Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոլաժ Զեմֆիրայի համար - Դուք զգույշ չեք

Գրեթերթ
Մամուլի խոսնակ`
Գրեթերթ
18:57, երկուշաբթի, 11 մարտի, 2013 թ.
Կոլաժ Զեմֆիրայի համար - Դուք զգույշ չեք

Մամ, ողջույն, մամ ջան, ինչ դժվար է լավ դուստր լինել:

Հաճախ սիրահարվում է, հաճախ ծիծաղում մոդելների մեծ քթերի ու հարթ մաշկի վրա, ծերությունից չի վախենում (դա նրա` մահն ինքնուրույն ընտրելու հատկությունն է), նա չգիտի (ոչ մեկս էլ չգիտենք) ինչու է ուզում բոլորին դուր գալ, բայց հասկանում է դրա անհնարինությունը: Պետք է լինել այնպիսին, ինչպիսին ԵՍ, ոչ ոքից ոչինչ չխնդրել, խնդրել` միայն չխանգարել, իսկ մենակություն կիսողը լուռ ու բազմագույն ձուկն է, ինքն իր միակ քննադատը, ինքը գիտի ով է, գիտի իր տեղը, իր անելիքը:

Մի՛ս, մի՛ս տուր, նրանք դա են ուզում... Եվ կարող է մերկանալ, բայց դա չէ ի՛ր մերկությունը, այլ դեմքի սիրուն, ժպիտի տաք փոսիկները. իմ դեժավյուն:

Ես իմ երգերի համար պայքարում եմ ինչպես առաջամարտիկ, որովհետև դրանք իմ դիմանկարներն են, ես չեմ ուզում կորցնել դեմքս:

Նրա համր ձուկը. ծփանքի մեջ մենակ ու մենակ չէ:

Զեմֆիրայի կանաչ շարֆն ու նրա անսեռ տեսակն է ինձ դուր գալիս. սև շորերի և տղայական պահվածքի արանքում էնքան ավելորդ ու ամոթխած` խմորի պես լխտիկ-պստիկ ծիծիկները:

Ինչպե՞ս թաքնվել կիթառի գրիֆի ետևում: Ինքն իր դիմանկարն ունի:

Իր ձեռքով երգած.

Իր մեջ են բոլոր բառերը:

Իր մեջ` լռությունը:

Իր ներսում նավերն են, ծովերը:

Քաղաքներն են:

Սերն է ամբողջ

Եվ առհասարակ ինչ ԿԱ:

Ինչ ԿԱ:

ԿԱ:

Չիլինգարյան Ծովինարն ասում է. ես իրան շատ եմ սիրում... հատկապես, երբ սիգարետի ու կոլայի հույսին եմ լինում... մենակ իրա երգերն եմ լսում... ախր ինքը էնքան դուզ ա ցույց տվել էդ հույսը:

Երերացող ոտքերով ուզում է լինել Աստված, բայց դա այնքան պատասխանատու գործ է, տխուր ու միայնակ:

Միայն նա է կարողանում ագռավի տաք սրտխփոց զգալ... սրտին մոտ: Խնդրում եմ, մի մեռիր, թե չէ ես էլ ստիպված կլինեմ:

Այս տիեզերքն` իր սենյակը, որտեղ սերն է... Որտեղ մերկացած սերն է: Դուք զգույշ չեք: Այս հոտած լռության մեջ կմեռնեմ: Դուք զգույշ չեք: Մի խնդրեք, վախենում եմ, չեմ կարող պահել ձեռքերը ձեր: Սակայն: Այս սպիները ձեր մասին չեն, ձեր տխուր աչքերի:

Դուք շաաատ անզգույշ եք:

Ծովիկն էլի կասի. դրա համար միշտ չի, որ սիրում եմ լսել իրան... ժամանակ ա լինում... եղել ա տենց սիրուն ժամանակ... որ էլ Զեմֆիրա չէի լսում: Իհարկե ինքը շատ մեծ երգչուհի ա: Մեր ընգերն ա:

Թափառենք սառը, ցուրտ քաղաքում, քեզ մոտեցնեմ կամուրջներին, դու միայն այդտեղ կշնչես, ու տաք շունչդ գոլորշու պես կտեսնեմ:

Վերջապես նոյեմբեր, սառչում է շուրջանակի, անտեղի վառվում են լույսերը, շարվել են կապտավուն ագռավներն ու եկեղեցու զանգերի ձայներն ականջներիդ մեջ զրնգում են: Հավաքվում է, խոնարհվում, շնորհակալություն ասում, ուզում է տուն գնալ... Էհ, Զեմֆիրոչկա, իմ իրականության մեջ տուն գնալը մահվան խորհուրդ ունի («Մարդկանց տուն ուղարկիր» -ի խորհուրդ), ո՞ւր ես կլավիսինի հնչյունների տակ հետքերդ շաղ տալիս, ո՞ւր ես հազար տարի գնում - գալիս Երկրի վրա ու քո ծղրտոցը` աաա աաաաաաաաաաաաաաաաաաաաա:

Հանդիպեցիր Նրան:

Այս անգամ ես մահից առաջ եմ ընկնում, ու նրա երախին մոտ բերում Զեմֆիրային: Նրա ինքնասպանության տեսակը հարազատ է ինձ: Գիտեմ, տեսնում եմ: Նա ուզում է ինձ փոխանցել իմ անավարտ, չհասցրած, կիսատ ինքնասպանությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5047 | 0 | 0
Facebook