Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

ՑԱՎԻ ԱԿՈՒՆՔ/պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
12:11, շաբաթ, 09 հունվարի, 2016 թ.
ՑԱՎԻ ԱԿՈՒՆՔ/պատմվածք/

Այդ ի՜նչ ձմեռ էր, մերիկ իմ, ի՜նչ ձյուն: Թե՞ ես էի այն տարիներին շատ փոքր, աշխարհն էր ուրիշ:

-Ռա՛ֆ, գա՜մ:

-…

Կրակոցների, ձիերի դոփյունի, կինոխցիկի միալար դռռոցի, դահլիճից հասնող քխկոց-թխկոցի, մթնում՝ ինչ-որ տեղ հերթական ժապավենը գտնելու նպատակով թիթեղյա տուփերը շուռումուռ տվող ընկերոջս՝ Շավոյի բարձրացրած աղմուկի մեջ կարդում էի կինոմեխանիկի մտքերն ու շարունակում առավել աղերսագին.

-Ռա՜ֆ…

«Շան որդիք, հոգիս բերանս բերիք: Գնացեք տուն, էլի, մե՞կդ եք, որ թողնեմ», -ասում էին բացուխուփ եղող շուրթերը, խցիկից արտածված լուսափնջին կողքանց հետևող հայացքը:

Ամռանը քամի խաղալու համար նա մաշված, վրան փորագրություն, դանակի ծակծկոցի հետքեր ունեցող դռան մի փեղկը բաց էր պահում, իսկ նկարագրածս օրը դեկտեմբեր էր, և փոքրերիս կինոնկարից ավելի ձգողը ներսի տաքությունն էր, ծխախոտի, վառարանում մխացող անորակ քարածխի ծուխը, սապոգների հետ դահլիճ հասած թրիքի կծվահոտը: Քսան կոպեկ ունեցողը ներսում էր, չունեցողը՝ որը տուն էր գնացել, որն ակումբ՝ շախմատ, տամա խաղալու կամ թե մտել գրադարան՝ ունկնդրելու մեծերի զրույցը: Ցուրտ միջանցքում մնացել էինք մի քանի հոգի. բարձրդասարանցի երկուսը, որ նախասրահում լուցկի էին շպրտում առաստաղին, ես, Վանիկն ու էլի մեկը՝ ներքևի թաղից:

Անհաջող օր էր. հավաբնում եղած երեք ձվից երկուսը թռցնելու համար համարձակությունս չէր հերիքել, խանութ հանձելու դատարկ շիշ տանը չկար, և ես ձեռնունայն եկել էի կինո՝ հույսս Ռաֆիկի բարեսրտության վրա: Բայց նա լիուլի կուշտ էր մեզնից, մեր աներեսությունը, նույն թաղեցի, հարևան լինելը նրան հիմնավորապես ձանձրացրել էին, համ էլ ետևում էր մնացել այն երանելի ամիսը, երբ նոր էր կինոմեխանիկ դարձել և, խոստմանը հավատարիմ, օրեր շարունակ մեծ ու փոքրիս ձրի կինո էր թողնում:

Դռան մոտ տնկված՝ նախանձով հետևում էի ներս մտնող հասակակից տղաներին, ազգականներից մեկ-երկուսին հետները ներս տանելու երկչոտ առաջարկ էի արել, ընկերոջս՝ Շավոյին էի նշանացի հասկացրել, որ գոնե ինձ համար միջնորդի, փորձել էի մարդկանց արանքով թաքուն խցկվել, բայց՝ անհաջող, ու հիմա, գրեթե հուսակտուր, գոց դռներին ի մերձ, ամոթ-բան մի կողմ դրած՝ կանչում էի.

-Ռա՜ֆ…

Քանիցս տուն գնալու համար քայլ էի արել, սակայն ամեն անգամ թվացել էր, հրես, նա փոքր եղբորը կասի՝ զահլես գնաց, բաց, թող գան, ու հետ էի դարձել: Ուշացած մեկի հայտնվելու դեպքում ծեփվում էինք դռան չբացվող փեղկին, սկսում հրմշտել մեկմեկու: Առաջինը ներս մտնելու իրավունք, բոլորից շատ հավանականություն, համոզված էի, ես ունեմ: Շավոն համադասարանցի էր՝ մեկ, մեր տները միմյանց ավելի մոտ էին՝ երկու, խորթ մոր ձեռքի տակ էի մեծանում՝ երեք: Հրհրոցների ժամանակ ասպարեզ էի հանել առաջին երկու փաստարկը, ու Վանիկը, երևի, համակերպվել էր երկրորդը լինելու մտքին, իսկ ցածի թաղեցի Աշոտը՝ ամենևին: Նա էլ իր հաշիվներն ուներ: Սրտի խորքում մենք ևս գիտեինք, որ եթե գթալու հարց լինի, կինոմեխանիկն սկզբում նրան կթողնի. հայրն անցյալ տարի էր մահացել, ուստի ամեն կերպ ջանում էինք ասպարեզից հանել վտանգավոր ախոյանին՝ ահ էինք տալիս, համոզում, սիրաշահում, դիմում խորամանկ միջոցների, բայց նա հեշտ խաբվողներից չէր:

Ժամանակն անցնում էր, ականների պայթյունից, հրանոթների զարկերից, թնդյունից, երբեմն նույնիսկ թշնամուն բարեկամի տեղ ընդունող երեխաների «ուռա» -ից ցնցվում էին երկհարկանի մշակույթի տան ու մեր սրտերի բարալիկ պատերը: Երջանկությունը ձեռքից բաց թողածի հոգեվիճակում՝ նման նրանց, ովքեր կյանքը վայելելու քաջությոթուն չունենալով՝ ստանձնել են ընդամենը դիտորդի դերը, կծկվել էինք թքոտ, ծխուկներով առատ միջանցքում, ես՝ ուսանող եղբորս՝ թևքերին երկու կարկատան ունեցող անկոճակ բաճկոնով, , որ երկրորդ տարին որպես վերարկու էի հագնում, Վանիկը՝ բամբակյա հաստ, նախանձելի տաք կիսամուշտակով, Աշոտը՝ քրջված ամեանխայտաբղետ վերնաշապիկներով, քանակը՝ յոթ-ութ: Անցյալում տեսած նմանօրինակ կինոկադրերը հարմարեցնելով դահլիճից հորդող ձայներին, զոռ տալով երևակայությանը՝ այդ կերպ կիսատ-պռատ դիտում էինք կինոնկարը, բայց դա բավական չէր, ու Վանիկը մնում-մնում, դառնում էր Աշոտին՝ ձայնում սրտնեղանք.

-Ի՞նչ ես տզի պես կպել դռնից, տուն գնա:

-Տիզը դու ես:

-Արա, որ տվել եմ…

-Բա որ ես տվի…

-Հլա սրա խոսելուն նայիր: Մեղքս գալիս է, թե չէ…

-Պահ, պահ… տված-փռածներդ չտեսանք, -լեզվին էր տալիս Աշոտը, որ Վանիկից փոքր էր երկու տարով, մարմնով՝ ճլեզ:

Նա գիտեր, համոզված էր՝ բանը ծեծի չի հասնի, ոչ մեկի ձեռքը չի գնա իր վրա:

Լեզվակռիվը կանխելու մտադրությամբ անցա կիսամիջնորմի մյուս կողմը, բացեցի-փակեցի գրադարանի դուռն ու վերադառնալով՝ տագնապահույզ շշնջացի.

-Դպրոցի տնօրենը, արա, ներսում է:

Աշոտը շարունակեց կառչած մնալ փականքի մետաղյա օղակից, իսկ Վանիկը հետևեց ինձ, սակայն դա չօգնեց. որբուկին ապակողմնորոշել, դռնից պոկելը դժվար էր:

Սանդղահարթակին կանգնած՝ մի քանի րոպե դիտում էինք ներքևում ընթացող մրցակցությունը, տեսնում, թե տղաներն ինչպես են պոչի կողմից լուցկու հատիկը թքաշաղախով պատում և վառելով՝ շպրտում վերև: Առաստաղի մրոտ, թևերը փռած չղջիկ հիշեցնող այրուքատեղերը նրանց ու նախորդների ջանադիր աշխատանքի արդյունք էին: Հետո հատիկները պրծան, ու ավարաները նոր խաղ հորինեցին: Նրանցից մեկ թափ առած բարձրացրեց ոտքը և, պատի վրա նշան անելով, գլորվեց մի կողմ: Ստացվեց սև աղեղ, ստորակետանման բան, որը մինչև մյուս նորոգում կինո, գրադարան մտնող-ելնողին պիտի պատմեր անհայտ մարզաձևի անանուն չեմպիոնի մասին, ով այդպես էլ մրցակից չունեցավ, որովհետև երբ մյուսն էլ ավելի թափով գցեց ոտքը, ռետինե երկարաճիտք կոշիկը դուրս պրծնելով՝ թռավ մի անկյուն: Գեղջկական անկիրթ հռհռոցը կարգին չծավալված՝ մարեց կոկորդներումս, որովհետև դրսի դուռը բացվեց, և ներս մտավ Կյուրեղյանը՝ ռուսերենի մեր ուսուցիչը: Վերևից միայն նրա լայնեզր գլխարկը տեսա և մուգ կապույտ վերարկուն՝ վրան ձյան փաթիլներ: Փարախ մտած գայլից ոչխարները, աղվեսից՝ հավերն ինչպե՞ս կփախչեն, այդպես սահմռկած՝ տղաները զարկվեցին պատերով ու, քանի որ դուրս գնալ չէին կարող, աստիճաններով սուրացին վերև: Միակ բաց դուռը գրադարանինն էր, բայց ես չմտա. ներսում երեխա չկար, և բռնվելը մեկից մեկ էր: Բարձր դասարանցիները Վանիկի ետքից աղմուկով լցվեցին այնտեղ, իսկ ես նետվեցի կինոդահլիճի կողմը:

-Ռա՛ֆ, Ռա՛ֆ, բաց արա, խնդրում եմ, Ռա՜ֆ...-ու մի քանի անգամ ցնցեցի սողնակը:

-Շան լակոտներ...-այս անգամ պարզորոշ լսեցի կինոմեխանիկի ձայնը:

Շարունակությունն ունկնդրելու ժամանակ չեղավ, քանզի ականջս որսաց սանդուղքներով ելնող Կյուրեղյանի ոտնաձայնն ու քխկոցը: Նույն պահին հիշեցի մեծ դահլիճի վերնասրահ տանող դռնանցքը: Լայնակի գցված տախտակներից երկուսը ժամանակին կոտրել էին: Ակումբի վարիչը, կինոմեխանիկն ամեն անգամ նորոգում էին, թեփատախտակ ամրացնում, բայց բավական էր որևէ միջոցառում, որպեսզի տղաները վերստին բացեն: Երկտակ ստվարաթուղթը պոկելն ակնթարթի գործ էր, միայն թե թանկագին վայրկյանները կորսված էին, և Կյուրեղյանն ինձ տեսավ: Այնուամենայնիվ հասցրի ներս սողոսկել:

Հսկա չջեռուցվող դահլիճի երկայնքով ձգվող վերնասրահները կահավորանք, օթյակներ չունեին, ժամանակին նույնիսկ ճաղաշար չէր դրվել: Համերգների, թատերական ներկայացումների օրերին, երբ ցածում տեղերը չէին հերիքում, տղամարդիկ՝ հիմնականում երիտասարդ, բարձրանում էին վերև: Այնտեղից բեմը լրիվ չէր երևում, փոխարենը տեսադաշտը փակող գլուխներ չկային, հետո՝ կարելի էր ուզածի չափ ծխել: Նստատեղերին փոխարինում էին տուֆաքարերը, կործած ժանգակեր մի քանի դույլ: Տեսնելու բան էր, թե ներքևում ինչպես էին աղմկում, երբ վերևից մեկնումեկն անզգուշորեն հող էր թափում: Վերնահարկը մի առավելություն ևս ուներ՝ այնտեղից դահլիճը՝ ինչպես ափում. կարող էիր տեսնել, ով ինչ գործի է, ում է սիրահետում:

Խորանաձև պատուհաններից աղոտ լույս էր թափանցում: Խարխափելով առաջացա, սակայն թիկունքից եկող ժխորը, Աշոտի լացախառն ճիչը կանգնեցրին: Դռան բացվածքից միայն միջանցքում հավաքվածների սրունքներն էին նկատվում: Հետո մթություն իջավ, որովհետև մեկի մարմինը փակեց անցքը, և բացվող-խփվող դռների աղմուկի, ընդհանուր գոչյունի մեջ զատվեց Կյուրեղյանի ձայնը.

-Արայիկ, լակո՛տ, կարծում ես չճանաչեցի՞: Դուրս եկ:

Ես սսկվեցի: Ռուսերենի ուսուցչից ամբողջ դպրոցն էր ակնածում: Բավական է հայտնվեր գյուղամիջում, բոլորս պետք է ծակամուտ լինեինք: Միշտ նույն կոշիկներով, լայնեզր գլխարկով, կոկիկ, մազերը՝ ալեխառն, կեցվածքը՝ մարզիկի... Նա մեզ համար առաքինության, լրջության մարմնացում էր: Ձյան հալոցքի, անձրև օրերին, երբ մենք չլմփոցով քայլում էինք ցեխաջրի միջով, ու ցփոնքը ծոծրակներս էր անգամ ներկում, նա դպրոց էր գալիս մաքուր փայլեցրած կոշիկներով՝ շարժելով մյուս ուսուցիչների նախանձը, իրենով հիանալու, մտքներում կոշտուկոպիտ ամուսիններին անիծելու առիթ ընձեռելով գյուղացի կանանց: Նրա խոսքն ապտակի ուժ ուներ, ապտակը չէր ուտվում. տժժոցը մինչև հիմա ակնջներիցս դուրս չի գալիս:

-Կընկնես, ջարդուխուրդ կլինես, արա: Որ եկել եմ...

Անհանգստացողը Ռաֆիկն էր: Շարունակեցի լուռ մնալ, միաժամանակ ելման դիրք ընդունեցի՝ պատաստ ճողոպրելու, եթե մեկնումեկի մտքով իսկապես անցներ ներս խցկվել:

-Շավո, բատարեյը բեր:

Վերնասրահը ետնաբեմի մոտ ավարտվում էր: Աստիճաններ չկային, բայց ես, երևի, հարյուր ու ավելի անգամ ելել-իջել էի այդտեղով, ու մինչ լապտերի լույսը կուղղեին իմ կողմը, երկրորդ հարկ հասնող գազավառարանին սոսնձվելով՝ իջա:

-Այստեղ մարդ չկա: Արայիկ, շան տղա, կփետանաս, թոքաբորբ կընկնես:

Վախվորած լուսաբույլը անկանգ թրթռում էր դատարկ դահլիճում՝ խավարից փշաքաղ:

-Շավարշ, դու մտիր:

Կյուրեղյանի ձայնում տագնապի շեշտեր որսացի, բայց վախն ուժեղ էր, ու ես ավելի հարմար թաքստոց չգտնելով՝ մտա բեմի տակ: Ընկերոջս չէի տեսնում: Տախտակների արանքից ընկնող լույսի շողքերից ենթադրեցի, որ հասել է թուջե վառարանին:

-Արո, Արայի՛կ...

Վեհերոտ խոսքերը վստահություն չէին ներշնչում: Նա այդ պահին ինձ համար ավելի շուտ թշնամական բանակի ներկայացուցիրչ էր, քան մտերիմ: Անունս միջոց էր՝ հաղթահարելու իր իսկ մարմնում, հոգում խավարից, լռությունից, սառնությունից ծնված վախը: Վարագույրների, բեմի ետևում, լուսաշիթից այն կողմ անհայտն էր, ան...

Վերևում ինչ-որ բան գոռացին: Ձայնն արձագանքվեց, ու չըմբռնեցի, ինչի մասին է խոսքը, հետո, երբ ահռելի դահլիճում մենակ մնացի, բացարձակապես մենակ, գլխի ընկա. Ռաֆիկը եղբորն էր կանչում:

Բեմը գետնից բարձր էր, այնքան, որ կարող էի կռացած քայլել, եթե չլինեին գիպսե արձանի հսկայական բեկորները, որոնք մշակույթի պալատի առաջ տարիներ շարունակ խրոխտ կանգնելուց, մարդկանց մտքերի, հոգու վրա տիրաբար իշխելուց հետո հանգրվանել էին խորդանոցում՝ խեղված, գահազուրկ, փոշու, շինաղբի, առնետների ընկերակցությամբ: Դահլիճը չէր տաքացվում, և չորս պատկառազդու, անսովոր տեսքով վառարանները տնային որոշ իրերի նման զուտ ինքնանպատակ էին: Կառուցումից մի քանի տարի անց ջեռուցում անցկացրին, սակայն նույն աշնանը ողջ խողովակաշարը պայթեց, ու պատմածս տարիներին ցրտերն ընկնելու հետ ցուցադրումները փոխադրում էին փոքր դահլիճ:

Եկեղեցուց հետո մշակույթի տունը երկրորդ խոշոր շինությունն էր գյուղում, փոքրերիս համար՝ խորհրդավոր, դահլիճը՝ հյուսիսային կողմում, քարակոփ և խոշոր չափերի պատճառով՝ նույնքան սառնօդ: Անգամ բեմի վերնամասում վրձնած հաստամեջք կոլտնտեսուհիները, ցորենարտում հունձ անող կոմբայնը, կարմիրի, դեղինի ու կանաչի թանձրուքը, որ նկարչի ճաշակի, մեր՝ քարուտներից, հողմահար մաշկերից, կնճռոտ դեմքերից կուշտ լինելու, կինոնկարներում տեսած արձակ տարածությունների հանդեպ կարոտի մասին էին վկայում, չէին կարող ցրել ցուցադրումների ժամանակ դահլիճում, ներկաների ներսում առկա թախիծը: Ձայնը դատարկության մեջ արձագանքվում էր՝ դառնալով անըմբռնելի, ու պաստառի վրա ընթացող երկխոսությունները չհասկանալը մենք մեր՝ յոթ սարից այն կողմ ծնվածի հաստագլխությամբ, ռուսերեն չիմանալով էինք բացատրում: Համերգների, թատերախաղերի ժամանակ ուրիշ էր. լույսերը վառ էին պահում, մարդկանց շատությունից պատերը նեղ էին գալիս, սյուներից գրկված, ետնաբեմ խցկվել ջանացող, վերնահարկերում իծաշարուկ նստոտած երեխաների ոգեշունչ կանչերից, ծափերից, օտարոտի դեմքերի, հագուստների, դեկորների առատությունից սրահը ջերմանում էր, մեծ աշխարհի մասը լինելու պատրանքից՝ մեր հոգին:

Դահլիճը ելքի մի քանի դուռ ուներ, որոնք ձմռան այդ օրը փակ էին, և ես վճռեցի օգտվել ետնաբեմի՝ ճողված ճաղերով լուսամուտից: Այնտեղ անգամ ցերեկով հասնելը դժվար էր, ուր մնաց մթնով: Բեմի այդ հատվածը տախտակապատ չէր, և իբրև խորդանոց էին գործածում: Կոտրված աթոռներ, քարոզչապաստառներ, մոռացված դեկորներ, ամեն բան կարելի էր գտնել: Ներկայացումների ժամանակ, եթե թատերախումբը չէր հայտնաբերում պատուհանը և մեկին պահակ նշանակում, ճարպիկներս անցքից ներս խցկվելով, բեմատակով առաջանալով և վառարանի կողքին թողած բացվածքից ելնելով՝ խառնվում էինք հանդիսատեսին:

Վարագույրներից բռնվելով հասա բեմեզր, ապա զգույշ իջա փոսորակը: Գիտեի, մթության մեջ կարող եմ զարկվել նստարանների կիտուկին, կոխ տալ տղաների, նաև՝ ճարահատ լքյալ անկյունից օգտվող դերասան-դերասանուհիների կուն, բայց այլ միջոց չունեի, բացի դա՝ սփոփում էր այն միտքը, որ վերջին համերգից չորս ամիս էր անցել: Ձեռքս առաջ պարզած, խավարը շոշափելով՝ առաջացա մինչև լուսամուտը, ձգվեցի վեր: Ճաղերը, ի զարմանս և ի ցավ ինձ, ուղղել էին, դրսի շրջանակին մինչևիսկ ապակի էր հայտնվել: Այնուամենայնիվ բացեցի և ոտքերս անցկացնելով խաչուկաձև ճաղանցքով՝ փորձեցի դուրս գալ: Այդպես դահլիճի վրա բացվող բազմաթիվ ցածրիկ լուսամուտներից գլուխներս էինք խցկում՝ պաստառին ցուցադրվածը լրիվ տեսնելու համար, երբ չէր հաջողվում ներս ընկնել, բայց թե՝ զուր: Այն ժամանակ աչքերս էին ծռվում, հիմա շատ հուպ տալուց՝ կողոսկրերս:

Տաբատիս փողքերը քշտվել էին, և մերկացած սրունքներիս առա ձյան սառնությունը: Մտաբերեցի նաև Կյուրեղյանի ուսերին, գլխարկին նստած փաթիլները, բայց առաջին ձյան ուրախությունը վայրկյան անց մղվեց հետին պլան, քանի որ առավել կարևորը տվյալ պահին դուրս պրծնելն էր: Ետդարձի ցանկություն չունեի, քանզի բռնվելու ահն ավելի մեծ էր, ուրիշ միջոց առայժմ չէի գտնում, սակայն խավարում, լռության մեջ կանգնելը ևս ելք չէր, մանավանդ ցուրտն զգացնել էր տալիս: Հերթով փորձեցի բոլոր դռները, պատուհանները, համարձակություն հավաքելով՝ վերստին ելա վերնահարկ, սակայն ոտնաձայն առնելով, միջանցքի դռնակին չհասած, դարձա: Բեմի վրա աննպատակ ետուառաջ անելիս ծունկս դիպավ սուրծայր առարկայի. խավարի մեջ կտրել-անցել էի մտքով գծածս անվտանգ սահմանն ու հասել դահլիճից վարագույրով և վառարանով պատսպարված այն անկյունը, որտեղ հուշաշարն էր նստում: Մաշված, զսպանակները թուլացած գահավորակը, որն ինչ-որ թատերախմբից էր հիշատակ մնացել, քարշ տալով վարագույրին շատ մերձ և, ծոփքերը ի մի բերելուց հետո բազմածալ թավիշը կիտելով թիկնակին՝ փառավորապես տեղավորվեցի՝ վրա բերելով եզրերը: Թե տաք էր, թե հարմար: Ջոն արքան էի, միայն թե՝ ցնցոտիներով, դա իմ առաջին ու վերջին բեմելն էր, որը ոչ ոքի չվիճակվեց տեսնել: Կարծում եմ, ամենասրտոտ տղամարդը գլուխը կկորցներ, եթե այդ գիշեր պատահաբար մտնելով դահլիճ՝ վառեր լույսերը:

Այժմ՝ սույն տողերը գրելիս, երբ ինձ տեսնում եմ հնաոճ գահին բազմած, կոկորդս սեղմվում է, կամենում եմ ժպտալ, բայց ծռմռվում են շրթունքներս: Կենսախինդ մեկը նման վերհուշից երևի հաճելիորեն ժպտա, սակայն հիմա էլ ցուրտ եմ առնում, մարմինս վերստին փշաքաղվում է, երբ մտաբերում եմ, թե ինչ ապրեցի ժամեր անց արթնանալով: Առաջին պահ որտեղ լինելս գլխի չէի: Թվում էր, վերմակն է սահել ներքև: Ծածկվելու համար քաշքշում էի վարագույրից, բայց անօգուտ: Տարօրինակ էր նաև անկողնի կոշտությունը: Ես ավելի հարմար դիրքով պառկելու համար շրջվեցի մյուս կողիս ու... հայտնվեցի հատակին: Ահագնած՝ շուրջս նայեցի: ճնշող, ճզմող, զարհուրելի խավար էր: Անգամ պատուհաններից թափանցող աղոտ լույսը դարանակալ վտանգի մասին էր խոսում: Այն մտքից, որ կինոն ավարտվել է, սիրտս նվաղեց: Ոտքի ելնելով՝ գրեթե դողէրոցքի մեջ կտրեցի վերնահարկը: Միջանցքի լույսերը չէին վառվում: Սրտաբեկ հրեցի փոքր դահլիճի դուռը. փակ էր: Ներսում նույնքան սպանիչ լռություն էր, խավարը՝ նույնքան նենգ: Վերջին հույսը ելքի դուռն էր: Չգայթելու համար բռնեցի բազրիքից: Ուրիշ ժամանակ մի քանի ցատկով հաջորդ սանդղահարթակին հասնելը վայրկյանների գործ էր: Հաճախ այդքանն էլ էինք հուլանում. պարզապես հեծնում էինք ճաղաշարին և սլլոցով իջվարում: Վրան այնքան էինք տաբատ մաշել, որ փայտը հայելային փայլ ուներ՝ ոչ մի փուշ, ոստ:

Պատուհանի մոտ թեքվելով՝ գտա հաջորդ սանդուղքը, քիչ անց՝ նաև դուռը: «Սուրբ Նախավկա, միայն թե բաց լինի», -շշնջալով՝ ցնցեցի, ապա՝ նորից, նորից: Փեղկերը փոքր ինչ ետ գնացին, և ճեղքից ներս ընկավ դժգույն լույսը: Փորձեցի ձեռքս դուրս հանել: Միայն մատիս ծայրը հասավ կողպեքին: Անհողդողդ, հուսալի ամուր փականք էր:

Քանի որ գոց դռների ետևում կանգնելն անիմաստ էր, դարձյալ մի քանի անգամ փեղկերը ցնցել-քաշքշելուց հետո բարձրացա երկրորդ հարկ, ուր առավել լուսավոր էր: Մարդահասակ պատուհանը, ի տարբերություն դահլիճինի, վանդակապատ չէր: Բացելուց հետո ազատ տեղավորվեցի խորշում՝ լուսամուտագոգին ու գլուխս հակեցի: Շարունակում էր մանրափաթիլ ձյունել: Ոտնահետքեր չէին երևում: Համակ լռությունը երբեմն-երբեմն ընդմիջվում էր շների հաչոցով: Ընդամենը երկու-երեք մետր տարածք էր ինձ բաժանում գետնից: Մի պահ մտքովս անցավ գնալ մեծ դահլիճ և վարագույրներից մեկնումեկը վերցրած՝ ետ գալ: Կկապեմ բազրիքից, -մտածում էի, - ծայրը կկախեմ ներքև ու կիջնեմ: Թակարդն ընկածներն այդ կերպ էին վարվում կինոնկարներում, կարդացածս գրքերում, սակայն համարձակությունս նույնիսկ պատուհանագոգից իջնելու, անգամ ետ նայելու համար չբավեց. անկարող էի թանձրուք խավարի գիրկը մտնել:

Թե որքան մնացի այնտեղ, չգիտեմ, երևի՝ շատ, որովհետև եղավ պահ, քունս տարավ, թեև ցուրտ էր, դողացնում էի: Նույն տեսարանին երկար նայելիս, ձյան հազիվ նկատվող հոսքից աչքերս ժամանակ առ ժամանակ շաղվում էին, ընկնում էի խաբկանքի մեջ, նույնիսկ թվում էր, լսում եմ իջվարող փաթիլների ձայնը:

Վերջապես համատարած ճերմակության, անշարժության մեջ զատվեց մեկի ուրվապատկերը: Անհայտ զինվորի հուշարձանը փակեց տեսադաշտը, հետո մարդը վերստին երևաց: Հեռվից անհնար էր պարզել ով լինելը, բայց գյուղովի խայտառակ լինելու միտքը կորցրել էր սրությունը:

-Հորեղբա՜յր...

Մարդն անհագիստ շուրջը նայելով՝ շարունակեց ճամփան. հավանաբար կարծեց ականջներն են խաբում:

-Հորեղբայր, մնացել եմ...-չկարողացա միտքն ավարտել, որովհետև հուզմունքը տիրեց, և ես՝ լղարիկ երեխա, հեկեկացի՝ այդ օրն առաջին անգամ:

-Ո՞վ ես, -պարզապես ձայնի ուղղությամբ կողմնորոշվելով՝ մարդը մոտեցավ:

Ջրաղացպան Ազատն էր:

-Քնո՞վ ես ընկել:

Պատասխանը խանչյուն էր՝ մարդկային լեզվով անթարգմանելի: Նա ափում մի քանի անգամ դեսուդեն շրջեց կողպեքը, հետո բանալիների խուրձը հանելով՝ երկար փորձում էր, մեկիկ-մեկիկ մտցնում, հանում:

-Չի լինի, -ու շրջվելով՝ գնաց:

-Իջեցրու, -աղերսագին կանչեցի:

-Համբերի:

Քիչ անց իսկապես վերադարձավ՝ ուսին փայտյա ելարան: Պատին հենելուց հետո ոտքը դեմ անելով աստիճանին՝ ծխախոտ վառեց:

-Ասիր ում տղան ե՞ս:

Չպատասխանելու համար դիմեցի պարզագույն միջոցի. շարունակեցի լալ, թեև արդեն արցունք չկար, միաժամանակ ոտքերս ներքև կախելով՝ հասա սանդուղքին: Կեսճամփին ծնվեց փախչելով բացատրությունից խուսափելու միտքը, ու մինչ նա նյութածիցս անտեղյակ ծխում էր, կողքանց թռա ձյուների մեջ և ... պոկվեցի: Գիտեի, տմարդի բան էր արածս, սակայն չբացահայտվելու ցանկությունը զորեղ էր:

-Բռնեք, բռնեք...

Ինձ հասնե՞լ կլիներ: Արդեն սառած, ձյան տակ խորդուբորդությունները թաքցրած անվադողերի դաջվածքի վրա մի քանի անգամ գայթելով՝ հասա մեր թաղը, ապա և մոխրակույտին մրափող Չալոյի զարմացկոտ հայացքի տակ մտա տուն:


    

*

-Մեկ, երկու, երե՛ք: Մեկ, երկու, երե՛ք…

Ծովոն մինչև վերջ դիտմամբ բացել է ռադիոն: Երաժշտությունը, տղամարդու անկյանք ձայնը կտրելով բրդյա վերմակը՝ հասնում են գիտակցությանս:

-Կքանստե՛լ…

Չեմ սիրում, ատում եմ առավոտյան լիցքային վարժությունները: Քնել չի կարելի, դասից ուշանալ՝ նույնպես: Ժամանակիդ տերը դու չես, այլ նա, ով թեև չկա, բայց կարգադրում է, անպատեհ ժամի հիշեցնում իր գոյությունը:

-Մեկ հաշվին թեքվե՛լ…

Առույգության առաջին պայմանը թելադրանքը ճշտորեն կատարելն է: Ոչ մի կողմնակի միտք, այն միայն շեղել, խանգարել կարող է:

-Սկսում ենք՝ մե՛կ…

Պայման չհանդուրժող, պարտադրող ձայն է, մեղեդին՝ առավել ևս, մինչդեռ չեմ ուզում դպրոց գնալ, դասարան չմտած՝ Կյուրեղյանը կճամփի ծնողի ետքից, իսկ հայրս հիվանդանոցում է, չեմ ցանկանում անկողնուց ելնել, որովհետև ցուրտ է, դեռ չեն չորացել կոշիկներս…

-Արայիկ, ել, Արայի՛կ:

Քրոջս գործը դժվար է, այդքան եղբայր ու ինքը՝ միակը: Մերացուին չպետք է զայրացնել՝ տուժողը միշտ մենք ենք լինում: Մեծ եղբայրներս լավ կլինի համակերպվեն խորթ մայր ունենալու մտքին, իսկ նրանք չեն ուզում հասկանալ Համզեին: Տարոնը՝ ութերորդն ընդամենը հինգ տարեկան է: Առավոտները հայրս գործի է գնում, մենք՝ դպրոց, ո՞վ պետք է նրան պահի: Գոնե Սաթենիկ տատը լիներ: Հենց ականջն ընկավ, որ Համզեն երկրորդ կին է բերելու, խռովեց, գնաց գերեզմանոց, այնտեղից՝ քեռուս տուն: Հայրս ինչ արեց, չկարողացավ համոզել, մնաց խոսքին: Տարոնին էլ կրծքից կտրել չէր լինում: Կես տարուց շատ Ծովոն էր գիրկն առած մի կաթ ունեցողից մեկելի տուն տանում: Քմահաճ երեխա՝ ամեն պտուկ չէ, որ բերանն էր առնում: էլի ընկերոջս՝ Եղիշի մայրը փրկեց. օրը ցերեկով երդում կերավ՝ քանի Տարոնը կաթի կարիք ունի, ձախ ստինքը՝ էն, որ սրտին առավել մոտ է, չի դնի իր ծծկերի բերանը: Բայց, հո, չէի՞նք կարող օրը երեք-չորս անգամ կամ թե կեսգիշերով գրկանոց երեխան առած վազել Փառանձեմի կուշտը: Տարոնն էլ այծի կաթին վարժվեց: Հետո մերացուն ոտքը տուն դրեց: Գալն ու առաջին գործը Տարոնին կաթից կտրելը եղավ: Մռու տաքդեղն ատամի տակ առնելով ղռթոցով կծեց, կտրած մասը քսեց ծծակին: Մեզ էլ շուրջը հավաքել, ժպտում էր, կատակի տալիս: Փոքրերս միամտվելով՝ ընկել էինք տրամադրության տակ, իսկ Ծովոն, Խորենն ու Մերուժը, թշնամանքը կոպերում ծրարած, լռում էին:

Կաթի շիշը տեսնելով՝ Տարոնը ձգվելով ելավ մահճակալից, սովն աչքերում գցվեց օտար կնոջ գիրկը, բայց երբ հայացքը Ծովոյին հանդիպեց, ժպտաց, վարանքոտ՝ ձեռքերը պարզեց նրա կողմը, ապա, քրոջ գթասրտության վրա վստահ, պտուկն առավ բերանը: Մեկ-երկու ****ուց հետո դադար տվեց, շրթունքները ծռվեցին, կաթն անկյուններում փրփուր կապեց, իսկ աչքերում արցունք երևաց: Մրմուռն զգալի դարձնելու նպատակով մերացուն ծծակը գրեթե ուժով Տարոնի լնդերին քսեց, տանելով խորքերը, հետն էլ խրախուսանք ստանալու ակնկալիքով մեզ նայեց, սակայն խինդը ճոռվեց դեմքին, որովհետև Խորենը ցատկելով տեղից՝ խևոտած ճանկեց շիշն ու պոկելով՝ կտոր-կտոր արեց ծծակը: Թափահարումից կաթը ցայտեց Տարոնի վրա, լցվեց մերացուի գոգը: Տաշտաքերն աղեկտուր ճչաց, Ծովոն արտասուքն աչքերին վազելով՝ գրեթե ուժով գրկից պոկեց երեխային:

-Ձեռքերը բռնցքե՛լ…

Երեկոյան Համզեն պատերազմի տարիներից մնացած գոտիով բոլորիս ներկայությամբ ծեծեց Խորենին, մտքում՝ որբերիս հետ լեզու չգտած կնոջը, ու մենք՝ Պարույրը, Մերուժը, Խորենը, Գալեն, Թորոսը, Տարոնը, Ծովինարը, ես առանձին-առանձին լաց եղանք, և անձուկ թվաց աշխարհն առանց Արուսյակի: Հաջորդ օրը հայրս մերացուին ճամփեց հորանց տուն, բայց ամիս անց կրկին ետ բերեց, որովհետև եփող-թափող, տղաճուտերիս «հաուչէին» տեր կանգնող չկար:

-Մերամեռ, հորդ հիվանդանոց գցեցիք, հիմա էլ ի՞նձ:

Ես վեր թռա՝ կարծելով, թե հիմա վրաս ձմեռ օրով սառը ջուր կլցնի: Հուշերը մնացին մշուշում, մղձավանջը վերջ չուներ:

-Թողնես գիշերուզօր շան պես փոշիների մեջ թավալ կտան: Էդ ի՞նչ է շորերիդ հալը:

Ամենահեշտը չպատասխանելն է: Թող խոսի, որքան կամենում է, մենակ թե բանը ծեծի չհասնի: Լվացվելուց, ձյունով հագուստիս կեղտերը, կավիճը մաքրելուց հետո երբ ետ եկա, ձայնը սրահից էր գալիս. նախշվելու հերթը Մերուժինն էր՝ խոտը գոմով մեկ շաղ տալու համար:

-Բախտի տերը թաղեմ, որ էս բոլուկն ինձ բաժին հանեց:

Չէիր ուզում չգայիր, խնդրողն ո՞վ էր: Հիմա էլ ձևեր է թափում, կարծես չգիտեր՝ ինչ տուն է ոտք դնում: Թե որ եկել ես, ուրեմն քեզ մարդավարի պահիր, մենք էլ…

- Ծովո, դասից ժամ-երկու շուտ արի, գնդերը կտաս, թևերս թափվեցին:

Ավելի լավ է հացատուն չմտնեմ. կողքով անցնելիս կկսմթի՝ խոսքով, մատներով, հեչ որ չէ, մի գործ կկապի՝ աթար բեր, ել երդիկը ետ արա, ջուր տար գոմը… Չկա անելու բա՞ն: Հրեն, Ծովոն, Մերուժը, Խորենն առավոտից ոտքի վրա են: Քույրը թոնրի փոշին է թափել, ավլել գոմը, Մերուժը տանիքից խոտ բերել, մարագից՝ դարման, Խորենը ջրից դեռ չի եկել… Իրեն մի հաց թխել է հասնում, ճաշ եփել: Անգամ լվացքի շատը Ծովոյի վրա է: Հայրոն էլ, ասա կարգին մեկին բերեիր: Գոնե շուտ լավանա, թե չէ սա լրիվ…

-Արայիկ, հաց կերա՞ր:

Ծովոն է՝ ամեն բան տեսնող, մեր ծածուկ մտքերն ընթերցող հեքիաթի յոթ եղբոր քույրը: Մերացուն նրանից զգուշանում է, Պարույրից՝ նմանապես, բայց նա հիմա Երևանում է. ուսանող դարձավ, գլուխն ազատեց: Հետո Մերուժի հերթը կգա, մյուսների...

Քրոջս տված լավաշը չորս տակ ծալելով՝ դնում եմ գրքերիս արանքը. ճամփին, մինչև դպրոց հասնելը ձեռքի հետ կուտեմ: Դասերի սկսվելուն կես ժամ կա: Մնացել ենք ես, քույրս, Խորենը... Հրեն, կարծես նա էլ եկավ:

-Գոնե դուռը բաց, -անկյունից, որտեղ Տարոնի մահճակալն է, ձայնում է Ծովոն:

Մինչ ես սթափված՝ կմոտենամ, Խորենն առջևի դույլով հրելով բացում է սրահի միափեղկ դուռը: Շարժումից ջուրը ճողփում է, պռունկներից թափվում: Եթե նա անկտիի կանթերը թողնի, դույլերը կառնեն գետնին:

-Զգույշ, սրտամեռ, տունը ջուր արիր: Բեր հացթխնոց:

Եղբորս գործը թեթևացնելու համարս վազում, կրնկի վրա բացում եմ հացատուն տանող դուռը: Խորենը դույլերը դնելով հատակին և ետ գալով՝ անկտին շպրտում է սրահի անկյունը:

-Զոռով խոսեցնել ես տալիս, -ցածրաձայն դիտողություն եմ անում:

Ծովոն արդեն հագցրել է քնից նոր ելած Տարոնին: Ճերմակամաշկ, մեծաչվի տղա է՝ ժպտուն: Խորենը չդիմանալով գայթակղությանը՝ մոտենում, թևքն առնում է ատամների տակ: Տարոնը երկարելով ձեռքը՝ քաշքշում է եղբոր մազերից, հրճվագին ճչում: Բերանից ջուրը ծորում է: Ի՜նչ սիրուն, անուշ բան է հարազատ արյունը: Ես մոռացել եմ Կյուրեղյանին, ցուրտը, վախի գիշերը: Թե մորս բան չպատահեր, հայրոն ևս հիվանդանոց չէր ընկնի, մենք էլ տան գործը սրտով կանեինք՝ բոլորի պես, ու չէր պղտորվի սիրո ակունքը:

-Դուք գնացեք, ուշացաք: Ես Տարոնիկին կերցնեմ, նոր...

Փոքրիկը խառնվում է իրար: Մենք՝ Խորենն ու ես այլևս չկանք, աշխարհում ալյումինե ճաշամանից ու քրոջիցս զատ նա ոչինչ չի տեսնում: Համա թե բկլիկն է, ախորժակ ունի: Քանի՜անգամ եմ Ծովոյից թաքուն հետը հավասար կերել կաթնովը: Փորձիր գդալն ուշ մոտեցնել բերանին, սվսվոցը կդնի, սովելիս է, հո, աչքերը փայլում են, արցունքն աչքերի տակ լիճ կապում:

-Դրանց ասա դասերից հետո տուն գան: Ձյունը ելել, շեմից, երդիկից տուն է լցվում: Տա...

Խոսքի շարունակությունը մնում է դռան տակ, բայց գլխի եմ. «տանիքը փլվում է» խոսքին կհետևի դժգոհություն բախտից, անեծքների շարան մորս, Սաթենիկ տատի ու մայրական տոհմի բոլոր մեծ ու փոքրի հասցեին: Տեսնես ինքն է չար, թե՞ մենք ենք նրա ամեն ինչին թշնամանքով նայում:

Խորենն առաջ ընկած գնում է: Նա տարիքով ինձնից մեծ է և պատիվ չի համարում փողոցով հետս քայլելը: Ձյունը չի կտրվել, միտք անգամ չունի: Լավ է, թող գա, ծածկի Նախավկա սարը, ծեփի քարափները: Գարնան ավարտին էլ ուտելու ձյուն կունենանք, ջուրն առատ կլինի: Ձնծաղիկ փնջելով կհասնեմ ճերմակ սավանի սահմանը: Գետինն այնտեղ թաց է, հողի ներքին շերտը՝ սառած, ջուրը երեսանց է հոսում: Կոխ կտամ ձյունը, կառաջանամ մեկ-երկու մետր, սառցակեղևը կհանեմ ու փոսելուց հետո ծնկած՝ կսկսեմ ****: Ուրի՜շ ջուր է, հագենալ չկա: Ձյունն էլ է ուրիշ՝ խոշորհատիկ, ափերիդ մեջ խշրտում է, սվսվում: Օդում ձնծաղիկի, ավելի ներքևներից փնջած թանաքագույն հիրիկի, հողի, խոնավության բուրմունք է, բնազդով ձյան վրա չնստող մեղուների բզզյուն, թիկունքիս արևն է, խլրտացող հարթավայրը, գոլորշին բռնել է հերկերը, ձյան տակ, շուրջբոլորս խոխոջող ջրեր են, երկնքում՝ ուշացած կռունկների շարան... Ես լեռը գրկած ըմպում եմ կյանքի հյութը, փարած նրա հզոր կրծքին՝ վայելում աշխարհը և ուրախ եմ, որ կամ և ուժեղ եմ ինձ զգում, որովհետև մասն եմ բնության, մայր երկրի, և անսահման հաճելի է թրջված ծնկներիցս ելնող սառնությունը:

Մինչև դպրոց տասը րոպեի ճանապարհ է, եթե այգիներով գնամ՝ ավելի կարճ: Խորենը չի երևում: Գյուղամիջյան ճանապարհն է ընտրել՝ կենտրոնականը. մտքում Արմիկին բարևել կա: Ընդամենը այդքան: «Խորեն + Արմիկ = սեր», -դպրոցի պատին մի անգամ կարդացի: Եղբորս ձեռագիրն էր: Նմանօրինակ թվաբանական գործողություններ, իհարկե, այլ գումարելիներով, շատ էի տեսել, այնքան շատ, որ խոստովանության այդ եղանակն անգամ ինձ՝ տասնամյա տղեկիս, պարզունակ թվաց: Ես խնամքով մաքրեցի «սեր» բառն ու փոխարենը մեծ դասամիջոցին կավիճով տուն նկարեցի՝ ծխնելույզով, կղմինդրածածկ, պատուհանում՝ երկու գլուխ: Եթե տեղ մնար, երեխա ևս կնկարեի: Հետո, որպեսզի իմացվի, թե խոսքն ում մասին է, անունների կողքին ավելացրի ազգանվան սկզբնատառերը: Հենց դա էլ գործը փչացրեց: Արմիկը նեղացավ, սկսեց չբարևել Խորենին: Լավությունը, փաստորեն, չանցավ, ու վերջում շնորհակալության փոխարեն եղբորիցս ծեծ կերա:

Բեռան տակ ծառերը մնջվել, հարսնություն են անում: Քամի, շարժում գրեթե չկա, իսկ ձյունը թափվում է ու թափվում: Չալոյի հետքերը մարագ են տանում: Մերուժը, երևում է, մոռացել է դուռը փակել: Գուցե դիտմա՞մբ: Ավելի լավ՝ շան համար տաք կլինի, հսկելը՝ հեշտ: Ողջ գիշերն ապավինել է մոխրակույտին, պառկած տեղը, հրեն, նկատվում է:

Դասից ուշանում եմ: Ծովո՞ն ինչ եղավ. հավանաբար տան ետևով փողոց է ելել: Իսկ եթե դասի չգնա՞մ: Կպրծնե՞մ: Որոշումը կայացրել եմ, մնում է համոզելը: Ժամանակ մեռցնելու, ինձ խաբելու համար դադարեցնում եմ քայլերս, խիստ գործնական ստուգում գրքերը, տետրերը. բոլո՞րն են տեղում: Օրագի՞րս: Լրացվա՞ծ է: Մեկ ամիս կլինի, ինչ հայրոն հիվանդանոց է ընկել, ստորագրող չկա: Մերացուին չեմ ուզում տալ, թեև վախենալու պատճառ չունեմ, բոլորը «հինգ» ու «չորս» է, համ էլ՝ նրա համար նույնն է: Մտադիր եմ, եթե հայրիկն ուշանա, ստորագրությունը նմանակել:

Դպրոցին մնում է հարյուր-հարյուր հիսուն քայլ: Հիմա ի՞նչ անեմ: Դեռևս ժամանակ կա, վազելու դեպքում կհասցնեմ: Կամքի ուժով լավաշի վերջին պատառը պահում եմ, որպեսզի աչքս չտեսնի, կոխում ծոցագրպանս. հետո կուտեմ:

-Արա՛, զանգը տվեց:

Արահետի վրա ինձ շրջանցողը բարձր դասարանցի է: Ետքից ձյուն թռցնելով վազում է՝ անութի տակ ընդամենը երկու տետր: Ես, իբր, ոտքս թրջվել է, արձակում եմ կոշկի քուղն ու չեղած ձյունը խնամքով թափ տալուց հետո վերստին հագնում: Դարձյալ մեկ-երկու րոպե անցավ: Դպրոցի բակում հավաքարար Վարդոյից բացի այլևս մարդ չկա. բրդյա շալով պինդ փաթաթված՝ սանդուղքներն է ավլում: Նա մեզ բարեկամ է, թե տեսավ, պրծում չունեմ: Շրջվելով՝ արագաքայլ ետ եմ գնում, իսկ մտքով դպրոցում եմ: Դռների ետևում բվվոց է, կարմիր ներկած միջանցքում՝ լռություն: Էժանագին ուղեգորգերից այն կողմ բարձր չորսուների վրա տնաբույծ ծաղիկները ցրտից խեղճացել, մի կերպ դիմանում են: Պատերին ասույթների, նկարների, թերթերի առատությունից տեղ չկա: «Սովորել, սովորել, սովորել»: Աշխարհագրության ուսուցչուհին՝ յոթ երեխայի տեր, էլի զանգից ուշ է դպրոց հասել ու հիմա ոտնաթաթերին, որպեսզի տնօրենը չիմանա, առանց ուսուցչանոց մտնելու ուղղվում է դասարան: Քիչ անց նա աշակերտներից մեկին կճամփի մատյանի, ապա՝ քարտեզի: Ամենալռիկը մեր դասարանն է: Կյուրեղյանն արդեն գրատախտակին գրել է օրվա ամիս-ամսաթիվը, նրա տակ՝ Контрольный диктант: Սպասում է ավարտեն, որից հետո հիշեցնելու է դժվարամարս բառերի գրությունը՝ жизнь, очистить, фальшивость: Վերջում կասի՝ Чтобы запомнить эти слова, надо их часто употреблять /տարիներ անց կհասկանամ, թե կյանքն ինչ կեղծիքից մաքրել-փրկելու մասին էր խոսքը, և ինչու շատ բան անուղղակի՝ թաքնագրով էր ասվում/: Խաչոն տետրերը, գրքերը փռել սեղանին, շուռումուռ է տալիս, բացում-փակում: Դարձյալ գրիչ չի բերել: Կյուրեղյանի հայացքը շարժվում է շարքից շարք, կանգառում նրա վրա, անշարժանում: Խաչոն շփոթահար՝ գլուխը հակում է, խոթում դարակը, հայտնվում նստարանի տակ:

-Չեղած բանը չեն փնտրում, Խաչիկ:

-Բերել էի, товарищ Կյուրեղյան:

-Не ври: Երկրորդ գրիչ ու՞մ մոտ կա:

Աչք մտնելու համար ոմանց գործադրած ջանքերն ապարդյուն են, և փնտրտուքն ավարտվում է գլխի բացասական տարուբերումով:

-Մյուս դասարանից բեր. իմ անունից կխնդրես:

Հարութը հասցրել է օգտվել ետևում նստածների թանաքից: Կողքինը նախանձի մեկն է, թանաքամանը բուռն է պահում, որպեսզի մյուսները չթաթախեն: Диктант բառի վրա գրչածայրի թանաքը պրծել է, բայց նա ուսուցչի ահից չի համարձակվում շրջվել: Ձեռքը սեղանի տակով Լիդայից թաքուն երկարելով՝ հասցնում է թանաքամանին, սակայն ուղղությունը սխալ է բռնել և թաթախելու տեղակ ծայրը խրում է մենատնտեսի մատը: Լիդան ցնցվում է՝ թանաքը ցայտեցնելով համազգեստին, հատակին, ձեռքերին:

-Товарищ Կյուրեղյան...

Հարութը ցույց է տալիս, իբր, գրում է:

-Все написали? Арутюн...

-Ընկեր Կյուրեղյան, ախպերս...

-Не хочу слушать. Գոնե կարգին հորինել կարողանայիր՝ ախպերս կոտրեց, ախպերս տարավ, ախպերս պահեց...

Մի ծծանը Լիդային հերիք չի անում, Հարութը պատրաստակամ՝ իր տետրինն է տալիս: Աղջիկը մերժում է, ատելությամբ նայում նրան, բայց ուսուսչի անքթիթ հայացքից նեղված՝ թանաքամանը դնելով սեղանին՝ վերցնում է պարզած ծծողականը: Մինչ այդ գալիս է Խաչոն: Իմ բացակայությունը կարծես չեն նկատել: Բա ուսուցչական սեղանին մնացած տե՞տրը Для конрольниых работ по русскому языку ученика 4-ого а класса средней школы Овасапяна Араика. Կյուրեղյանը գեղեցիկ, թեև անընթեռնելի ձեռագիր ունի: Ի՜նչ էլ հավես է՝ բոլորի փոխարեն ինքն է կազմերին գրում:

Ձյունը կտրվելու միտք չունի: Եզնիկենց խոտնոցից, ուր կանգնած սպասում եմ զանգի տալուն, դպրոցի կեսն է երևում՝ հյուսիսային թևը: Այդ կողմում դուռ չկա, բայց, մեկ է, դասամիջոցին աղմուկը կհասնի, կիմանամ: Մեղմիվ իջնող փաթիլների տակ ամեն բան աչքիս խեղճ է՝ դարպասաձողերը, ֆուտբոլի դաշտը Եզնիկենց արտից բաժանող ցածրիկ պատը, գետնախնձորի չորուկները՝ երկայնքով, սևին տվող ծիրանենու բունը, փայտյա զուգարանը՝ հողամասի ծայրին, ոտնահետքերս, որ սկսել են ծածկվել: Ձյան հաստությունը կլինի քսան սանտիմետր: Եթե այսպես գնա, կելնի, կփակի աղբյուրի ակը, կծածկի տները, ծառերը, ձոր ու խանդակ: Մարդիկ, կենդանիները կմնան ներսում, չեն գնա խանութ, գործի, դպրոց: Տեսնես շնչել կլինի՞, թե բոլորը կխեղդվեն: Չմեռնեն էլ, սովը վրա կտա: Կմորթեն սկզբում հավերին, հետո՝ ոչխարներին, վերջում՝ կովերին, եթե ունեն, ապա կգա կատուների, շների հերթը: Իսկ վառելի՞ք: Կջարդեն սեղան-աթոռները, պահարանները, լինգը կկոխեն հատակի տախտակների տակ... Ջրի հարցը հեշտ է. չորս կողմը ձյուն, սառույց:

Ագռավի բույնը սալորենու վրա՝ նշանառությունս ստուգելու հարմար թիրախ է: Մեկ-երկու փորձից հրաժարվում եմ. Ձյունը չի գնդվում, ձեռքերս սկսել են մրսել, ոտքերս՝ նմանապես: Տեսնես ցրտին ու՞ր է գլուխն առել կորել: Եզնիկի պես սևավորը ևս անհարմար տեղ է բույնը հյուսել: Տարվա չոր, արևոտ ամիսներին գնդակը շուտ-շուտ գարու արտն է ընկնում՝ ուժգին հարվածի դեպքում հասնելով ծառերին՝ լռվում: «Կը՜ռ, կը՜ռ, կը՜ռ», -դժգոհ, դժկամ՝ բնի վերևում պտույտներ է գործում մայր ագռավը, խաղացողները սսկվում են, իսկ հարվածողն անցնելով պատը, սողեսող, որպեսզի չնկատվի, առաջանում դեպի սալորենին՝ ետքից տափանելով կանաչ գորգը: Թողած լվացքը՝ Արևհատն ուղղվում է և, նկատելով գարին ոտնատակ տվողին, սկսում անեծքների տարափը երեխաների, ամուսնու, դպրոցի տնօրենի ու գնդակ հորինողի հասցեին: Ձայնի վրա Եզնիկն է ելնում՝ ձեռքին հացի դանակ, բայց քարի դիպուկ հարվածով տղան հասցրել է ցած գցել գնդակն ու հիմա անթաքույց է լոքում պատը:

Ցուրտ է: Տեղում դոփդոփելը չի օգնում, ձյունը սառել է, կպել երեկվանից խոնավ կոշիկներիս, ու սառնությունը ոտնաթաթերիցս րոպե առ րոպե բարձրանում է վեր: Քնելուց առաջ ինչպե՜ս մոռացա վառարանի տակ դնել. կհասցներ չորանալ: Չհիվանդանա՞մ հանկարծ: Ծովոյից զուր էլ գուլպա չխնդրեցի: Մի ճար կաներ, հեչ որ չէ, հայրոյինը կտար՝ մի օրով, իսկ իրիկունը նորից տեղը կդներ, իհարկե, մերացուից թաքուն՝ լվանալուց, չորացնելուց հետո: Թորոս եղբայրս նման դեպքերի համար փորձված միջոց ունի. տետրի մի քանի թերթ միասին երկտակ ծալելուց, յուրաքանչյուր ոտքի համար մկրատով սիրուն ձևելուց հետո տեղադրում է կոշիկի մեջ: Դա՝ եթե տակից ջուր է քաշում, իսկ իմի կաշին է թրջվել, սառնությունը վերևից է: Էհ, ոչինչ, ես էլ կփաթաթեմ՝ ինչպես զինվորները կինոյում:

Ավելորդ տետր չգտնվեց: Պոկելով գրքերիցս երկուսի լրակազմը՝ թերթով երկու-երեք տակ ծրարեցի ոտքերս, այնուհետ կտրատեցի փաթաթանի երևացող ծայրերը և, արարքիցս գոհ, կերա հացի մնացյալ պատառը: Ոտքերս իսկապես տաքացան ու չեն մրսի, քանի դեռ թուղթը ներ****ով խոնավությունը՝ չի տամկել: Մի ժամի չափ հաստատ կպահի. ինձ այդքանն էլ հերիք է:

Ռուսերենի վերջանալուն տասը-տասնհինգ րոպե է մնում: Ցրտին իմաստ չունի ուրիշի մարագի դռանը ցցված մնալ, մանավանդ երկրորդ ժամը պատմություն է՝ դասղեկինը: Միայն թե Կյուրեղյանի աչքով չընկնեմ: Դեմը շաբաթ է, ռուսերեն չունենք, հետո՝ կիրակի, երկուշաբթի... Կմոռանա՝ հաստատ:

Մարագը խճուղու կողքին է՝ թիկունքով: Հատուկենտ բեռնատարներ են անցնում՝ քիթբերան ձյունով ծեփած. վերևներում բուք է, թե այդպես գնա, ավտոները Ծակ քարի դիքը կլռվեն, չեն կարողանա ելնել: Չմուշկներն անցած տարվանից ձեղունի տակ մնում են: Դասերից հետո իջեցնել է պետք, տակ-երեսը ժանգոտած կլինի, թելերը՝ փտած: Ժանգի դեմ ամենալվաը նավթն է. գիշերը գցում ես ամանը, լուսուն հանում: Մեկ-երկու կապեցիր, պըրծ, այնպես փայլի, ասելու չէ: Կախվում ես ավտոյի պոչից, ելնում մինչև Վասեյենց ձորապռունկը: Ոլորանին չհասած, քանի դեռ մեքենան թափ չի առել ու սկսել վայրէջքը, ձեռքդ թողնում ես, եթե ոչ՝ կքաշի տակը: Կանգնում ես, թեթև շունչ քաշում ու, քուղերը լավ պնդելուց հետո, գլուխդ շրջում գյուղի կողմը: Ի՜նչ արագություն: Շնչելը քիչ անց դժվարանում է, դեմքդ ցրտից կեղևակալում, ձեռքերդ, ականջաբլթակներդ փայտանում: Քամին սուլում է, հոծ գիծ դարձած փախչում են արգելասյուները, կտկտում, խզխզում է դողերի տակ պնդած մերկասառույցը, իսկ դու թռչում, սուրում ես՝ թեթև, գրեթե չհպվելով պաստառ-հայելուն: Րոպե առ րոպե արագությունը մեծանում է, ոլորանի վրա շրջադարձ կատարելը դառնում ավելի ու ավելի երկյուղալի: Սահքը դանդաղեցնելու նպատակով չմուշկներիդ քիթը վեր ես պահում՝ մարմնի ծանրությունը փոխադրելով կրնկամաս, բայց երեսունհինգ-քառասուն կիլոն արգելակելու համար քիչ է: Պարզապես մեծ ջանքերի գնով հաջողվում է արագությունը փոքր ինչ կոտրել, խզխզոցն ուժգնանում է, հետագիծը դառնում տեսանելի: Վտանգ, իհարկե, կա. կարող ես ձորն ընկնել, զարկվել սյանը, դիմացից եկող մեքենային, մտնել առջևից ընթացողի տակ, որովհետև նա զգույշ, դողերը շղթայած, րոպեն մեկ արգելակելով է իջնում, դու՝ անսանձ, մահ չտեսած ու բախտիդ վստահ:

Ամառները նույնն է, մենակ թե չմուշկին փոխարինելու են գալիս ինքաշեն սահուկները, ակների տեղ՝ կոմբայնից, սերմազտիչից հանած առանցքակալ: Ղեկն ու հիմնափայտը՝ կրող մասը միանում են սողնակով: Մի առանցքակալը ղեկափայտին է ամրացվում, մյուսը՝ պոչուկին: Նստատեղը երկոտանի աթոռակ է, արագությունը՝ տանելի, եթե ասֆալտը կակուղ է: Սառած ժամանակ անտանելի բան է՝ աղմուկից ականջներդ խլանում են, ափերումդ ցնցվում է անհնազանդ ղեկափայտը, ոստոստում: Պոչամասում նստողի համար հեշտ է. նրան սովորաբար բան չի պատահում, քշելու հետ գործ չունի, պարզապես կարողանա պահել, չխանգարի առջևում նստածին: Դժվարը դիմացինի խնդիրն է. մեքենաների անցուդարձին հետևել, չմուշկի նման արգելակել չի կարող, անզգույշ շարժվեց, թեքվեց, քերծվածքներն անխուսափելի են, գլուխկոնծի կտա, ջարդուխուրդ կլինեն ինքն էլ, սահուկն էլ: Այդ պատճառով անգամ մեծերը չեն համարձակվում Ծակ քարից վերև ելնել, մանավանդ Գարեի դեպքից հետո, երբ սահուկն իր իսկ թափից ցրիվ եկավ, ու ետքից եկող ավտոն խեղճին տվեց տակով: Թե ինչն էր մեզ նման փորձանքաշտ արկածների մղողը, դժվար է ասել. պիտի կարծել մարդու էությունն է այդպես:

Եզնիկենց մարագի կիսափուլ ծածկի տակ ժամանակ էի սպանում՝ ականջս զանգի: Մարմինս ցրտի դեմ կռիվ էր տալիս, իսկ միտքս անկաշկանդ՝ մեղվի պես մի ծաղկից մյուսը թևում: Մեկ տեսնում էի ինձ ասֆալտին փռված՝ ձեռ ու ոտ արնոտ, վերքի մեջ՝ ավազ, մեկ խանութից տուն դառնալիս՝ թևիս տակ կլորքիթ, յուղը վրան չմուշկներ, մեկ աշունքին՝ ձմերուկ բարձած բեռնավտոյի ետքից վազելիս:

Մացառուտում թաքնված սպասում էինք: Շարժիչի փնչոցից երևում էր, ծանր բեռ ունի: Ոլորանի վրա վարորդը փոխելով արագությունը՝ գցեց առաջին, շարունակեց ելնել: Մենք դուրս թռանք թփերի թիկունքից: Առջևից Խորենն ու Հարոն էին վազում: Բարձր թափքով դռնակավոր մեքենա էր՝ վրան բրեզենտ: Առաջինը Հարոն բարձացավ: Առանց ընտրության ձեռքը գցեց մի ձմերկի, տվեց Խորենին, նա՝ ինձ, հետո՝ երկրորդը, երրորդը: Ետքից ավտո չէր գալիս, վարորդն էլ, կարծես, մեր ճամփեքին անծանոթ էր, քանզի ոչ մի անգամ խցիկի դուռը չբացեց, չշրջվեց, նույնիսկ կողահայելուն չէր հետևում:

-Հեռու փախեք, -հռնդյունի, հևոցի մեջ զատվեց Հարոյի ձայնը:

Կարծեցինք վարորդը նկատել է ու հիմա աջ քաշելով կկանգնի, բայց՝ չէ: Հարոն թռավ, ետևից դռնակը թափով բացվեց, ու ձմերուկները շռռացին ցած: Ու՜մ մտքով կանցներ: Ապշած՝ երևի կես րոպեի չափ կանգ առանք: Այդքանն էլ բավական էր, որպեսզի պատկերը դաջվի ուղեղումս, դուրս չգա: Ձմերկի հեղեղ էր. իրար հետ, մեկմեկուց առաջ ընկնելով, մեկը մյուսին խանգարելով, իրար հեծած՝ առաջկտրուկ թափվում էին, գլորվում ասֆալտն ի վար, որն առույգ, որը՝ վիրավոր, փորուփսոր թափած: Հոսողը կարմիր-կանաչ, նախշկեն գետ էր՝ շարժուն, գիլ-գլոր, չմոռացվող պատկեր. սերմերի շարուկը՝ վերջալույսի շողերի մեջ, խրխիր միջուկը՝ սև պաստառին, ճամփեզրի առվում, հողնիխառն, խուլ թմփոցը, երբ զարկվելով միմյանց ընկնում էին:

Ետքից եկող «Մոսկվիչը» ազդանշան տալով կանգնեց, կին-տղամարդ հերսոտ իջնելով՝ ձեռքները քարի տարան: Մենք փախանք լանջն ի վեր, մինչև Օձի քարափ: Արդեն վերևում՝ ետ նայեցինք: Բեռնատարի շուրջ հավաքվածները մեզ էին մատնացույց անում, ձեռքերն օդում թափահարում, հետո մեկը ելավ թափքին, մնացածներն սկսեցին կռանալ-ելնել, ինչ-որ բան տալ վերև, երևի, չջարդվածները, ուտելիները: Երբ ետ եկանք, համարյա մութ էր, մարդ-մեքենա չկար, ձմերուկ՝ նմանապես: Թարմ թրիքի ճապաղ ծեփոնները տուն դարձող նախրի անսովոր ընթրիքի մասին էին պատմում, կպչուն, շիրոտ ասֆալտն ու ներբանի տակ պլստացող սերմերը՝ մեր տմարդի արարքի:

Զանգի ձայնը ես չլսեցի: Թե չլինեին Եզնիկենց պետքարան մտած երեք աղջիկը, այդպես էլ կմնայի կանգնած՝ հերթական խոհը որոճալիս: Վազեվազ, նրանց խրտնեցնելով թռա պատն ու խառնվելով ձնագնդիից հետո աստիճաններին ոտքերը թափ տվող տղաներին՝ ներս գնացի: Չորրորդ «բ» -ն ազատ էր եղել, և Կյուրեղյանը, որպեսզի երեխաները պարապ չմնան, երկու դասարանը միացրել էր իրար: Անգամ մերոնք գլխի չէին ընկել բացակայությունս:

Բուքն սկսվեց երրորդ ժամին և գնալով ուժգնացավ, այնքան, որ մեծ դասամիջոցին բարձր դասարանցիներից հազիվ երեք-չորս հոգի՝ ամենաթունդ ծխողները վարգեցին զուգարան: Նրանք «Ավրորան» թաքցնում էին ներսի պատաճեղքերում, ձեղունի տակ, որովհետև ժամանակ առ ժամանակ տնօրենն ուսմասվարի հետ, Կյուրեղյանը շրջել էին տալիս գրպանները, ստուգում: Եթե մի պտղունց մշրանք հանեին, պրծավ՝ էլ ծեծ, ծնող կանչել, դասի չթողնել, բայց, մեկ է, ծխողը ծխում էր: Արևոտ օրերին՝ առավոտները մանավանդ, անգամ դասարանից նկատելի էր անապակի դուռ-լուսամուտից ելնող ծուխը: Ո՜նց էլ կարողանում էին գարշահոտին դիմանալ: Հիվանդանոցից ամիսը մեկ գալիս էին քլոր շաղելու, բայց ավելի վատ. ընդհանրապես շնչել չէր լինում, աշունն ու գարունը՝ առավել: Ես որ սրտխառնուք էի ունենում: Տարիներ են անցել, բայց դարձյալ աղտեղանքը երազումս մեկ-մեկ աչքիս է գալիս, ուզում եմ ազատվել, չեմ կարողանում, մաքրվել՝ նույնպես:

Նկարագրածս օրը ձյունը ծեփել էր պատուհանները, համարյա բան չէր նկատվում, անգամ զանգի ձայնը մի տեսակ խռպոտ էր: Ծխելու գնացածներից մեկը Մերուժն է: Հրեն, ոտքերի ձյունն է մաքրում: Սպասիր հայրոն գա: Որ ասեմ, կսպանի. ծխելու, մեկ էլ խաբելու հարցում ներել չունի:

Կոշիկներս լավ չեն չորացել, բայց ավելին չպիտի հուսամ. քամին վերևում ծուխը պտտեցնում է, ներս տալիս, ու վառարանն արդեն կարգին չի վառվում: Չորրորդ ժամը ֆիզկուլտ էր, մինչև ետ եկանք, գրեթե հանգել էր, իսկ նորից վառելը չօգնեց: Հինգերորդը՝ վերջինը նկարչություն է, մեր հաշվով՝ ստից դաս, խաղ ու պար, որ չանենք էլ, կլինի, մանավանդ բուք է, տեղ հասնելը՝ դժվար: Արդեն քանի՜ ծնող շալ-բան թևի տակ միջանցքում սպասում է զանգին, որպեսզի զավակին տուն տանի: Ուսուցչուհու մտքին ևս կար, սակայն ուսմասվարից վախեցավ. վերջին շրջանում մեկ էլ տեսար դուռը հուշիկ բացեց, ձեռքին տետր, մատիտ՝ մտավ դասարան: Նստում է վերջին նստարանին ու գրոտում:

Ղուկասյանն արևածաղիկ է նկարել գրատախտակին: Լավ էլ հեշտ ձև է. կլոր շրջանակ ես գծում, հետո թեքությամբ մոտեմոտ գծեր քաշում, սկզբում՝ հորիզոնական, ապա՝ վերևից ներքև: Դրանք սերմերն են: Մնում է ծաղկաթերթերի հարցը: Նպաստակի ականջի պես բան պիտի նկարվի կողք կողքի, մինչև օղակի փակվելը: Դեղին մատիտ չունեմ: Ո՞վ կտա: Կանաչ էլ է պետք՝ տերևների, ցողունի համար: Կապույտով երկինքը, գետը կանեմ: Արևը… Թյու, դարձյալ կոտրվեց…

-Սրիչ…

Այդ պահին դուռը բացվեց, և ներս մտավ տնօրենը: Բոլորս աղմուկով ոտքի ելանք: Նա ձեռքով նստելու նշան արեց. տրամադիր չէ պաշտոն-պաշտոն խաղի:

-Ղուկասյան, աշակերտներին տուն ուղարկիր, բուքը սաստկանում է, միայն թե անաղմուկ. չորրորդից բարձր դեռ դասի են: Երեխաներ, ճամփին զգույշ կլինեք:

Մեր հրճվանքին չափ չկա: Ծաղկաթերթիկները, ոչինչ, տանը կներկեմ:


    

*

Ձյան վերմակն ամենուր քշտվել է, փոթ ընկել, երկու ժամ առաջ տեսածս նախաստեղծ գեղեցկությունից ոչ մի հետք: Փաթիլները դեմից են խփում՝ դժվարացնելով տուն գնալը: Քայլում ենք գլուխկախ, կողքանց, քամու ուժգին պոռթկումների ժամանակ՝ թիկունքով դեպի նա: Եղիշը գլխարկ չունի, ես՝ ձեռնոց: Հովիկին ի՞նչ կա. մոր՝ Ազնոյի հետ առաջ-առաջ գնում է, անգամ պայուսակը չի բռնել: Շուտով նրանք կտրում են խճուղին՝ ծռվելով իրենց փողոց, իսկ ես ու Եղիշը նոր-նոր ֆուտբոլի դաշտն ենք կիսել, հասել դարպասաձողերին: Տեղ-տեղ գետինը սրբած է, բայց քամին դժգոհ՝ նորից ու նորից է ավլում՝ ձնափոշին տալով գլխներովս: Եզնիկենց պատի քարերը չեն երևում, ձյունը թեքությամբ լցվել, դարձել է հարթ թումբ: Ոտնահետքերս չկան: Չեմ հասցնում ագռավաբնին նայել, որովհետև հանկարծահաս քամին պոկում է գլխարկս: Ետքիցս եկող Եղիշը, լավ է, ոտքը ճարպկորեն դնում է վրան:

Դժվարը, երկուսս էլ գիտենք, խճուղուն հասնելն է: Սարերով գոտևորված մեր գյուղում մրրիկ հազվադեպ է լինում: Մարդասպան ձորով, Բաբու նվագով գալիս է, վայրապար պոկվում ներքևի տների վրա, սուրում դաշտերով: Շենի մնացյալ մասին՝ մեր թաղին, օրինակ, քամի համարյա չի առնում. Նախավկա սարը պահում է, եթե, իհարկե, պտտահողմ չէ, Սատանի ձիավոր:

Ձյուների մեջ խրվելով, ընկնել-ելնելով գնում ենք: Խոսել չի լինում. բերանիցս բառը չելած՝ քամին թռցնում է: Ձեռքերս ավելի ու ավելի հաճախ եմ գրպաններիցս հանում, որովհետև հավասարակշռություն պահելը, երբ ազդրերիդ հասնող ձյան միջով ես ընթանում, դժվար է: Գրքերս էլ մի գլուխ թևատակիցս սահում են: Մայրուղու վրա ոչ մի անվահետք, միայն քամին է վայում մերկասառույցին: Հողմից քշվելով մեկը մոտենում է: Վերջին պահին ենք ճանաչում Եղեիշի մեծ եղբորը՝ Սեդրակին: Հագին շինել կա: Հանում, փաթաթում է եղբորը, առնում շալակը: Նախանձն ինձ ուտում է, բայց, դե, բարեկամ ենք, հո բքին ինձ չի՞ թողնի մենակ:

-Ետևիցս արի՝ իմ բացած տեղերով, - ասում է, առաջ ընկնում:

Գործս հեշտացնելու համար նա սապոգներով ճեղքում է ձյունը, դեսուդեն տալիս, թեև կարող է սովորական քայլքով ընթանալ: Դիտմամբ էլ դանդաղ է գնում՝ ստեպ-ստեպ ետ նայելով:

-Հը՛, գալի՞ս ես:

Գնում եմ, բայց վայ գնալուն: Վրաս հալ չի մնացել, գլխի չեմ որտեղ ենք: Մեր կողմերում բուքը պիտի որ կտրվեր, բայց Սատանայի քամին փչում ու փչում է: Թե բարձր դասարանցիներին ինչու՞ պահեցին, հիմա Մերուժը, Ծովոն, Խորենը հետս կլինեին:

Իրենց դարպասի մոտ Սեդրակը կանգնեց.

-Կկարողանա՞ս: Արի գնանք մեր տուն, կտաքանաս, նոր…

Ես գլխով արեցի, այսինքն՝ մենակ էլ կարող եմ: Նա չհավատաց, որովհետև կանգնել սպասում էր, ու երբ Արարատենց պատն անցնելիս գլորվեցի, և տետրերը, գրքերը դեսուդեն թռան, ետ գալով՝ կռացած դիրքում հավաքեց ցրիվ եկածը, ուսի կողմով մեկնեց Եղիշին.

-Պահի:

-Կգնամ, -թույլ առարկեցի:

-Չէ՛, փորձանքի կգաս, -ասաց, շալակից իջեցրեց եղբորը: -Գրքերն ինձ տուր: Տունը չփախավ:

Դուռը բացողը Եղիշի մայրն էր՝ բարձրահասակ, խստադեմ, փոքր ինչ վրա եկած ուսերով:

-Էս, հո, Արուսի մանկտոցից է՝ Արայիկը:

-Քոռանամ ես…

Քուրսու շուրջ նստոտած կանայք շատ են, և առաջին պահ դժվարանում եմ որոշել որն է Սաթենիկ տատը: Փառանձեմը որդուն թողել, կոծոծ ավելով կոշիկներիս, տաբատիս տոտերին հատիկ-հատիկ կպած ձյունն է մաքրում: Կանայք բան են ասում, որը սակայն ոտքերի թփթփոցում չի լսվում: Ջոջոն ձեռքի ճաղերը կողմ դնելով՝ ելնում է: Տարուց ավել կլինի նրան չեմ տեսել. Ինչ հայրոն ամուսնացել է, արդեն ասել եմ, գնալ-գալ չունենք, մեր տուն ոտք չի դնում: Տատս գիրկն է առնում ինձ: Ջերմությունից, թե՞ ծանոթ, հարազատ հոտից թուլություն է իջնում վրաս:

-Վայ, ձագս, ի՜նչ օրն ես ընկել, -նա գոգնոցի ծայրով սրբում է խոնավ դեմքս, ձեռքերիս կիսահալ ձյունը:

-Քոռանամ, սառել են: Փառանձի, մի աման ջուր բեր: Ձեռուոտը թափվել է:

Մատներս իսկապես անզգայացել, բացուխուփ չեն լինում:

-Սաթո, բեր քուրսու մոտ տաքանա:

-Խելք բաժնելիս քեզ վայ թե բաժին չի հասել, Շողիկ: Մինչև պաղ ջուր չկոխես, ետ չի գա: Գիտե՞ս ինչ մրմուռ է, աչքերս խավարեին, չտեսնեի, -նա ոսկրոտ մատներով շփում է ձեռքերս, մոտեցնելով բերանին՝ փչում:

Պատի երկայնքով ջրով լի դույլեր են, երկու պղնձե կաթսա: Սեդրակը մեկը մոտ է բերում:

-Կիսատիր՝ նոր:

Փառանձեմը որդուց առնելով դույլը՝ ջրի մի մասն զգուշորեն շուռ է տալիս պղինձը:

-Երկուսդ էլ կոխեք մեջը:

Եղիշը փորձում է չենթարկվել.

-Իմը չի սառել:

-Մտցրու, մտցրու:

Քիչ անց ձեռքերս սկսում են մրմռալ, ասես ասեղներով ծակելիս լինեն: Անհանգիստ շարժվում եմ:

-Ցավե՞ց, լավ է, լավ, տրորի՛ր:

Ցավել… Վառվում են, մզզում, եփ գալիս: Դիմանալ հնարավոր չէ:

-Ջոջո…

-Ջոջոն մեռնի քեզ, մի լա: Հրես կանցնի: Բաբելական կրակ թափվի գլխիդ, Հրանուշ, մի ձեռնոցն ի՞նչ է, չես գործում:

Հրանուշը մերացուս է՝ Սաթենիկ տատի երդվյալ թշնամին, իր համոզմամբ՝ մորս մահվան, մեր որբության պատճառը: Եղիշի էլ ականջներն են կաս-կարմիր կտրել, ցավում, բայց ոչ իմի նման, քանզի միայն ֆսֆսում է, ժամանակ առ ժամանակ տրորում: Թե՞ ես եմ լացկան:

-Հերիք է, հանի՛ր:

Մարեն սրբում է անբնական կարմիր ձեռքերս՝ շարունակելով շփել: Ցավն աստիճանաբար մեղմվում է, արդեն ամաչում եմ արցունքներիս համար:

-Հիմա ձվածեղ կանեմ՝ յոթ հավկթանի, -Փառանձեմը գնում է կարասից ցորենին պահ տված ձվեր հանելու՝ Եղիշից փոքրին կարգադրելով իջեցնել ծխացող նավթավառի պատրույգը:

Վրեժն անկյունից դուրս չի գալիս: Տատս վերցնելով կրակին դրած թեյամանը՝ կարգի է բերում բոցը:

-Տղա, քեզ հետ չե՞մ, ի՞նչ ես մտել քունջը:

Վրեժը շուռ է գալիս. թշերն ուռած են:

-Սրտաչմեռ, համբերություն չունե՞ս: Ասի՝ կսարքեմ: Առավոտից կյանքս կերավ փոխինդով:

Բոլորը ծիծաղում են, Վրեժը՝ փռթկում: Բերանից չթրջված փոխինձը շնչի հետ ժայթքելով՝ կախվում է օդում: Սակայն նա անսպասելի սկսում է կուչուձիգ լինել, հետո վազում է ջրին: Աչքերը գավաթի համար դեսուսեն են ցատկում, դեմքը ջղաձգվել է, բիբերում արտասուք հայտնվել:

-Վրայի՛ց, վրայի՛ց, -մոտ է գնում Սեդրակը:

Եղբայրը ծնկելով խոնավ գետնին՝ հենց կաթսայից խմում է:

-Բկլատ տերդ չթաղեմ, -երբ վտանգն անցել էր, արցունքները սրբող որդու ուղղությամբ չանչում է մայրը:

Ձվածեղը թավայում փմփշել, անուշ բուրում է: Փառանձեմը ծաղկած բաթաթը՝ միակ պայծառ գույնը հացատան գորշության մեջ, կրակից վերցնելով դնում է քուրսուն, լավաշ, բոքոն, պանիր հանում:

-Շան ծիծ կերած, արի հետները բրդուճ արա: Սրանից կամ թագավոր դուրս կգա, կամ՝ գլխակեր, -արդեն մեղմ նկատում է մայրը:

Քուրսի հատուկենտ տներում է մնացել: Տափակ, կարճոտն սեղան է, դնում են թոնրին վրա, վրան շոր փռում, ջերմությունն ամբողջ մնում է տակը: Ցուրտ, խոնավ օրերին հաճելի, օգտակար է նրա շուրջ, ոտքերը թոնիրը կախած նստոտելը: Կոշիկներս հանում եմ, լրագրի տամկած պատառները խորքերը կոխելուց հետո, որպեսզի չերևան, առաջանում: Կանայք զրուցում են, մանրից հաց, պանիր ուտում, մինչև թեյը եռա, իսկ մենք վայելում ենք ձվածեղը, Եղիշն ու Վրեժը՝ տնավարի, ես՝ քաշվելով:

-Յուղը մի թողեք մնա, բրդուճը թաթախեք մեջը, -մնում-մնում, հուշում են. նրանց ախորժակն էլ է բացվել, դեմ չեն մի-մի պատառի:

Սաթենիկ տատը մեջքս գոտկել, խանդաղատանքով իմ ճաշակելուն է հետևում:

-Զորանաս, Փառանձեմ, եսիմ անաստվածը հաց տա՞ր երեխուն:

Լավաշն այնտեղ՝ սնդուկում է, ինչքան ուզում ես, վերցրու, իսկ, այ, ձվածեղ չի տա: Ինչ մերս չկա, ամեն բան թարսվել է: Կովերից մեկը փողոցում ռետին էր կերել՝ մորթեցինք, մյուսը հորթատելուց երկու օր անց սատկեց, ծիրանի մեծ ծառը չորացավ, հրեն, հայրոն հիվանդանոց է ընկել… Հիմա ձվածեղ հյուր եկած ժամանակ ենք տեսնում: Թե ափսեում բան մնաց, հորս ու հյուրի գնալուց հետո շուտ վրա հասնողի բաժինն է, թե որ չէ… Ուտելիքը փակի տակ պահելն էլ մերացուն հորինեց՝ շաքարը, յուղը, մուրաբան, անգամ մեղրը, որ տանը միշտ ոտքի հետ է գնացել: Դնում է մեծ սենյակը, դուռը կողպում: Իսկ Արուսի ժամանակ՝ լենուբոլ, ուտում էինք ինչքան քեֆներս տար, երբ կամենայինք: Առավոտ շուտ, ձմեռները՝ մանավանդ, Թորոսը, Խորենը ձայն էին տալիս՝ ել, ել… Թաթերին, որպեսզի Համզեն չիմանա, մերս ոտնաձայն չառնի, գնում էինք հացատուն: Լամպ-բան չէինք վառում: Մթի մեջ կախվում էինք թոնիրն ու հեքիաթ պատմում կամ թե՝ «Սամվելից», «Պապ թագավորից», «Ջոջանց տնից» ու Անդրանիկից… Սովելիս էլ, հո, հանում էինք սրսուռ յուղը, հատիկ-հատիկ սառած մեղրը, լավաշով բրդուճում: Հեչ որ չէ՝ պանիր-հացը կար ու կար: Մահճակալից, ածխի վառարանից ու կարմիր ներկած հատակից առավել հետաքրքիրը հացտան մրոտ օճորքն էր, կավածեփ պատերն էին ու ծխամած կաթիլքը, սևին տվող երդիկն ու թոնրակից հասնող ճռիկի ձայնը, ծուղրուղուն՝ մի պատ այն կողմ:

-Արայիկ, շոգեցի՞ր: Ձագս քրտնել է:

Իմ տարիքում սրբվելու լավագույն միջոցը թևքն է, եթե թաշկինակ չունես: Բայց տատս առաջ ընկնելով՝ ինքն է մաքրում:

-Քա, էրեխեն տաքության մեջ վառվում է, -նա ձեռքը տանում է թիկունքովս ներս: Վույ, վույ, իստակ ջուր է: Արարոս…

Շոգից, մարմինների մերձությունից նեղվելով՝ մի կողմ եմ տանում քուրսու ծածկոցը, փորձում ելնել:

-Կպաղես, ու՞ր, մնա, մնա՛:

-Խաշվեցի, այ տատ:

-Հեռու չգնա՛ս: Էդ ու՞ր ես կոճկվում:

-Մերոնք ման կգան:

Սեդրակն ինձ գրեթե ուժով նստեցնում է Եղիշի կողքին:

-Իրար հետ կգնանք, մի վախենա:

-Համզեին դուրս գրի՞ն, -հարցնողը Շողիկն է:

-Էգուց-էլօր: Առավոտուն եմ մոտը եղել: Երդվել էի հետը լեզու չթրջել, բայց Հայկս զոռեց, գնացի: Առաջվա Համազասպից բան չի մնացել: Ի՜նչ տղամարդ էր… Ութսունն անց կնիկ եմ, ոտքը շեմից ներս դներ, պիտի ելնեի. կասեիր հայոց թագավորը տուն մտավ: Հիմա է, որ… Ուզում էի մի լավ կպնեմ, սրտումս եղածը պարպեմ, չստացվեց: «Ես էլ եմ փոշմանել, բայց արդեն ուշ է, -ասաց: -Արանքը երեխա կա»: Տնաշեն, աշխարհը վրադ կտրվե՞լ էր, էլ մարդ չկա՞ր, գնացիր դրան բերիր: Շենիկցին, հրեն, մինչև հիմա մղկտում է:

-Չբեր էլ է. կկապվեր մանկտոց, ծովի պես բաժինք…

-Ասա է, Նխշուն, ասա՛: Բա սրա պե՞ս կպահեր: Էն որ դուք եք պատմում, ականջիս է հասնում… Արարո՛ս, մի ամաչի, հազա, պինդ հազա: Կերևա, գեշ մրսել է: Ձեռիս կիսատը պրծնեմ, քեզ ձեռնոց եմ գործելու՝ տաք… Տուր, գառս, տուր մատներիդ չափը նայեմ:

Զգացողությունն այնպիսին է, թե ինձ մերկացրել, չորս կողմից տնտղում են: Վիրավորված եմ հորս, անգամ մերացուի փոխարեն: Ի՞նչ կարիք կա: Հայրոյին նոր դու էիր, ա՛յ տատ, թագավորի հետ համեմատում, բա արքայի գործերը թոնրաշրթին կքննե՞ն: Բամբասանքը ձեզ ու՞ր կտանի: Եղունգներս Ծովոն, լավ է, երկու օր առաջ կտրեց. գոնե դա խոսելու նյութ չի դառնա, դրա համար չեմ ամաչի:

-Արարոս, ո՞վ է էսքան անխիղճ ճմթել, չլինի՞…-նոր նյութ գտնելով՝ մերացուի հասցեին այս անգամ կանացի թունդ հայհոյանք է շաղում ջոջոն:

Եղիշն ու ես իրար ենք նայում: Նա գիտի. Այծեմնիկի արարծն է: Դասարանի ամենալավ սովորողն է՝ խոշորաչվի, իմ հաշվով՝ նաև աղջիկներից ամենասիրունը: Առանց համզգեստի դպրոց չի գալիս, վզկապն էլ թանկանոց է՝ մեծերից, էն, որ գույնը քիչ բաց է ու կտորը պլստան: Իբրև գերազանցիկ, Եղիշի կողքն են նստեցնում, իմ ու Սիրվարդի ետևը: Սիրահարված լինելս լավ չգիտեմ, բայց մեկ-մեկ նախանձն ուտում է, երբ ընթերցանության ժամերին տեսնում եմ ընկերոջս ու Այծոյին գլուխ գլխի դասին հետևելիս: Ասես դիտմամբ, ուսուցիչները միշտ նրա գիրքն են ուզում տնայինի, նոր դասի տեղն ասելու, կարդացողին հետևելու համար: Տունը կամրջի մոտ է՝ Տերտերի ձորի պռնկին: Ծառերը լանջն ի վար իջնում, հասնում են ջրին, կախվում ցանկորմից: Կիրակի օրը խանութ գնալիս քանի՜ անգամ է տեսել ցածում լվացվելիս: Տնային շորերի մեջ թե ինքն է ուրիշ, թե ձորը: Ասես ճերմակ շուշան լինի՝ բացված ուռիների թանձր շուքի տակ, քարերի արանքում: Ուրիշ է… առվի խշշոցը՝ ձորից ելնող, արևի խաղը՝ տերևների մեջ, ջրերի խորքերում: Զմայլված նայում եմ՝ չհամարձակվելով ձայն տալ… Այդ օրն էլ սիրտ չարեցի նույնիսկ ձեռքը բռնել: Եղիշն ասել էր՝ չես կարողանա: Չարացած՝ թվաբի ժամին քանոն ուզեցի: Միամիտ-միամիտ հանեց, ես էլ բռնեցի դաստակից ու նայեցի աչքերի մեջ: Ամեն բան մտածված էի անում՝ խիզախորեն, սակայն վերջին պահին չհասկացա, ինչ կատարվեց. շփոթմունքից չէի թողնում: Նա քաշում էր, ես… Տեսավ, խելքս գլուխս չի գալիս, ազատ ձեռքով թեթևակի զարկեց մատներիս, բայց երբ աղմուկի վրա Սիրվարդն էլ շրջվեց, արդեն իսկապես հուշտ եղած՝ գյուղացի աղջկա պնդությամբ կսմթեց:

Ջերմի մեջ, մշուշոտ ուղեղով առանց այն էլ խառնակ սիրո հարցերն էի քննում, իսկ տատս մեզ հետ նույն ծածկի տակ ապրած օրերն է միտը բերել:

-Շոգ էլ օր էր: Չալոն լեզուն հանել, մոռի տակ ննջում էր, հավերը քուջուջ էին անում, հողը վրան տալիս, իսկ էդ անխիղճը տեղից չի շարժվում: Կճուճը տասն օրվա թան կար՝ թթվել էր, հոտն ընկել տունը: Ասի՝ բերեմ լցնեմ դեմը, մեղք է, բալքի իրար գա: Կլիներ քանի՜ ժամ տանը չէի եղել: Համզեն ու Հայկս Արուսին բժշկի էին տարել՝ Երևան: Խնամելու համար հարսը՝ Արաքսին էլ էր հետները գնացել: Էս մեկից պրծնում, վազում էի մյուս տունը: Փառանձեմիս ասեմ, հավերին կարտոլի մարգից քշեցի, տուն մտա: Մեկ էլ ականջիս նվվոց հասավ՝ բարակ, ոնց որ համ լսես, համ՝ չէ: Մեղա քեզ, Աստված, -ասում եմ, -էս ի՞նչ բան է: Թե երեխու լաց է, որտեղի՞ց: Տղերքը, իմ գիտեցածով, գնացած պիտի լինեն Սլլան քար, Չռիկ, Դևնոց… Ես դրանց անունները, տեղերը գիտե՞մ: Ծովոն, հո, դաշտում է: Թանը շրջեցի փոքր պղինձը, ամանն եմ ողողում, բայց ականջս ձենի է: Քիչ հետո թնկթնկոցն էլի եկավ, էս անգամ՝ հացատնից: Մտա, ի՞նչ տեսնեմ՝ Արարոս գլուխը դրել մեղրի կարասին, բերանն է բացուխուփ անում: Խեղճ երեխա: Դու մի ասի՝ մեծերը հետները չեն տանում, սա էլ լալով ետ է դառնում, ֆռֆռում, ֆռֆռում, հետո պիտի մի բան անի՞: Որոշում է մեղր ուտել: Ծոփը Համզեն արկղի մեջ էր հարմարեցրել, որպեսզի շուռ չգա, չկոտրվի: Ձագս մտնում է, սիրտն ուզածի չափ ուտում, ետքը շրջվում, որ գնա: Անտեր մնացած մեխն ընկնում է շորից: Երեք տարեկան տղա, ի՞նչ անի: Քաշքշում է, քաշքշում… Գոնե ճղվեր: Էսօրվա պես հիշում եմ հագինը՝ բամբազից պտավոր եկարթև բլուզ էր՝ Արուսիս կարածը: Քա, լավ էր հասա, թե չէ մեղքի տակ կմտնեի: Ծարավել, աչքիս առաջ մարում էր: Չհամբերեց էլ, որ գռից ջուր բերեմ, հենց էդ պճպճան թանից… Քոռանա տատդ, Արարո…

Այդ պահին դրսի դուռը բացվեց, և մեկը ներս մտավ:

-Փառանձեմ հարսիկ, Փառանձե՛մ…

Եղիշն ընդառաջ գնաց, բայց ես արդեն գիտեի եկողի ով լինելը. Ծովո քույրս էր:

Չերկարաբանեմ: Տուն գնացի Սեդրակի ուսերին: Գիշերն այն աստիճան վատացա, որ չսպասելով լույսի բացվելուն՝ մերոնք հիվանդանոց տարան, իսկ հորս նույն առավոտ դուրս գրեցին: Նրա մահճակալն ինձ հասավ: Հիշում եմ, շաքարը, աման-չամանը, Սաթենիկ տատի տարած խնձորը հետները չվերցրին:

Դուրս գրվեցի երեք ամիս անց:


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
6221 | 1 | 0
Facebook