Արաբական հին առասպելներից մեկը հետևյալն է պատմում:
Մի հարուստ վաճառական Բաղդադի շուկա է ուղարկում իր ծառաներից մեկին գնումներ կատարելու:
Այս ծառային շուկայում մեկը հրում է: Ծառան շրջվում է ու մինչև ոտնաթաթերն հասնող սևաազգեստ մի կին է տեսնում: Նա անմիջապես հասկանում է, որ այդ կինը հենց Մահն է:
Սարսափահար ծառան տուն է վազում և տիրոջը պատմում է իր հանդիպման ու նաև այն մասին, թե ինչպիսի հայացքով Մահն իրեն նայեց ու ձեռքով սպառնալի շարժում արեց: Ծառան տիրոջը պաղատում է իրեն ձի տրամադրել, որպեսզի Սամարա փախչի ու այնտեղ թաքնվի, որպեսզի Մահն իրեն չկարողանա գտնել:
Տերը համաձայնում է, ու ծառան սրարշավ փախչում է Բաղդադից: Հաջորդ օրը վաճառականը շուկա է գնում ու ամբոխի մեջ նկատում է Մահվանը:
Վաճառականը նրան հարցնում է.
-Ինչո՞ւ ես սպառնացել իմ ծառային ու սարսափահար արել:
-Ես նրան չեմ սպառնացել, - պատասխանել է Մահը, - պարզապես զարմանքս եմ արտահայտել, որ նրան Բաղդադում եմ տեսնում, մինչդեռ ես նրա հետ Սամարայում էի ժամադրվել: