Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու՞ աղջիկները օրինակի համար չեն կարող դառնալ էլեկտրիկներ և ինժեներներ

16:39, շաբաթ, 13 ապրիլի, 2013 թ.
Ինչու՞ աղջիկները օրինակի համար չեն կարող դառնալ էլեկտրիկներ և ինժեներներ

Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի Սոցիալական հարցերի հանձնաժողովը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ուսանողական խորհուրդը սույն թվականի ապրիլի 12-ին համատեղ կազմակերպեցին «Հավասար հնարավորություններ բոլորի համար. Սոցիալական հավասարությունը բարձրագույն կրթությունում» նախագծի շրջանակներում առաջին հասարակական-ուսանողական լսումները: ՀՈՒԱԱ սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամներ, միջոցառման կազմակերպիչներ Լուիզա Աբրահամյանն ու Մերի Խաչատրյանը իրենց բացման խոսքում նշեցին, որ բարձրագույն կրթությունում կարևոր հիմնախնդիր է համարվում սոցիալական հավասարությունը, և բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին և հնարավորություն ընձեռի բոլոր ցանկացողներին ներգրավել այս կրթամակարդակում, անկախ անձի սոցիալական, աշխարհայացքային, ազգային առանձնահատկություններից կամ սահմանափակ կարողություններից:
    


     Լուիզա Աբրահամյանը, ով վերջերս էր վերադարձել Իռլանդիայից, կիսվեց իր Եվրոպական փորձով: Նա անդրադարձավ ուսանողների նկատմամբ կիրառվող խտրականություններին, դրանք առանձնացնելով 5 տեսակների` գենդերային, սեռական կողմնորոշման, հաշմանդամային, էթնիկ և մշակութային: Նա նշեց, որ մենք բոլորս հավասար ենք, անկախ մեր ունեցած ֆիզիկական և մտավոր կարողություններից:
     Նրա զեկույցից հետո ծավալվեց բուռն քննարկում, որի ժամանակ հաշմանանդամություն ունեցող, ԵՊՀ մագիստրատուրայի ուսանող Ռուդոլֆ Զաբրոդինը նշեց, որ վերոնշյալ հինգ խտրականության տեսակները պետք է դրվեն նույն հարթության վրա:

Հետո խոսքը տրամադրվեց հաշմանդամություն ունեցող Աննա Ավետիսյանին: Վերջինս առանձնացրեց հաշմանդամության 2 մոդել`
     բժշկական և սոցիալական.

1. Որ հաշմանդամը չի քայլում, չի տեսնում, հենակով կամ հաշմանդամության սայլակով է տեղաշարժվում:


     2. Չկան թեք հարթակներ, լայն դռներ, դեղին ռետինե աստիճանաեզրեր, շոշափելի տառեր, կրթական ծրագրերում աուդիո գրականություն, հատուկ մոնիտորներ տեսողական խնդիրներ ունեցողների համար (AREV և Բրեյլյան համակարգեր), չսահող հատակներ, հարմարեցված սանհանգույցներ:


     Այնուհետև առաջ քաշվեցին 3 հետևյալ հիմնական գաղափարները՝

1. «Չենք կարող փոխել մարդուն` փոխենք միջավայրը»:

2. «Եթե տվյալ միջավայրը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին, հարմար է բոլորին»:

3. «Բուհը ապահովված չէ հաշմանդամությունից»:


    

Միջոցառմանը ներկա, «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանն իր խոսքում շեշտը դրեց գենդերային խտրականության, կնոջ դերի բարձրացման անհրաժեշտության և նրա նկատմամբ բռնության վերացման վրա: Նրա կարծիքով Հայաստանի կանայք իրենց համոզմունքներով և ինտելեկտուալ ներուժով ռեալ ուժ են, ովքեր ունակ են ներգործելու ժողովրդավարական վերափոխումների գործընթացի վրա:
     Քննարկումն ավելի բուռն ընթացք ստացավ, երբ նա իր ելույթում նշեց, որ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում սովորում են հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ, և հակառակ դրան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (պոլիտեխնիկ) սովորում են արական սեռի ներկայացուցիչներ: Այդ հարցի շուրջ հնչեցին տարբեր կարծիքներ, որտեղ մասնակից տղաներից մեկն ասաց. «Ինչու՞ աղջիկները չեն կարող դառնալ օրինակի համար էլեկտրիկներ, ինժեներներ, ավտոմեխանիկներ կամ էլ պատի գաջ քսողներ» :
    

Քննարկմանը հաջորդեց մտագրոհը, որի համար մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի՝ քննարկելու համար հետևյալ 3 թեմաները.
    
     1. Սոցիալական Հավասարությանը վերաբերող ներկա ժամանակներում ամենախոր խնդիրները:
     2. Վերջինիս լուծման համար առաջարկվող ուղիներ:
     3. Ի՞նչ է արել կառավարությունը ներաազդելու համար և ինչ կարող ենք անել մենք կառավարությանը մեր ձայնը լսելի դարձնելու համար:
    
    

Յուրաքանչյուր թիմից մեկ ներկայացուցիչ ներկայացրեց իր թիմի կատարած աշխատանքը, որը վերջնական ամփոփեց ՀՈՒԱԱ սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամ Մերի Խաչատրյանը: ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը հավելեց, որ այս արդյունքներն ընդգրկվելու են «Սոցիալական Հավասարության» մասին հայեցակարգում, որը պատրաստ կլինի ՀՈՒԱԱ 7-րդ Ընդհանուր Ժողովին ընդառաջ:
    
     ՀՈւԱԱ նորություններին հետևելու համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին
     https://www.facebook.com/ansaarmenia

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5049 | 3 | 0
Facebook