Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբեմնի առաջատար Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը այսօր որպես ֆիզիկայի օրենքներով և կուսակցական խորհուրդներով առաջնորդվող կառույց

ԱԲԳ
Հեղինակ`
ԱԲԳ
12:03, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
Երբեմնի առաջատար Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը այսօր որպես ֆիզիկայի օրենքներով և կուսակցական խորհուրդներով առաջնորդվող կառույց


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Լինելով երբեմնի կանգուն և տարբերվող բուհի շրջանավարտ, տվյալ բուհում իրականացրած լինելով մի շարք մասնագիտական, գիտական և հետազոտական աշխատանքներ՝ չէի կարող անտարբեր անցնել մամուլում շրջանառվող բրյուսովյան թեմաների կողքով: Ինչպես՞ կարողացաք 7 տարում քանդել հանրապետությունում ժամանակին բարձր վարկանիշ ունեցող բուհը և ոտնակոխ անել վերջինիս բարի համբավը: Ինչպե՞ս կարողացաք լեզվաբանական բուհ ընդունել to be և to do օժանդակ բայերը չտարբերող դիմորդների, կամ որ առավել սարսափելի է՝ աշխատանք տալ լեզվաբանության, բանասիրության, գրականագիտության, թարգմանության հետ կապ չունեցող մասնագետների՝ քամահրելով իրականում լեզվաբանական, վերլուծական, թարգմանական մեծ ներուժ ունեցող մասնագետներին: Արդյոք ճի՞շտ է այսօրվա դարում, որը միտված է կրթության որակի բարձրացմանն ու կատարելագործմանը, իջեցնել հանրապետությունում ՄԻԱԿԸ համարվող լեզվաբանական բուհի որակը: Որտե՞ղ է գրված, որ դեռևս նախկին ռեկտորի ղեկավարման օրոք համալսարանի ասպիրանտին (որն, ի դեպ, տարիների անձնվեր աշխատանք է իրականացրել բուհում) մասնագիտական որակավորման քննության ընթացում «կին գիտնականները» կարող են առաջարկել ծխախոտ ծխել՝ այդպիսով դառնալով վերջինիս՝ գիտական գործունեությունից հիասթափության պատճառը: Այստեղ են ասել՝ եթե ուզում ես վերադասիդ ծառայություն մատուցես՝ մատուցիր, բայց պետք չէ մոռանաս մարդկային որակներդ: Հա, իդեպ, քայլ առ քայլը առևտրի օրենքն է. ընկերության մեջ առևտուր չպետք է լինի, իսկ վերադասի ընկերները «էժան գներով ծախեցին իրենց կոչումներն ու գիտության մեջ ունեցած ավանդները՝ այդ փողով առնելով պաշտոններ»: Որտե՞ղ էր գրված, որ լեզուն ու թարգմանություն անելը տարվա մեջ երկու ամսում՝ մի քանի անգամ, և երեկոյան մի քանի ժամով դասի գալով կյուրացվի և կբավարարի աշխատաշուկայի պահանջները: Չնայած, հո չէ՞ին թողի ընկերները մնային առանց պաշտոն, նրանցից մեկը պետք էր, որ ղեկավարեր հեռակայի բաժինը: Դա դեռ մի կողմ, զարգացող աշխարհում ճի՞շտ է լեզուն և լեզվաբանությունը դասավանդել 70-80-ական թթ. դասագրքերով: Ասեմ, որ ժամանակակից լեզվաբանությունն այլևս լոկ պատմահամեմատական լեզվաբանություն չէ, մագաղաթահեն դասախոսություններ չեն: Անգլերենը, որպես մասնագիտություն, չպետք է դասավանդել հնագույն մեթոդներով և հինավուրց նյութերով: Ըստ շարունակական կրթության և որակի բարձրացման պահանջների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվան ընդառաջ հարկ է վերանայել կրթական ծրագրերը, դասավանդման մեթոդները և նյութերը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը դեռևս 15 տարի առաջ առաջինն էր, որ ընկալեց, ներմուծեց և իրականացրեց կրեդիտային համակարգով ուսուցումը, որը, սակայն, 2012 թվականից վերափոխվեց կուսակցական համակարգով ուսուցման: Միակ բուհն էր, որ քաղաքականացված չէր, և քաղականության աղբը չէր փչացրել բուհիս օդը: Այսօր ունենք այն, ինչ ունենք. կուսակցական «թայֆայով» իրանք իրար կոչումներ ու պարգևներ են տալիս, բայց, ախր ա՛յ ժողովուրդ, ձեր աշխատանքը ուսանողը պետք է գնահատեր, բուհի լավագույն դասախոսին ու ուսանողին իրավունք չունեիք ձեր թայֆեքից ընտրելու:

Այս ամենը բավական չէր, հիմա էլ, արի ու տես՝ լեզվաբանական բուհը գործում է ֆիզիկայի օրենքներով: Ձգողականության և ծանրության ուժի սկզբունքով հօդս ցնդեցին որոշակի ամբիոններ, պաշտոնանկ արվեցին ոլորտում նմանը չունեցող գիտնականներ, որոնք արդեն իսկ խեղաթյուրված մթնոլորտում փորձում էին երբեմնի բարի համբավով բուհի անունը պահել, լուծարվեցին լեզվաբանական գիտությանը զարկ տվող կառույցներ և այլ նմանատիպ «ոճրագործություններ»: Այս ամենի փոխարեն, ԶԱՆԳՎԱԾՈՎ օժտված մարմինը իր շուրջը ստեղծեց ձգողական ուժային դաշտ, որը գործառում է կուսակցական խորհուրդներով: Ասում են, որ մի բանը շատ է փրփրում, ուրեմն շատ է օճառվել: Պարզվել է, որ օճառի արտադրության համար ծախսվում են մեծ քանակությամբ արժեքավոր սննդամթերքներ, այդ պատճառով վերջին ժամանակներում կրճատվել է օճառների կիրառությունը, փոխարենն օգտագործվում են սինթետիկ լվացամիջոցներ, որոնք աննյութ փրփուր են: Այդ լվացքամիջոցների բաղադրության մեջ են մտնում ֆիզիկոսներ, ինժեներներ, հայտնի կուսակցականներ, չեն պարունակում լեզվաբանական, մանկավարժական, թարգմանական տարրեր, ի տարբերություն դրան՝ օճառը գոնե պարունակում էր վերջին տարրերը: Երկուսն էլ մի բան չեն, եղբա'յր, արցունք ու ցավ են, եղբա՛յր, փրփրում-փրփրում, բայց չեն պարզաջրվում:

Էհհհ, էլ որն ասեմ, որը գրեմ……….

Միայն թերևս մեջբերեմ Ջ. Վոշինգթոնի այն միտքը, որ «Կրթությունը ազատության ոսկե դուռը բացելու բանալին է»: Բուհը հանձնե՛ք կրթության ջատագովներին, թո՛ղ ազատեն բուհը ԱԺ ընտրություններից, նշյալ թեկնածուի քարոզարշավի նպատակով դասընթացները բաց թողելուց, մագաղաթահեն դասախոսություններից, թո՛ղ վերականգնվի բուհիս երբեմնի առաքինի պատիվը: Քաղաքականությունը նման է անբարոյական կնոջ: Թու՛յլ տվեք անբարոյականությոնը մնա իր տեղում, թո՛ղ հասարակությանս մակարդակը բարձրացվի առաքինի կրթությամբ: Կիրթ մարդկանց, իհարկե, անհրաժեշտ է նաև ֆիզիկան բառի բուն իմասով, ԲԱՅՑ՝ դպրոցում կամ համապատասխան բուհում՝ ֆիզիկայի դասագրքերի տեսքով:

Աղբյուրը` Բրյուսով
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5088 | 0 | 0
Facebook