Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Նարեկ Ավետյան
18:20, կիրակի, 14 օգոստոսի, 2016 թ.
Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ
    

Ուզում եմ կարդալ Պողոս Առաքյալի երկրորդ նամակը ուղղված իր աշակերտ Տիմոթեոսին 3-րդ գլխի 1-17 համարները:
     «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասէր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը: •••»:
     Պողոս Առաքյալի այս խոսքերը կարդալուց հետո, ակամա մտածում ենք, թե մենք իբրև մարդիկ «Ի՞նչ ենք փնտրում այս կյանքում և թե ի՞նչ է կյանքի իմաստը»:
     Քանի դեռ երիտասարդ ենք, ձգտում ենք կյանքը զգալ մեր ձևով, այսինքն` երազանքները իրականություն դարձնել, տքնաջան աշխատել, սիրել, սիրվել ու փորձել վայելել կյանքի բարիքները: Գլխապտույտ այս վազքի մեջ մենք ուզենք, թե չուզենք աճում ենք, ինչպես ասում են` «հասակ» ենք առնում և, երբ հասնում ենք մի տարիքի, ինքներս մեզ հարց ենք տալիս, թե` «Ի՞նչ ենք արել ոչ միայն մեր ֆիզիկական մարմնի առողջության, այլ մանավանդ` մեր հոգու հասունության համար»:
     Հոգու նպատակը Քրիստոսին հասնելն է, որը հնարավոր է միայն հավատքով ու աղոթքով, այսինքն` Տիրոջը կրել մեր սրտում, Նրա հետ միություն կազմել և ապրել նրա փրկարար պատվիրաններով: Քանի երիտասարդ ենք, վազում ենք, ամեն ինչ անում, որ մի բանի հասնենք. ոմանք հաջողություններ են ունենում և մեծ հարստություն են կուտակում, դառնում մեծահարուստ, ուրիշներ գիտության մեջ են առաջ գնում, իսկ ոմանք էլ համեստորեն շարունակում են իրենց կյանքը մշտապես փառք տալով Ամենակարող Աստծուն:
     Նրանք ովքեր միայն նյութական հարստություն էին կուտակել և դարձել մեծահարուստ, հասկանում են, որ միայն դրամով ոչ մի արդյունքի չեն հասել, նրանք, որոնք միայն գիտության մեջ են առաջ գնացել, հասկանում են, որ միմիայն գիտությամբ շատ բանի չես կարող հասնել. Սողոմոն իմաստունի խոսքը այսպիսիների համար է. «Ունայնություն ունայնությանց», այսինքն` «Ամեն ինչ դատարկություն է»: Իսկ նրանք, որոնք գոհացել են իրենց վաստակով և միշտ Աստծուն փառք են տվել ու օգնել են իրենց նմաններին, ուրախ և գոհ են իրենց անցկացրած տարիների համար, որոնք լցրել են իմաստությամբ:
     Երբեմն մարդիկ ինձ հարց են տալիս. թե` «Տեր Հայր, եթե գամ եկեղեցի, ի՞նչ կարող եմ ստանալ»: Ես էլ պատասխանում եմ. «Եկեղեցին քեզ պիտի տա հոգու հանգստություն և խաղաղություն, որը ոչ մի գումարով չես կարող գնել. իսկ դա կարծում ես քի՞չ է»:
     Դժբախտաբար տարբեր տարիքի շատ մարդիկ այսօր գալիս են եկեղեցի միայն Ծնունդից-Ծնունդ կամ Զատիկից-Զատիկ և կամ այն ժամանակ, երբ խնդիրների ու դժվարությունների մեջ են ու այլևս ճար չունեն և վերջին հույսը եկեղեցին է կամ հոգևորականը: Եթե հասկանանք իր ժամանակին, կյանքում մեր կորցրածը ոչ մի տեղ չենք կարող գտնել, բայց եկեղեցում կգտնենք ամենամեծ գանձը` «Հոգու խաղաղությունը»: Աստված բնակվում է բոլոր նրանց սրտերում, ովքեր լսում են Նրա ձայնը, փնտրում Տիրոջը, ձգտում դեպի այն ամենը, ինչով ապրում է Եկեղեցին:
     Երանի այսպես լիներ, սակայն իրականությունն այլ է:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6042 | 0 | 0
Facebook