ԲԱՐԵԳՈՐԾ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Տարբեր տեսակի դժբախտություններով լեցուն մեր հասարակության մեջ բարեգործությունը անբաժանելի ու չափազանց կարևոր գործունեություն է: Շախմատը նույնպես կարող է դեր խաղալ այս վեհ գործում, ինչպես մեզ ցույց է Ֆիդե-ի վարպետ Մերի Գրիգորյանը: Նա կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է ուշադրության կենտրոնում պահել և պայքարել քաղցկեղի դեմ: Մերի Գրիգորյանը ծնվել է 1977 թվականին Երևանում: Նրան շախմատ սովորեցրել և պարապել է հայրը: 12 տարեկանում նա դարձել է Երևանի կանանց չեմպիոն: 15 տարեկանում նա Երևանի չեմպիոն է դարձել 21-ից ցածր տարիքի տղաների առաջնությունում և Հայաստանի աղջիկների չեմպիոն` բոլոր տարիքային խմբերի մեջ: 90-ական թվականներից սկսած Մերին ապրում է Բրիտանիայում և խաղում անգլիական դրոշի ներքո` ներկայացնելով կանանց ազգային հավաքականը: 2004 թվականին նա Բրիտանիայի կանանց չեմպիոն է դարձել: Երկար տարիներ եղել է նաև Անգլիայի շախմատի ֆեդերացիայի կանանց շախմատի ղեկավարը: Մերին բազմակողմանի զարգացած է (շախմատ, նկարել, երգել, գրել) և տիրապետում է մի քանի լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն. դանիերեն, չեխերեն, լեհերեն, ֆրանսերեն) և երկար ժամանակ եղել է շախմատի մարզիչ` շախմատը զարգացնելով Բրիտանիայի դպրոցներում: 2011 թվականին նա միացել է բարեգործական օնլայն համայնքի և նվիրատվության հրավիրել քաղցկեղի դեմ պայքարի համար: Այնուհետև Մերին որոշեց բարեգործական ֆոնդն ավելացնել շախմատի օգությամբ: Ամառվա ընթացքում Բրիտանիայի ափամերձ քաղաքները լի են տեղի և միջազգային տուրիստներով: Այդ քաղաքներից մեկը` Բորնմուտը, որտեղ նա ապրում է տարվա մեծ մասը, դարձել է նրա բարեգործական և շախմատային իրադարձությունները հյուրընկալող վայր: 2011 թվականի հուլիսին՝ «Միասին կարող ենք հաղթահարել քաղցկեղը» նշանաբանի տակ Մերին կատարեց իր առաջին բարեգործությունը՝ շախմատային միաժամանակյա սեանսի միջոցով։ Սկսելով 15 խաղատախտակից՝ նա արդյունքում խաղաց 54 պարտիա, որի ընթացքում հետևողները նույնպես միանում էին խաղին՝ խաղատախտակն ազատվելուն պես։ «Միաժամանակյա սեանսը հիանալի տարբերակ էր Դորսեթի շրջանում շախմատը զարգացնելու և քաղցկեղի վերաբերյալ հետազոտությունների և կանանց շախմատի ֆոնդը հարստացնելու համար։ Ես խաղում էի 15 խաղատախտակների առաջ և երբ խաղն ավարտվեց, խաղին հետևողները նույնպես միացան. այն ինձ համար ավելի շատ շախմատային մարաթոնի էր նման։ Իմ հինգ-ժամյա ցուցադրությանը ներկա էին հրաշալի մարդիկ։ Իմ հակառակորդները Ֆրանսիայից էին, Գերմանիայից, Իսպանիայից, Սաուդյան Արաբիայից, Դանիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Հնդկաստանից, իսկ մնացածները հիմնականում Դորսեթից։ Ինձ հաջողվեց հաղթել 50 պարտիայից 48-ը» ։ Մերին այս իրադարձությունը կրկնում է ամեն տարի։ Այն արդեն դարձել է ամենամյա շախմատային և բարեգործական տոնակատարություն։ 2013 թվականին վշտալի դեպք տեղի ունեցավ․ հայտնի դարձավ, որ երիտասարդ սլովենացի շախմատիստուհի Վեսնա Ռոզիկը տառապում է քազցկեղով։ Երբ մոտենում էին Եվրոպայի թիմային առաջնությունները, որոնց Վեսնան այլևս չէր կարող մասնակցել, Մերին կազմակերպեց Բորնմուտի շախմատային բարեգործական իրադարձությունը ի հիշատակ Վեսնայի։ |