Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սահմանադրության, ընտրական օրենսգրքերի ու դատական համակարգի արմատական բարեփոխումներ

22:33, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
Սահմանադրության, ընտրական օրենսգրքերի ու դատական համակարգի արմատական բարեփոխումներ

Յուրաքանչյուր պետության կառավարման հիմքը օրենքն է, իսկ բոլոր օրենքների օրենքը՝ մայր օրենքը, սահմանադրությունն է: Սահմանադրությունից են բխում տվյալ պետության մեջ կիրառվող բոլոր օրենսգրքերի մեջ առկա օրենքները, հետևաբար սահմանադրության մեջ կատարվող ամենաչնչին փոփոխությունն անգամ էականորեն ազդում է մնացած շատ օրենքների վրա: Սահմանադրության անգամ մեկ կետի փոփոխությունից կարող են բխել կամ հակառակը՝ չեղարկվել մի քանի տասնյակ օրենքներ: Հետևաբար սահմանադրության մեջ որևէ փոփոխություն կատարելիս հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել դրա հնարավոր հետևանքները:
     Հաշվի առնելով, որ վերջին 28 տարիների ընթացքում մեր երկրի կառավարումն իրականացրել է օլիգարխիան, բնականաբար այդ ընթացքում օրենսգրքերում ու սահմանադրությունում կատարված բոլոր փոփոխությունները միտված են եղել օլիգարխիայի շահերի պաշտպանությանն ու դրանց կողմից կատարվող ու կատարված հանցագործությունների հետքերը թաքցնելուն: Այստեղից էլ բխում է այդ ժամանակահատվածում, սահմանադրության մեջ ու օրենսգրքերում կատարված փոփոխությունները վերանայելու անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած, նախկին ռեժիմի հանցավոր կենսակերպին հարմարեցված սահմանադրությունն ու օրենքները չեն կարող պաշտպանել մեր ժողովդի շահերը և հակառակը՝ դրանց պահպանումը կարող է մեր երկրում նոր օլիգարխիայի ձևավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծել:
     Դատական իշխանությունը ևս, լինելով նախկին օլիգարխիկ ռեժիմի հլու կամակատարը, վարժվել է օրենքների խախտմամբ ու կողմնակալ կերպով որոշումների ընդունմանը: Հետևաբար շատ դատավորներ, հրաշալի տիրապետելով օրենքները շրջանցելու նուրբ արվեստին, կարող են օգտվել դատական գործընթացներն ինքնուրույն ղեկավարելու նորընտիր իշխանության կողմից նրանց ընձեռված հնարավորությունից և կարող են անարդարացիորեն շատ հմտորեն պաշտպանել նախկին ռեժիմի այս կամ այն ներկայացուցչի շահերը դատարանում: Չի կարելի նախկին ռեժիմին երկարատև ծառայած դատավորներին պահել համակարգում: Նրանցից շատերը բոլոր այն կեղտոտ բարքերի կրողն են, ինչ որ նախկին ռեժիմը, իսկ արդար գործելաոճը խորթ է սրանց նմաններին: Դատական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելը ևս կենսական անհրաժեշտություն է մեր երկրի համար:

Սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեի իրականացումից առաջ հարկավոր է կատարել մտավորականության ու մեր ժողովրդի հնարավորինս լայն զանգվածների կողմից տևական քննարկումների կազմակերպում՝ մասնագետների ընդգրկմամբ:
     Առաջակում ենք սահմանադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
     1.սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի 5 տարի ժամանակով
     2.Պետք է բացառել երկրի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ցմահ անձեռմխելիությունը
     3. Ոչ ոք չպիտի իրավունք ունենա երկրի նախագահի, վարչապետի, ՍԴ նախագահի ու գլխավոր դատախազի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելու
     4. պատգամավորները պետք է ընտրվեն ոչ թե 5, այլ 3 տարի ժամանակով
     5.Ստեղծել դատական համակարգի գործունեությունը հսկող լիազոր մարմին
     6.Օրենսդրական ճանապարհով դատական համակարգին վերահսկելու առնչությամբ արդարդատության նախարարությանը տալ լայն հնարավորություն
     7.Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց (ոչ շահադիտական նպատակով կատարված սպանություններ) գործերի ուսումնասիրում և նրանց նկատմամբ ներման ինստիտուտի լիարժեք կիրառման հնարավորության ստեղծում:
     8.Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի լիարժեք կիրառում` սահմանելով անհրաժեշտ չափորոշիչներ:
     9.Գրավը որպես խափանման միջոցի վերացում, հաշվի առնելով՝ բնակչության սոցիալական բևեռացվածության աստիճանը կամ խափանման այլ միջոցների ստեղծում:
     10.Անարդար դատական ակտ կայացնելու դեպքում դատավորի անձնական գույքային պատասխանատվության սահմանում, բոլոր դատավորների նկատմամբ:
     11.Ցանկացած անհատ պիտի կարողանա ինքնաառաջադրվել, իսկ դրա համար գրավ չպիտի պահանջվի

27.01.2019 թ, Մարտիկներ հանուն արդարության (ՄՀԱ) ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3740 | 0 | 0
Facebook