Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի՞ թե սա է այն Հայաստանը, որը մենք ցանկանում ենք կառուցել.Մարդուն արդարացնելու փոխարեն մեղավոր են ճանաչել

Լրագրող
Հեղինակ`
Լրագրող
19:29, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ.
Մի՞ թե սա է այն Հայաստանը, որը մենք ցանկանում ենք կառուցել.Մարդուն արդարացնելու փոխարեն մեղավոր են ճանաչել

«Հավաքարարների հանցավոր խմբի գործով» անցյալ տարի մեղավոր ճանաչված և հինգ տարվա ազատազրկման դատապարտված Հրայր Հակոբյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան:
    
    

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով ամբաստանյալ Հրայր Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու եւ ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու համար: Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել հինգ տարի ժամկետով ազատազրկում:
    
    

Հետաքրքիրն այն է, որ «Հավաքարարների հանցավոր խմբի գործով» դատաքննության ընթացքում հարցաքննվել է 230-ից ավելի և նրանցից որեւէ մեկն իր ցուցմունքում չի ասել, թե Հակոբյանը մասնակից է եղել այս հանցավոր սխեմային: Հակոբյանը իր ցուցմունքում նշել է, որ բացի իր աշխատավարձից երբեք ուրիշ գումար չի ստացել, եւ կապ չունի այդ գործի հետ: Ամբաստանյալների ցուցմունքներում էլ Հրայր Հակոբյանի մեղավորության մասին ոչ մի բառ չկա: Հակոբյանին մեղավոր ճանաչելու համար հիմք է հանդիսացել միայն վկա Հասմիկ Զեյնալյանի հակասական ցուցմունքը:
    
    

Հակոբյանի պաշտպան Դիանա Շախրամանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հրայր Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում, պատրաստվում է պայքարել մինչև վերջ ու դիմել Եվրադատարան:
    
    

-Մեր կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս չի լուծել այդ բողոքը վարույթ ընդունելու հարցը, -հայտնեց պաշտպանը:
    
    

Հարցին՝ դատարանն արժանահավատ չի համարել Հակոբյանի բրիգադի հավաքարարների ցուցմունքներն այն մասին, որ նրանք իսկապես աշխատել են ընկերությունում և ստացել են աշխատավարձ։ Այսինքն, այստեղ դիտավորությո՞ւն կա, - Դիանա Շախրամանյանը պատասխանեց.
    
    

- Այո, թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը նշել են, որ արժանահավատ չեն համարել Հակոբյանի բրիգադի հավաքարարների ցուցմունքները, սակայն պատշաճ կերպով չեն պատճառաբանում իրենց դիրքորոշումը։ Մենք այս հարցը բազմիցս ենք բարձրաձրել, այդ մասին նշել ենք նաև պաշտպանական ճառում և վերաքննիչ բողոքում։ Մանրամասն վերլուծել ենք հավաքարարների ցուցմունքները և հիմնավորել ենք, որ դրանք հաստատվում են գործում առկա այլ ապացույցներով և համապատասխանում գործով հաստատված մյուս հանգամանքներին։ Օրինակ, հավաքարարները մանրամասն նկարագրել են իրենց աշխատանքային պարտականությունները, աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցերը, որոնք կարող էին հայտնի լինել միայն իրական աշխատողներին։ Այսինքն, որևէ հիմք չկար Հակոբյանի բրիգադի հավաքարներին չհավատալու համար։ Մինչդեռ, դատարաններն առանց որևէ հիմքի հակառակ դիրքորոշման են եկել։

Մեր դիտարկմանը, թե բացի մեկ հոգու ցուցմունքից, որևէ այլ փաստ, ապացույց կա՞, թե՝ ոչ, -պաշտպանը նկատեց.


    

-Իրականում գործում ընդհանրապես չկա այնպիսի մի ապացույց, որը կվկայեր Հակոբյանի մեղավորության մասին։

Հարցաքննված ավելի քան 230 վկաներից և ոչ մեկը ցուցմունք չի տվել այն մասին, որ աշխատանքի է ընդունվել Հրայր Հակոբյանի առաջարկով կամ խնդրանքով, որևէ վկա չի ասել այն մասին, որ Հակոբյանն իրեն առաջարկել է գրանցվել Ընկերությունում, սակայն իրականում չի աշխատել այնտեղ։

Գործով հարցաքննվել են նաև բոլոր ամբաստանյալները։ Նրանցից շատերը ամբողջությամբ կամ մասնակի ընդունել են իրենց մեղքը, տվել են մանրամասն ցուցմունքներ, պատմելով հանցագործության կատարման սխեման և դրան մասնակցած յուրաքանչյուր անձի դերը, այսինքն ցուցմունք են տվել թե իրենց, թե «Կենտրոն Մաքրություն» ընկերության այլ մասնակիցների արածների մասին։ Ամբաստանյալներից ոչ մեկ չի նշել, որ Հրայր Հակոբյանը որևէ կերպ մասնակցել է հանցագործության կատարմանը կամ տեղյակ է եղել այլ աշխատակիցների արածներից։ Ավելին, նրանք ուղղակիորեն հերքել են այս ամենում վերջինիս մասնակցության փաստը։ Օրինակ, բրիգադիրներից Շամոյանը նշել է, որ այսպես գրանցված, սակայն իրականում չաշխատող անձինք եղել են միայն իր և Եղոյանի ղեկավարության տակ գտնվող 4 բրիգադներում։ Իսկ բրիգադիրներից Եղոյանը, ավելացրել է, որ անցումների բրիգադի /այսինքն Հակոբյանի բրիգադի/ փոքր լինելու պատճառով այնտեղ նման անձինք չեն եղել։

Ակնհայտ է, որ այս ամբաստանյալները որևէ շահագրգռվածություն չունեին պաշտպանելու Հակոբյանին կամ թաքցնելու նրա արարքները, քանի որ ցուցմունք են տվել թե՛ իրենց, թե՛ իրենց ղեկավարների կողմից կատարվածների մասին։ Մինչդեռ, դատարաններն անհասկանալի պատճառներով հաշվի չեն առել այս ամենը։

Ինչ վերաբերվում է Ձեր կողմից նշված «մեկ հոգու ցուցմունքին», ապա նշեմ որ դա հավաքարարներից մեկի, ոմն Հասմիկ Զեյնալյանի, ցուցմունքն է, որը ոչ մի իրավական երկրում որպես ապացույց դիտարկվել չի կարող։ Պարզաբանեմ։ Զեյնալյանը գործի ընթացքում հարցաքննվել է 4 անգամ, 4 անգամն էլ տարբեր ցուցմունքներ է տվել։ Դատարանում իր առաջին հարցաքննության ժամանակ նա նշել է, որ երբևէ Հրայր Հակոբյանի հետ ոչ մի գումարային հարց չի ունեցել, և որ գործի հետ կապված ընդհանրապես որևէ տեղեկություն չունի։

Մինչդեռ, դատարանում նման ցուցմունք տալուց Զեյնալյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ, նրան մեղադրանք է առաջադրվում, որից հետո նա ցուցմունք է տալիս այն մասին, թե իբրև իրեն փոխանցվող աշխատավարձից մի մաս՝ 30 000 ՀՀ դրամ, տվել է Հակոբյանին, և նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է։ Մեզ համար, ինչպես նաև, կարծում եմ, բանական ցանկացած մարդու համար պարցիզ էլ պարզ է, որ Զեյնալյանն այդ ցուցմունքները տվել է քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, ինչը նրա մոտ ստացվել է։ Սա է այն միակ տվյալը, որը նույնիսկ ապացույց կոչել չի կարել, որը դրվել է Հակոբյանին դատապարտելու հիմքում։

Զեյնալյանի իբրև մեղադրող ցուցմունքները հիմք ընդունելով, դատարանները նույնիսկ հաշվի չեն առել այն, որ այդ ցուցմունքը հակասում է գործում առկա մյուս ապացույցներին, օրինակ՝ Զեյնալյանի նախկին ցուցմունքներին, որոնք նա պնդել է նաև առաջին անգամ դատարանում հարցաքննվելու ընթացքում, Զեյնալյանի քրոջ ցուցմունքներին, ով հայտնել է, որ այդ 30 000 դրամը Զեյնալյանը տվել է ոչ թե Հակոբյանին, այլ իրեն։

Եվ ամենակարևորն այն է, որ Զեյնալյանի կողմից այս վերջին ցուցմունքը տալու ժամանակ դատարանը թույլ չի տվել Հակոբյանին և իր պաշտպանին որևէ հարց ուղղել վկային։ Այսինքն, չի պահպանվել Հակոբյանի՝ Մարդու իրավունքների կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կոնֆրոնտացիայի իրավունքը, այսինքն, իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր տալու իրավունքը։

Դրանով դատարանը հիմք է ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար Հայաստանի դեմ հերթական վճիռ կայացնելու համար։ Ի դեպ, նշեմ, որ Հայաստանի դեմ կայացվող վճիռների մեծ մասը վերաբերվում է հենց կոնֆրոնտացիայի իրավունքի խախտմանը, մինչդեռ, մեր դատարանները չեն փոխում իրենց վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ։

Արդյունքում, դատարաններն այս բազմաթիվ թերացումները և խախտումներն արձանագրելու և Հակոբյանին արդարացնելու փոխարեն, նրան մեղավոր են ճանաչել, ավելին, որոշել են բռնագանձում տարածել նաև Հակոբյանի և նրա ընտանիքի միակ կացարան հանդիսացող բնակարանի վրա, որը Հակոբյանը ստացել է դեռևս Սովետական միությունից, և որն իբրև 100 միլիոն դրամից ավել հափշտակություն կատարած Հակոբյանի միակ արժեքավոր գույքն է։

Մի՞ թե սա է այն Հայաստանը, որը մենք ցանկանում ենք կառուցել։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2196 | 0 | 0
Facebook