Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հինգշաբթի օրը Արևմտյան Վիրջինիա նահանգում, Հանթինգթոն ավանում հանդիպելով աջակիցներին, ասել է, որ իրեն վերագրվող կապերը ռուսների հետ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:
«Այս ռուսական պատմությունն ամբողջությամբ կեղծ է, դա մեծագույն պարտությունն արդարացնելու միջոց է», - հայտարարել է Թրամփը՝ ակնարկելով անցյալ տարվա նախագահական ընտրություններում դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի պարտությունը:
Նախագահի համոզմամբ, Դեմոկրատական կուսակցությունը խիստ դառնացած է, չի կարողանում ներել հանրապետականներին անցյալ տարվա ընտրությունները և հենց այդ պատճառով տարածում է ասեկոսեներ ռուսների միջամտության մասին:
«Այստեղ՝ Արևմտյան Վիրջինիայում, Օհայոյում, Փենսիլվանիայում ռուսների տեսե՞լ եք, այստեղ հիմա կա՞ն ռուսներ: Դեմոկրատները չեն կարող մեզ հաղթել ընտրատեղամասերում և այդ պատճառով ցանկանում են աղավաղել ձեր ապագան, հորինում են կեղծ պատմություններ, որոնք նվաստացնում են բոլորիս, մեր երկիրն ու մեր Սահմանադրությունը», - ասել է Թրամփը:
Մինչդեռ, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Թրամփի նախընտրական թիմի և ռուսների կապերի հանգամանքները պարզելու նպատակով հատուկ դատախազ նշանակված Ռոբերտ Մյուլերը, ով նախկինում ղեկավարել է Հետաքննությունների դաշնային բյուրոն, Վաշինգտոնում գումարել է այսպես կոչված «մեծ ժյուրիի» ժողովը, ինչը կարող է վկայել այդ գործում արձանագրված կարևոր տեղաշարժի մասին:
«Մեծ ժյուրին» աշխատանքը սկսել է շաբաթներ առաջ, ուստի հետաքննությունը, ըստ The Wall Street Journal-ի, կարող է ամիսներ տևել:
Սպիտակ տան իրավաբան Թայ Քոբը մամուլին ասել է, թե «մեծ ժյուրիների» աշխատանքը գաղտնիության պայմաններում է իրականացվում, բայց նախագահի աշխատակազմը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել այդ աշխատանքին»:
Նշենք, որ ամերիկյան արդարադատության համակարգում «մեծ ժյուրի» անվամբ հայտնի ատյանը ատենակալների խորհուրդ է: Ստեղծելով այդօրինակ խորհուրդ՝ դատախազը կարագացնի ցուցմունքների համար վկաներ կանչելու, պետական կառույցներից փաստաթղթեր պահանջելու, դատական կարգադրություններ արձակելու գործընթացը: Ժյուրին ընդամենը կոչված է ասել՝ կա՞ն արդյոք բավարար հիմքեր անձին մեղադրանք ներկայացնելու և դատական հետապնդում սկսելու համար: Ընդ որում, ժյուրին չի որոշում, թե արդյոք այդ անձը մեղավոր է: