Շարունակվում են մեր` հայրենագիտության բացօթյա դասերը: Նոր ուսումնական տարում մեկնարկը տրվեց սեպտեմբերի 30-ին: Այս անգամ մեր դասերն անցկացնելու էինք Գառնու տաճարում և Գեղարդում: Նախաձեռնությունն առաջին հայացքից թվում է հեշտ իրականանալի, մանավանդ որ մեր երկրում ամենալայն մասսայականություն վայելող պատմամշակութային հուշարձաններն են: Պարզվում է, սակայն, որ մարդկային սնափառությունն ու հավակնոտությունը միշտ մի քայլ առաջ են ու միշտ խոչ՝ ոտքի տակ...
Շրջանցելով Գառնու տաճարը՝ մեր բազմամարդ արշավախումբը (որին այս անգամ միացել էին նաև ծնողներ) Գառնու կիրճով իջավ դեպի «Քարերի սիմֆոնիա»: Նախ մեր երեխաների հիացմունքի առարկան դարձավ բնության հրաշագեղ վրձնումը, իսկ ապա՝ հետաքրքության առարկան՝ ինչպե՞ս կարող է առաջանալ այդպիսի գեղեցկությունը: Հաջորդ կայանը՝ Գեղարդը, ավելի հյուրընկալ էր: Բնության և եկեղեցու համադաշն բազմօրինակությունը տեսանելիքի անդորրավետ սիմֆոնիա էր, իրապես հմայական դարման մեր խռովված հոգիներին: Այստեղ էլ ինքնաբուխ ծայր առան տասներկուերորդցի Ֆլորայի երգ-աղոթքը, տասներորդցի Մանեի սրտահույզ ասմունքը, նրանց զուգերգը, մեր տարահասակ երեխաների խմբապարերը: Առաջին անգամ էր, որ աղոթում ու պարում էին միաժամանակ, որովհետև պարը, որ պիտի թունդ առներ Գառնու տաճարում, լռեց: Լռեց, որովհետև մարդկային անպարագիծ նկրտումները զանցառում են արժեհամակարգը, անառողջ երևակայությունը ազգային սեփականությունը վերագրում է մասնավոր սեփականատիրության, սրբությունը վերափոխում պղծության...
Այդ օրը Գառնու տաճարը այցելուների զբոսավայր չէր՝ որպես ազգային սեփականություն, այլ մասնավոր խրախճանատեղի՝ միջոցառում հորջորջմամբ: Այդ օրը Գառնու տաճարի դռները բաց էին ընտրյալների համար և կողպված լայնաթիկունք համազգեստավորներով՝ զբոսաշրջիկների ու աշակերտների համար: Այդ օրը հեթանոսությունն էր իշխում Գառնու տաճարում, բայց ոչ իբրև դավանանք, այլ իբրև գործ...
Հ. Գ. Մեր բացօթյա դասերի նպատակը աճող սերնդին ազգային հարստություններին ծանոթացնելն է՝ հայրենի երկրին կապելու, այն սիրել տալու, արժեհամակարգ ձևավորելու, ունեցածը անխաթար պահելու և նորը ստեղծելու նպատակով: Ու՞մ թողտվությամբ է երեխան հաշված վայրկյաններում տեսնում մի բան, որի հակառակը դպրոցը ճգնում է տարիներով սովորեցնել նրան...