Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

1000 դրամ վճարը սոցիալական աջակցության ծրագիր չէ, այլ պաշտպանության ապահովման քաղաքականություն. Վ. Սարգսյան

20:00, շաբաթ, 12 նոյեմբերի, 2016 թ.
1000 դրամ վճարը սոցիալական աջակցության ծրագիր չէ, այլ պաշտպանության ապահովման քաղաքականություն. Վ. Սարգսյան
     Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագծի քննարկման համար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
    
     Հարցը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որի խոսքով՝ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ՝ պաշտպանության ապահովման քաղաքականություն:
    
     Առաջարկի համաձայն, անկախ եկամուտներից, հասարակությունը հատուցման համար կվճարի ամսական 1000 դրամ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն փոխանցել ավելին, նման հնարավորություն ունեն: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու, այն կառավարելու համար առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց, որը կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները:
    
     Խորհրդում ներկայացված են լինելու երեքական ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կառավարությունից ու քաղաքացիական հասարակությունից:
    
     «Դուք գիտեք, որ թեև Հայաստանում կա գործազրկության բավական բարձր տոկոս, մենք ունենք լայն հնարավորություններ պայմանագրային ծառայության Զինված ուժերում: Հաճախ, երբ խոսում ենք այդ մասին, հնչում է պարզ հարց՝ ի՞նչ է լինելու իմ ընտանիքի հետ, եթե ինձ հետ մի բան պատահի, ո՞վ է կանգնելու իմ ընտանիքի կողքին», - նշեց Վիգեն Սարգսյանը:
    
     Ըստ նախարարի՝ նման քաղաքականությամբ հանրությունը պատասխանում է, որ բոլորս ենք կանգնում զինվորի կողքին, որովհետև երկրի անվտանգությունը բոլորիս խնդիրն է:
    
    
     Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ ինքը ծանոթ է սոցիալական ցանցերում տարածված մտահոգություններին, թե գումարը փոխանցվելու է որևէ հիմնադրամի՝ նշելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման շուրջ էլ նման զրույցներ եղան, ուստի իրենք չեն անտեսել այդ հարցը օրենքի նախագծի մշակման ժամանակ:
    
     «Բոլոր միջոցները մուտքագրվում են ՀՀ պետական բյուջե և միայն բյուջեից են ուղղորդվում հիմնադրամ: Սա արվում է նրա համար, որ գումարը պետբյուջեի հաշվին մեծանա, հետո փոխանցվի հիմնադրամին», - նշեց Պնախարարը:
    
     Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց, որ ինքը շատ կցանկանար, որ Հայաստանը նման օրենքի անհրաժեշտություն չունենար, բայց շեշտեց, որ մենք պատերազմող երկիր ենք, ուստի հարկավոր է որակապես նոր մակարդակի քաղաքականություն հատկապես նրանց նկատմամբ, ովքեր առաջնագծում լուծում են լինել-չլինելու, անվտանգության հարցերը:
    
     «Եթե, Աստված տա, այս գումարները պետք չլինեն, խորհուրդը որոշում կարող է կայացնել ու դրանք տրամադրել նախորդ տարիներին հաշմանդամություն ստացած կամ զոհված զինվորներին», - մանրամասնեց Պաշտպանության նախարարը:
    
     Սարգսյանի դիտարկմամբ, կա նաև սկզբունքային հարց՝ արդյոք արդա՞ր է, որ բոլորը վճարում են նույն գումարը: Այս առումով նախարարն ասաց, որ 1000 դրամը նվազագույն շեմ է և շեշտեց, որ նրանք, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում, այս գումարները չեն վճարելու:
    
     «Սա սոցիալական խավին ուղված, բայց պաշտպանական բնույթի քաղաքականություն է: Այո, սա ազգ-բանակ գաղափարախոսության վա հիմնված քաղաքականություն է, որ բոլորս մեր աշխատավարձից լրացուցիչ, առանձին տողով մտածում ենք մեր զինվորի մասին: Սա պարտադիր է, եթե մենք ուզում ենք ապրել ամուր երկրում», - շեշտեց նա:
    
     Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարությունը հավանությանն է տվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դեպքում հատուցման մասին հարցը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4870 | 0 | 0
Facebook