Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի հարևանը ջուրը բաց է թողնում, մյուսին ջուր չի հասնում.ջրի խնդիրը Տավուշում

21:23, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
Մի հարևանը ջուրը բաց է թողնում, մյուսին ջուր չի հասնում.ջրի խնդիրը Տավուշում


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Տավուշի մարզում ջրի խնդիրն առկա է վաղուց, երբ փլուզվեց Խորհրդային միությունը, մարզի որոշ համայնքներում նոր ջրամբարներ կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: Ադրբեջանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական դրդապատճառներից ելնելով,

Սարսանգի ջրային ռեսուրսներն այլևս համատեղ չէին օգտագործվում Արցախի և Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Տավուշի մարզի բնակիչների մեծամասնությունը շուրջօրյա ջրամատակարարում չունի, հատկապես նրանք, ովքեր բարձրադիր վայրերում են բնակվում. «Բանջարեղեն ենք աճեցնում, ջուրը չորս, հինգ օրը մեկ են տալիս, ոռոգման ջուր ունենք, սակայն խմելու չունենք» .-դժգոհում է մարզի բնակիչներից Շուշան Սարգսյանը:

Ջրի խնդիրն հուզում է նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին, համայնքապետարանի աշխատակիցներին: Նոյեմբերյանի համայնքապետարանից պարզաբանում են, որ ջրի խնդիրը մարզում սուր է դրված նաև այն պատճառով, որ շատ բնակիչներ ջուրը բաց են թողնում, այդ պատճառով որոշներին ջուր չի հասնում, ուստի Տավուշի մարզի մի շարք համայնքներում ելքը գտել են ջրաչափեր տեղադրելու մեջ: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան, Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Ջուջեվան, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղերից Բարեկամավանը ջրի սակավության տեսանկյունից Նոյեմբերյան համայնքի ամենախոցելի գյուղն է: Տեղի համայնքապետարանից առաջարկելու են, որպեսզի ասենք ամսական 100 խմ ջուր սպառելուց հետո բնակիչների համար ջուրն այստեղ վճարովի լինի:

Նոյեմբերյանի համայնքապետարանից ներկայացնում են համայնքն ընդգրկող գյուղերում ջրի խնդրի կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Կոթիում փոխվել է ջրամատակարարման ցանցը, ջրամբարներ են կառուցվել, Ոսկեվանում ջրամբարների վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, Ջուջեվանում ջրաչափական հաշվիչներ տեղադրվել, այս գյուղում ջրի քանակի ավելացմանն ուղղված աշխատանքներ են կատարվելու: Դովեղում հաշվիչներ են տեղադրվելու, Նոյեմբերյանում ոռոգման ջուր չկա, Բերդավանում քառաստիճան ոռոգման համակարգ է գործում: Տեղումների պակասի, ձմռանը ձյուն քիչ գալու հետևանքով ցորենի բերքը լավ չի ստացվում:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում գտնվող Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի որոշ բնակիչներ փորձում են զարգացնել ջերմոցային տնտեսությունը: Նրանցից մեկը Ռաֆիկ Գալստյանն է.ջերմոցում լոլիկ, վարունգ, կանաչեղեն է աճեցնում:

Համայնքի ղեկավար Լ.Առաքելյանի խոսքով, Կարմիր խաչի աջակցությամբ Ներքին Կարմիր աղբյուրում ջրաչափեր են տեղադրվել: Տնամերձ հողատարածքների ոռոգման համար ջուրը չի բավականացնում, պոմպակայան է անհրաժեշտ, որը 700.000 դրամ արժե, ևս երկու կմ ջրագիծ պետք է անցկացվի: Ներքին Կարմիր Աղբյուրի համայնքապետը խոստանում է գյուղի ցանքատարածությունների ոռոգման խնդիրը կարգավորել համայնքապետարանի կողմից 80 տոկոսի չափով ներդրում կատարելու պայմանով, սակայն իշխանությունները ևս պետք է իրենց աջակցեն:

Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում գյուղատնտեսությամբ քիչ են զբաղվում, քանի որ հակառակորդը գյուղատնտեսական հողերը նշանառության տակ է պահում, բացի այդ, որոշ հողատարածքներ որակապես շատ թույլ են: Հիմնականում հացահատիկ են ցանում, բայց բերքը շատ քիչ է ստացվում, 150 հեկտար ցանքատարածքից 10 ցենտներ բերք են ստանում, որը գյուղացու կատարած ծախսերն էլ չի հանում:

«Գնդակոծության ժամանակ, եթե մարդիկ ներկա լինեն, կարող է մի ժամ էլ չապրեն այս գյուղում, բայց այս մարդիկ հերոսներ են, որ փոքրից մեծ դիմանում են: Մի աշխատող ունենք՝ Ջրվարդը, անցած տարի իր այգում կրակել, ոտքը վիրավորել էին, հիմա այդ մարդուն ո՞նց ստիպես, թե գնա այգում աշխատի», -ասում է Ներքին Կարմիր Աղբյուրի համայնքապետը՝ կոչ անելով իշխանություններին առավել մեծ հետաքրքրվածություն ցուցաբերել գյուղի խնդիրների նկատմամբ, քանի որ դրանց կարգավորման ուղղությամբ առավել մեծ ջանքեր են գործադրում հիմնադրամները:

Գյուղում ճանապարհների նորոգման, լուսավորության խնդրի կարգավորման ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականացվել:

Այս հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նախաձեռնությամբ լրագրողների՝ Տավուշի մարզի մի շարք համայնքներ կատարված այցի շրջանակներում

Անահիտ Սիմոնյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4195 | 0 | 0
Facebook