Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կապսի դպրոցում ուսուցման կազմակերպումը կարող է վտանգավոր լինել

00:50, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Կապսի դպրոցում ուսուցման կազմակերպումը կարող է վտանգավոր լինել
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ճաքած, ետ գնացած, երկաթե կարկասներով ամրացված պատեր, շարքից դուրս եկած պատուհաններ, դռներ, առաստաղ, ամբողջովին փտած հատակ, հնամաշ գույք…

Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցում այսպիսի պայմաններում է կազմակերպվում ուսումնական գործընթացը:

Տեսանյութերը և լուսանկարները Կապսի դպրոցի անմխիթար վիճակի վերաբերյալ են

Դպրոցն հիմնադրվել է 1980 թվականին՝ 300 աշակերտ հզորությամբ, 1988 թվականի երկրաշարժից հետո վթարային է դարձել: Դպրոցում որոշ չափով ամրացման աշխատանքներ իրականացրել են լիտվացիները, դպրոցի ներսում փորձել են ամրանաձողերով առաստաղն ամրացնել, ներսի ու դրսի պատերը, որպեսզի դրանք չտեղաշարժվեն դեպի ետ, դպրոցի կոյուղին նորմալ չի գործում, նկուղի խոնավության պատճառով կառույցի հատակի որոշ հատված մամռապատ է:

Կապսի միջնակարգ դպրոցի հետնամասի աջ և ձախ կողմերում երկաթե կարկասներ են տեղադրված: Դպրոցի տնօրինությունը վստահեցնում է՝ պատերին հենած կարկասների գոյության նպատակն է, որպեսզի դրանք ետ չգնան ու չփլվեն:

Ուշադիր նայելիս պարզ է դառնում, որ դպրոցի հետնամասի ձախակողմյան պատի վերևի քարերի թափվելու վտանգ կա, դրանք տեղաշարժված են, երկաթե կարկասը թեև կարող է պաշտպանել պատը ետ տեղաշարժվելուց, սակայն, ապահովվել քարաթափումից հնարավոր չէ:

Դպրոցի դահլիճում առկա է փլուզված պատ, պատուհանները փշրված են, երկու-երեք անգամ դրանք փոխել են, սակայն ռուսական ռազմաբազայի զորավարժությունների պատճառով պարբերաբար ցնցումներ են լինում, դա էլ պատճառ է դառնում նման իրավիճակի առկայության:

Դպրոցը գազաֆիկացված չէ, որպես վառելանյութ գազ օգտագործել չի թույլատրվում, քանի որ շենքը վթարային է: Դասասենյակները տաքացվում են սոլյարայուղով, որի այրումից ստացված արգասիքները աշակերտների ու ուսուցիչների առողջության համար վտանգավոր են:

Քամու պատճառով դասարաններում միշտ չէ, որ հնարավոր է լինում պահպանել բավարար ջերմաստիճանը, նորմալ ջերմություն ապահովելու նպատակով նաև էլեկտրականություն է գործածվում:

«Եթե զինավարժանքներ են լինում, երեխաներն էլ են վախենում, նույնիսկ դպրոցի տնօրենն ու դասատուներն էլ զգուշացնում, որ պետք չէ կանգնել պատերի տակ, որովհետև այն կարող է փլուզվել և երեխաների վրա ընկնել: Կուզենայինք նոր դպրոց ունենալ, ավելի հաճույքով դպրոց գալու համար: Պատերի տակը ճաքած է, դասարանում չի պահպանվում տաքությունը, քանի որ ճաքերից այն դուրս է գալիս, պատուհաններն էլ վերանորոգված չեն, դպրոցի դրսի պատերին մոտ չենք կարողանում կանգնել, կարող է քարեր ընկնեն», -մտահոգվում է 9-րդ դասարանում սովորող Սվետլաննան:

Դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանի պնդմամբ, հնարավոր երկրաշարժի դեպքում երեխաներին գրեթե հնարավոր չի լինի դպրոցից տարհանել: Տնօրենը խոստովանում է՝ լավ կլինի նոր դպրոց կառուցել, գործող մասնաշենքն հիմնանորոգելու համար մոտ 190 միլիոն դրամ գումար անհրաժեշտ կլինի. դպրոցի հետնամասում նոր մասնաշենք կառուցելն ավելի արդյունավետ է. «2011-2012 թվականներին Սեյսմիկ կայանը շենքը ճանաչել է 3-րդ աստիճանի վթարային: Մեկ տարի առաջ նորից եկան իրենց սարքավորումներով, ասելով, որ դպրոցն այլևս 4-րդ աստիճանի վթարային է դիտարկվում: Չնայած այդ հանգամանքին դպրոցում ուսումնական գործընթացը նորմալ է կազմակերպվում»:

Տնօրենի հավաստմամբ, երբ ինքը նոր էր նշանակվել նկատել էր, որ դպրոցում առկա են փոսեր, սանհանգույցները բացել է տվել, տեղադրվել են զուգարանակոնքեր, առաջին հարկում, դահլիճում մասնակի հարդարման աշխատանքներ են իրականացվել, ճաշարանը ևս վերանորոգել են, որպեսզի աշակերտների համար կարողանան «Դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացնել:

2003 թվականին դպրոցը վերամիավորվեց Գյումրու թիվ 39 միջնակարգ դպրոցի հետ՝ ունենալով 180 աշակերտ, որոնց թիվն աստիճանաբար նվազեց արտագաղթի պատճառով. 7 տարի առաջ դպրոցն 120 աշակերտ ուներ, այժմ նրանց թիվը 62-ն է, իսկ լավ դպրոց ունենալու պարագայում մոտ 90 աշակերտ կունենային: Դպրոցի վթարայնության պատճառով Կապսում կան ընտանիքներ, ովքեր վախենում են իրենց երեխաներին այս դպրոց բերել՝ տանելով Վահրամաբերդի կամ Գյումրու դպրոցներ:

Փոխտնօրեն Գայանե Մկրտչյանն ասում է, թե Շիրակի նախկին մարզպետը եկել և տեսել էր դպրոցի վիճակը, դիմել էին կառավարությանը, որպեսզի նոր, մեկ հարկանի փոքր դպրոց կառուցվեր. «Դպրոցի ներսում դասարան առ դասարան կոսմետիկ վերանորոգումներ են իրականացվել, սակայն հիմնանորոգման հարցը չի կարգավորվել. եռանկյունաձև երկաթներով փորձել ենք ամրացնել պատերը, որոնցից որոշները շարժվող են, պատուհանները պոլիէթիլենային թաղանթներով ենք պատում, որպեսզի քամի չլինի»:

Նախորդ տարի պետբյուջեից դպրոցին հատկացվել է մոտ 32 միլիոն դրամ պարտադիր ծախսերն հոգալու համար, որից 30 միլիոնից ավելին աշխատավարձերին է գնացել: Պետբյուջեից դպրոցին հատկացված միջոցները բավարարում են միայն դպրոցական աշխատակազմին աշխատավարձեր հատկացնելուն, կոմունալ և պարտադիր այլ ծախսերը փակելուն (լույս, ջուր, էլեկտրականություն և այլն):

Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության շենքերի, շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Մուրադ Տիգրանյանն այլ կերպ է մեկնաբանում՝ մետաղական կարկասները ոչ թե դպրոցի պատերի չփլվելու համար են, այլ դպրոցի կոշտություններն են ապահովել, ցանկացել են մասնաշենքեր ավելացնել. «Վերջին անգամ ուսումնասիրել ենք 2009 թվականին, դպրոցի վթարայնությունը եղել է 3-րդ աստիճան, հիմա կարող է վիճակն ավելի է վատթարացել, հստակ չեմ կարող ասել, ուսումնասիրություն չեմ կատարել: Երկրաշարժից հետո թեթև ամրացման աշխատանքներ կատարել են արտասահմանցիները, որը մեր գործող նորմերին չի համապատասխանում:

Դպրոցն հատուկ նշանակության կարևորագույն օբյեկտ է, որն ամրացման ենթակա է, վերանորոգումով հարց չի լուծվի», -ասաց Մ.Տիգրանյանը, հավելելով, -Գյումրիում 3-րդ կարգի վթարային, ամրացման ենթակա 88 շենք կա:

«Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, սեյսմիկ պաշտպանության գործունեության օբյեկտներ են հանդիսանում նաև առողջապահական և կրթական համալիրները:

3-րդ կարգի վթարայնության շինությունները պետք է ամրացվեն, 4-րդ կարգի պարագայում՝ քանդման ենթակա են:

Տնտեսական վատթար դրությամբ պայմանավորված հանրապետությունում ոչ բոլոր 3-րդ կարգի վթարային շենքերն են ամրացվում, մինչդեռ Շիրակի մարզն հանդիսանում է սեյսմիկ ակտիվ գոտի և 4-րդ կարգի վթարայնության ձգտող դպրոցի շենքը չամրացնելը կամ դպրոցի նոր մասնաշենք չկառուցելը կարող է նաև ճակատագրական հետևանքներ ունենալ:

Գյումրու նախկին ոստիկանության մոտ գտնվող վթարային շենքում ևս փլուզում էր տեղի ունեցել, որը բարեբախտաբար չէր հանգեցրել ողբերգական հետևանքների:

Ըստ Շիրակի մարզպետարանի, ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ մարզում իրականացվել է 31 մլն 773 հազար դրամ արժողությամբ ծրագրեր, 2018 թվականին 16 ծրագրերի իրականացման համար Շիրակի մարզինհատկացվել է 334 միլիոն 135․0 հազ դրամ, բայց գումարի բացակայության պատճառով Շիրակի մարզում առաջնային համարվող ոչ բոլոր հիմնախնդիրներն են լուծվում, ոչ բոլոր վթարային շենքերն են ամրացվում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից պարզաբանում են՝ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի դպրոցի հիմնանորոգում նախատեսված չէ, պատճառը Կապսի միջնակարգ դպրոցի փոքրաթիվ աշակերտներ ունենալն է՝ թվով 62։

Շիրակի մարզից դպրոցաշինության ծրագրում ընդգրկվել են Ազատանի միջնակարգ և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցները. «Ներկայումս Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացման փուլում է գտնվում «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» -ը, որի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել (կառուցել) կառավարության հաստատած, հանրապետությունում առկա սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի թվով 46 դպրոց։ Դպրոցների ընտրությունը կատարվել է ուսումնական մասնաշենքերի ծավալահատակագծային, կոնստրուկտիվ լուծումների և հարկայնության չափանիշներից, նաև դպրոցում սովորող աշակերտների թվաքանակից ելնելով՝ նվազագույնը 250 աշակերտ. ծրագրի նպատակն առավել մեծ թվով աշակերտների անվտանգության ապահովումն է» ։

Անահիտ Սիմոնյան

Դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյան, փոխտնօրեն Գայանե Մկրտչյան
Դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյան, փոխտնօրեն Գայանե Մկրտչյան
Տեսանյութերը և լուսանկարները Կապսի դպրոցի անմխիթար վիճակի վերաբերյալ են
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7550 | 0 | 0
Facebook