ վարել է աչառու քաղաքականություն և դրանով իսկ մահմեդական ազգաբնակչությանը «գրգռել է» հայերի դեմ, որ նա փորձել է ընդլայնել Էջմիածնի կալվածատիրական իրավունքներն ի հաշիվ կայսերական գանձարանի: Պասկևիչը նույնիսկ նրան մեղադրել է հակառուսական տրամադրություններ ունենալու մեջ: Իր հերյուրանքներն հիմնավորելու համար նա օգտագործել է այն փաստը, որ Աշտարակեցին մտադիր է եղել կազմակերպել 200 հոգուց բաղկացած մի զորաջոկատ, որը պիտի պաշտպաներ Էջմիածնի վանքը: Աշտարակեցու այս մտադրությունը Պասկևիչը ռուսական կառավարությանը հրամցրել է իբրև հայկական բանակ կազմելու և հայերին Ռուսաստանի դեմ ապստամբեցնելու փորձ: Հայաստանից հեռացվում է նաև հայերի նկատմամբ բարյացակամորեն տրամադրված գեներալ Կրասովսկին: Պասկևիչն այդքանով չի գոհանում և հալածում ու պատժում է այն բոլոր անձանց, ովքեր տոգորված են եղել Հայաստանի պետականությունը վերականգնելու գաղափարով:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2607 | 0 | 0
Facebook
COMMENT.am