Ո՞վ է Հայաստանի իրական ու անդավաճան պաշտպանը՝ Ռուսական 102-րդ ռազմաբազա՞ն թ՞ե Հայ Զինվորը։
Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում մոտ երկու դար տևած ռուսական լուծը՝ 1813-1918թթ և 1921-1991թթ, ու այդ ընթացքում Ռուսաստանի կողմից, հպատակ երկրներում տարվող պրոպագանդան, այդ երկրների ժողովուրդների, այդ թվում մեր՝ հայերիս մեջ ձևավորել են Ռուսաստանի ու ռուսների հանդեպ կեղծ վախ ու ակնածանք, շինծու և անհիմն մտածողություն, թե իբր առանց ռուսների մենք կորած ենք, իսկ ռուսներին հակառակվել չի կարելի նույնիսկ մեր ազգային շահը պաշտպանելիս: Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական բյուջեից տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար է հատկացվում Հայաստանում ռուսական ռազմաբազան պահելու համար, որն իբր թե «պաշտպանում է» մեզ թուրքական վտանգից: Այժմ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին կանգնած ռուսական ստորաբաժանումը, որն ունի ընդամենն 6000-7000 զինվոր, միայն այդ ուժերով անհրաժեշտության դեպքում չի կարող հուսալի պաշտպանել մեր սահմանը: Իսկ պատմական մոտ անցյալը մեզ ցույց է տվել, որ Ռուսաստանն իր շահը պաշտպանելու համար պատրաստ է ցեղասպանվելու վտանգի տակ մեն-մենակ թողնել ամբողջ հայ ազգին՝ մոռանալով ու ուրանալով հայերիս հսկայական ավանդն ու օգնությունը Ռուսաստանին, իր բոլոր պատերազմներում տարած հաղթանակներում և Ռուսաստանի հզորացման ու զարգացման գործում: Մենք մինչ օրս շարունակում ենք կրել այդ հարաբերություններից բխող վնասները և ականատես լինել ռուսական կողմի ագրեսիվ վարքագծին մեր երկրի տարածքում: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է Գյումրի քաղաքում մի ամբողջ հայ ընտանիքի սպանությունը ռուս զինվորականի կողմից: Ցարական Ռուսաստանը մեզ մենակ թողեց թուրքի յաթաղանի առաջ 1915թ-ին և 1917թ-ին՝ դիտավորյալ հեռացնելով հայկական լեռնաշխարհի տարածքից մի քանի տասնյակ հազար հայ զինվորներին ու սպաներին, որոնք ծառայում էին ռուսաց բանակում: Խորհրդային Ռուսաստանը մեզ մասսայաբար զորակոչեց 1941-1945թթ, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, վտանգելով հայ ազգի գենոֆոնդը (զորակոչվել էր ՀԽՍՀ բնակչության 25%-ը, այն դեպքում երբ թույլատրելի թիվը 10% է): 1990-1994 թթ Ռուսաստանն Արցախում մեր դեմ հանեց խորհրդային բանակը, իրականացնելով Օղակ օպերացիաներն ու Շահումյանը վերջնականապես թողնելով ադրբեջանական վերահսկողության տակ: Ելնելով նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում գտնվող ռուսական կայազորը չի կարող բացարձակ ապահովության երաշխիք լինել հայ-թուրքական սահմանին, իսկ այդ կայազորի համար մեր պետական բյուջեից կատարվող ծախսերը համարում ենք ոչ արդյունավետ: Այս ամենից զատ, Հայաստանում ռուսական կայազորի առկայությունն իր մեջ պարունակում է քողարկված վտանգ: Մենք չունենք ոչ մի երաշխիք, որ Թուրքիայից Հայաստանին սպառնացող որևէ վտանգի դեպքում ռուսական կայազորն անակնկալ կերպով չի լքի Հայաստանը, ինչպես որ եղավ 1915թ-ին: Իսկ կայազորի Հայաստանում գտնվելը կարող է ցանկացած պահին օգտագործվել հայկական կողմի գործողություններն իր իսկ երկրում կաշկանդլեու համար: Հարգանքներով՝ Մարտիկներ Հանուն Արդարության (ՄՀԱ) ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն: 29.12.2018թ. |