Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը

20:55, հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Հուշագիրը (նոտա) Խորհրդային կառավարությանը
    
    

VI

Խորհրդային կառավարության՝ Գերմանիայի նկատմամբ թշնամական քաղաքականությունը ռազմական ոլորտում ուղեկցվել է Բալթիկ ծովից մինչև Սև ծով ձգվող ճակատում ռուսների տրամադրության տակ եղած բոլոր ռազմական ուժերի կենտրոնացման հարաճուն ուժեղացմամբ:

Արդեն այն ժամանակ, երբ Գերմանիան Արևմուտքում խիստ զբաղված էր ֆրանսիական արշավով, և երբ Արևելքում գերմանական շատ քիչ ռազմական ուժեր էին գտնվում, խորհրդային հրամանատարությունը սկսեց պարբերաբար խոշոր զորամիավորումներ նետել Գերմանիայի արևելյան սահմանների մոտ, ընդ որում ՝ հատկապես մեծ կուտակումներ կատարելով Արևելյան Պրուսիայի ու Գեներալ-նահանգապետության սահմաններին, ինչպես նաև Բուկովինայում ու Բեսարաբիայում՝ ռումինական սահմանի երկայնքով: Ֆինլանդիայի սահմանին նույնպես խորհրդային կայազորները մշտապես ուժեղացվում էին: Այս իմաստով հետագա միջոցառումը Արևելյան Ասիայից ու Կովկասից Եվրոպական Ռուսաստան նոր զորքերի նետումն էր: Խորհրդային կառավարության այն հավասիացումից հետո, որ, օրինակ, Մերձբալթիկայում կլինի շատ փոքր քանակությամբ զորք, հենց միայն այդ շրջանում օկուպացիայից հետո խորհրդային ռազմական ուժի էլ ավելի մեծ կուտակում եղավ, և այսօր այնտեղ 22 դիվիզիա է առկա: Այսպիսով, ստացվում է մի պատկեր, որը ցույց է տալիս, որ խորհրդային զորքերն ամբողջ ժամանակ ավելի ու ավելի են մոտեցել գերմանական սահմանին, թեպետ գերմանական կողմից ոչ մի այնպիսի ռազմական միջոցառում չի իրականացվել, որը կարող էր որևէ հիմք տալ խորհրդային այդ միջոցառումների համար: Միայն խորհրդային այս տեսակ գործողությունները հարկադրեցին գերմանական բանակին հակամիջոցներ ձեռնարկել: Այնուհետև խորհրդային բանակի և օդային նավատորմի առանձին ջոկատներ առաջ մղվեցին ու ծավալվեցին, իսկ գերմանական սահմանի երկայնքով տեղաբաշխված օդանավակայանները զբաղեցվեցին օդային նավատորմի ուժեղացված ջոկատներով: Ապրիլի սկզբից հաճախակի դարձան նաև սահմանային խախտումները և խորհրդային ինքնաթիռների թռիչները գերմանական տարածքի վրայով: Նույնը տեղի է ունեցել, համաձայն ռումինական կառավարության հաղորդագրության, նաև ռումինական սահմանամերձ մարզերում՝ Բուկովինայում, Մոլդավիայում:

Գերմանական զորքերի հրամանատարությունն այս տարվա սկզբից Գերմանիայի արտաքին քաղաքականության ղեկավարներին բազմիցս ահազանգել է խորհրդային բանակի կողմից Գերմանիայի տարածքին այս հարաճուն սպառնալիքի մասին՝ ընդ որում ընդգծելով, որ այդ գործողությունների հիմքում կարող են միայն ագրեսիվ մտադրություններ լինել: Գերմանական բանակի այս ցուցումները կհրապարակվեն ամենայն մանրամասնություններով հանդերձ:

Եթե եղել է նույնիսկ փոքրագույն երկմտանք խորհրդային գործելակերպի ագրեսիվ բնույթի վերաբերյալ, ապա գերմանական բանակի Գերագույն հրամանատարությունից վերջին օրերին ստացված հաղորդումները վերջնականապես դրանք փարատեցին: ԽՍՀՄ-ում համընդհանուր մոբիլիզացիա անցկացնելուց հետո Գերմանիայի դեմ է հանվել առնվազն 160 դիվիզիա: Վերջին օրերի դիտարկումները ցույց են տալիս, որ խորհրդային զորքերի խմբավորումը, հատկապես մոտորացված ու տանկային զորամասերինը, այնպես է տեղաբաշխված, որ խորհրդային հրամանատարությունը շատ տեղերում հնարավորություն ունի ցանկացած ժամանակ հարձակվել գերմանական սահմանի վրա: Ուժեղացած հետախուզական ու պարեկային գործունեության մասին տեղեկությունները նույնպես, ինչպես ամեն օր ստացվող հաղորդումները երկու բանակների առաջապահների սահմանային բախումների մասին, լրացնում են ծայրահեղորեն լարված ռազմական դրության պատկերը, որը ցանկացած պահի կարող է բախման հանգեցնել: Այսօր Անգլիայից ստացված լուրը անգլիական դեսպան Կրիպսի հետ բանակցությունների մասին՝ Անգլիայի և Խորհրդային Միության քաղաքական ու ռազմական ղեկավարության միջև առավել սերտ համագործակցության շուրջ, ինչպես նաև մինչև այժմ ԽՍՀՄ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված լորդ Բիվերբրուքի՝ առկա բոլոր ուժերով Խորհրդային Միությանը` առաջիկա իր պայքարում աջակցելու մասին և հրավերն ԱՄՆ-ին նույնն անելու, աներկբայորեն ցույց են տալիս, թե ինչպիսի ճակատագիր են նախապատրաստել գերման ժողովրդի համար:

Ի մի բերելով վերն ասվածը՝ Գերմանիայի կառավարությունը պետք է հետևյալ հայտարարությունն անի.

Չնայած ստանձնած բոլոր պարտավորություններին ու կոպտորեն հակասելով իր հանդիսավոր հայտարարություններին, խորհրդային կառավարությունը Գերմանիայի դեմ դիրքորոշվել է:

Նա

1.ոչ միայն շարունակել է Գերմանիայի ու Եվրոպայի դեմ իր քայքայիչ փորձերը, այլև ուժեղացրել է դրանք պատերազմի սկզբից ի վեր,

2.նա բոլորին լսելի թշնամությամբ իր արտաքին քաղաքականությունն ուղղել է Գերմանիայի դեմ, և

3.իր բոլոր ռազմական ուժերը կենտրոնացրել է Գերմանիայի սահմանի մոտ՝ արագ հարձակման պատրաստությամբ:

Դրանով իսկ խորհրդային կառավարությունը դավաճանել է Գերմանիայի հետ կնքած իր պայմանագրերին ու համաձայնություններին, խախտել է դրանք: Բոլշևիկյան Մոսկվայի ատելությունը նացիոնալ-սոցիալիզմի նկատմամբ քաղաքական ողջամտությունից զորեղ եղավ: Բոլշևիզմը մահացու թշնամանքով ելավ նացիոնալ-սոցիալիզմի դեմ: Բոլշևիկյան Մոսկվան պատրաստվում է հարվածել գոյապայքար մղող նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի թիկունքին: Գերմանիան համաձայն չէ ձեռքերը ծալած նստել ու նայել այդ լուրջ սպառնալիքներին իր արևելյան սահմանում: Այդ իսկ պատճառով Ֆյուրերը գերմանական բանակին հիմա հրաման տվեց ելնել այդ սպառնալիքի դեմ իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով: Գերման ժողովուրդը գիտակցում է, որ առաջիկա պայքարում նա հանդես է գալիս ոչ միայն հանուն հայրենիքի պաշտպանության, այլև կոչված է փրկել ամբողջ քաղաքակիրթ աշխարհը բոլշևիզմի մահացու վտանգից և Եվրոպայի իսկական սոցալական վերածննդի ճանապարհը հարդարել:

Բեռլին, 1941, հունիսի 21

Նկարում. Բեռլինում հրավիրված մամուլի կոնֆերանսում Ռիբենտրոպը հայտնում է ԽՍՀՄ-ին պատերազմ հայտարարելու հասին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1852 | 0 | 0
Facebook
COMMENT.am